ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նկարիչ ՆԱՐԵԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ զրույցում (սկիզբը՝ նախորդ համարում) իմացանք նաեւ, որ նրա երկու որդիներն ու կինը նկարում են, այնպես որ արվեստն այս ընտանիքում հիմնավոր արմատներ է ձգել: 
-Ասում են` արվեստագետն ունակ է ամեն բանի մեջ գեղեցիկը նկատել, իսկապե՞ս այդպես է:
-Կողքից ասում են՝ արվեստագետը մասնագիտություն է, բայց արվեստագետների համար արվեստն ապրելակերպ է: Կապ չունի՝ ինչով ես զբաղվում, ամեն ինչին որպես արվեստ ես նայում: Դու անընդհատ կոմպոզիցիոն գաղափարներ ես տեսնում, ինչպես ռեժիսորը, որ անընդհատ կադր է տեսնում: Նույնիսկ բանկային գործընթացն ես այլ կերպ ընկալում:   
-Ի՞նչ կասեք մերօրյա Հայաստանի արվեստի կյանքի մասին: 
-Հոռետես լինել չեմ ուզում, փորձում եմ լավատես մնալ, բայց քննադատություն պետք է անել, որովհետեւ եթե չես քննադատում, լճացում է սկսվում, ու դաշտն էլ սկսում է դեգրադացվել: Երբ շատ վատ էր կյանքը, ուղղակի գոյատեւելու խնդիր էր դրված մարդկանց մոտ, ես էլ, ընկերներս էլ ու արվեստի շատ մարդիկ, ի հակադրություն այդ քաոսի, փորձում էինք արվեստի ներդաշնակություն գտնել ու ընդլայնել այդ դաշտը: Մարդկանց ներգրավվել դաշտի մեջ, որ մարդիկ ունենան հասկացողություն, միջավայր տեսնեն, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ նա վայրի գազան չէ եւ ունի բարձր ձգտումներ: Բայց այսօր, համեմատած այդ տարիների, երբ անհամեմատ լավ վիճակ է, անկում կա: Այսինքն՝ արվեստագետները բավական հուսալքված վիճակում են: Ես հասկանում եմ, որ կան սոցիալական խնդիրներ, հոգսեր, նրանք ստեղծագործում են ամեն դեպքում, բայց էնտուզիազմը շատերի մոտ արդեն նվազել է կամ իսպառ վերացել: Դրա համար ես առիթի դեպքում, երբ շփվում եմ պետական անձանց հետ, ասում եմ, որ պետական աջակցությունն արվեստում պարտադիր է: Ցավոք սրտի, արվեստը մեր երկրում դարձել է այն վերջին բանը, ինչին գումար են տրամադրում: Այս աստիճան հեգնական բան Հայաստանում չի կարելի անել, երկիր, որ հարուստ մշակույթ ու պատմություն ունի, ունի նաեւ ռեալ մարդիկ: Հույս ունեմ, որ այսպես չի մնա, որովհետեւ եթե 50 արվեստագետից գոնե երեքը հավատը չեն կորցրել, մնացածին կօգնեն: Մտե՛ք արվեստանոցներ ու գանձեր կգտնեք, մարդիկ ինչեր են ստեղծել: 
-Պատվերներ ունենո՞ւմ եք:
-Ունենում եմ, բայց Հայաստանում պատվերներ չեն լինում: Ավելի շատ պատվերներ արել եմ՝ Ռուսաստանի, Եվրոպայի հետ կապված: Պարզապես ձգտում եմ, որ այդ պատվերները լինեն իմ արվեստի մտածողության մեջ, ոչ թե մեկը բերի մի հեղինակի գործ ու ասի. ,Այ սա մեծացրո՛ւե: Պետք է մարդկանց բացատրել, սովորեցնել, որ դա կարող է անել ինստիտուտ ավարտած ցանկացած նկարիչ: Իսկ եթե իրենք ուզում են արվեստի գործ ձեռք բերել, թող  ընտրեն լավ հեղինակի ու ձեռք բերեն նրա աշխատանքներից: 
-Դուք կարծես մի քիչ շեղվել եք դասական արվեստից ու հիմա ժամանակակից ոճով եք ստեղծագործում:
-Իրականում շեղում չկա, արվեստի պատմությունը սահուն կերպով զարգացում է ապրում: Հայաստանում սկզբում ավանգարդիստական շարժումը համարվեց շեղում, խզում բոլոր ավանդույթների հետ, անգամ հակասական վեաբերմունք կար, բայց ամբողջ աշխարհում այն   զարգացում է ապրում: Արվեստը բարդ բան է, այն պետք է ճանաչել, կարդալ, զարգացնել:   Այն, ինչ իմ սերունդը սկզբում ներմուծեց դրսից, կարող էր թարգմանչական թվալ, բայց ժամանակի ընթացքում տեղայնացվեց, ու վերջին 10-15 տարիների ընթացքում զուտ տեղային մտածողության արվեստ ենք անում: 
-Գիտեմ, որ Ձեր կինը նույնպես նկարչուհի է: Մտածվա՞ծ եք Ձեր ոլորտից ընտրել:
-Նման բաներ մտածելը սխալ է: Ինչպես մասնագիտության ընտրությունը, այնպես էլ այդ հարցն ինքնըստինքյան է ստացվել: Կնոջս հայրն էլ՝ Վաղարշակ Արամյանը, շատ լավ նկարիչ էր: Նարինեն մի քիչ ավելի փոքր է, բայց ավանգարդիստական լավագույն սերունդն է:
-Փորձո՞ւմ եք մեկդ մյուսի աշխատանքներին միջամտել:
-Փոխադարձ հարգանքի պահը կա, որովհետեւ մեր մոտեցումները նկարչության մեջ շատ տարբեր են: Էստեղ օգնում է այդ կոնցեպտուալ հիմքը: Իր արվեստում, ենթադրենք, սյուրռեալիզմի տեսությունը բավական մեծ դեր է խաղում, ինչն իմ արվեստի համար այդքան էլ հարազատ չէ: Եվ շատ բաներ էլ կան իմ արվեստում, որ Նարինեին հարազատ չեն:
-Երեխաներ ունե՞ք, նրանք ինչո՞վ են զբաղվում:
-Երկու տղաներ ունենք, մեծը 17 տարեկան է, փոքրը՝ 15: Մեծ տղաս այս տարի ընդունվեց Գեղարվեստի ակադեմիա: Փոքր որդիս էլ Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցում է սովորում: Սերունդը փոխվել է, արդեն նոր մարդկություն է ի հայտ գալիս, նրանց ընկալումներն արդեն ուրիշ են, շատ չեն կապված նյութի, կտավ կամ, օրինակ, գիրք  ձեռքը բռնած կարդալու հետ, հիմա մոնիտորից են կարդում: Երբեմն, երբ հիշում եմ, որ ես էլ իմ երիտասարդության տարիքում նեոֆուտուրիստական ծայրահեղ վիճակում էի, չեմ կարողանում մեղադրել զավակներիս, գեղեցիկ չի լինի:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 603 համար




Լրահոս