Մարտական հանձնարարություն կատարելիս զոհված զինծառայողների աճյունները հողին հանձնվեցին զինվորական կարգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի աճյունները:

«Արմենպրես»-­ի տեղեկացմամբ՝ նրանց հուղարկավորությունը կատարվեց զինվորական կարգով եւ վերածվեց համաժողովրդական ոգեկոչման ու խոնարհումի արարողության: Վերին Գետաշեն գյուղում Իգոր Հակոբյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, զինվորականներ, Վերին Գետաշենի եւ հարակից համայնքների հազարավոր բնակիչներ:

Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր­Սիմոն քահանան: Իգոր Հակոբյանի աճյունը հողին հանձնվեց զինվորական նվագախմբով, պատվո համազարկերով: Գեղամասար գյուղում Կորյուն Հարությունյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ 2-­րդ բանակային կորպուսի զինծառայողները, Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը, Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեգյանը, Գեղամասարի եւ հարակից համայնքների բնակիչներ, զոհված զինծառայողի դպրոցական ընկերները:

Զինվորականները եւ համագյուղացիները Կորյունի աճյունը հայրական տնից մինչեւ շիրմատուն տարան ձեռքերի վրա՝ քայլելով ավելի քան 2 կիլոմետր: Գյուղապետարանի շենքի դիմաց կազմակերպված սգո միտինգում՝ Հայոց եռագույնի ներքո, խոսք հնչեցրեց ՀՀ ՊՆ Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը:

«Հայրենակիցներ, հերթական ցավալի զոհն ենք ունեցել, որը ծանր կորուստ է ինչպես Հարությունյանների ընտանիքի, այնպես էլ Գեղամասարի ու մեր ողջ ազգի համար: Լիազորված եմ հայտարարելու, որ Կորյունը զոհվել է մարտական հանձնարարություն կատարելիս: Բացի այդ, նա եղել է առաջնագծում, մարտնչել հայրենի հողի պաշտպանության դիրքերում, իր հերոս ընկերների կողքին: Համարեք նրան հերոսացած մարտիկ: Ցավում ենք ու խոնարհվում նրա շիրիմի առաջ»,- ­նշեց Գարիկ Առաքելյանը:

«Հարգելի հայրենակիցներ, մենք այս սգի մեջ անգամ պիտի պինդ կանգնենք, որ սահմանին կանգնած հայ զինվորն իրեն ամուր զգա, պիտի լինենք միաբան, այլապես մեզ այլ դաշնակից ու օգնող չկա: Այս բազմամարդ թափորը հուշում է, որ մեր սիրելի զավակը սրբորեն է կատարել պարտքը հայրենիքի հանդեպ»,- ­իր խոսքն ասաց Կորյունի ազգական Վրեժ Հարությունյանը: Կորյուն Հարությունյանի աճյունը եւս հողին հանձնվեց զինվորական նվագախմբով, պատվո համազարկերի ներքո: Հոգեհանգստյան եւ թաղման կարգ կատարեց Գեղարքունյքց թեմի Հոգեւոր հովիվ Տեր­-Պսակ քահանան:




Լրահոս