Մենք ուշացել ենք, պետք էր դեռ անցյալ տարի ճանաչել Ցեղասպանությունը. Բունդեսթագի փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը, գրում է Արցախպրես-ը:

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը թեմայի շուրջ զրուցել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի հետ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ», Ռոթը ասել է.

«Այս մոտեցումը անհավատալի է. ոմն դեսպան բացահայտորեն կարողանում է զգուշացում անել Գերմանիայի խորհրդարանին: Մենք դա չենք ընդունում: Ոչ մի հյուպատոսարան, ոչ մի պետություն չի կարող սպառնալ մեր խորհրդարանին: Դա մեր իրավունքն է՝ որոշել, թե ինչը քննարկենք, ինչի վերաբերյալ որոշումներ կայացնենք:

Հուսով եմ, որ «Սոցիալ-դեմոկրատական» և «Քրիստոնյա-դեմոկրատական» կուսակցությունները հավատարիմ կմանան իրենց խոսքին և խնդիրը ոչ միայն կքննարկվի, այլև նրանք կքվեարկեն բանաձևի օգտին և տեղի ունեցածը կկոչեն իր անունով: Իսկ այդ անունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցեղասպանությունը: Մենք նույնիսկ ուշացել ենք, անհրաժեշտ էր դեռ անցյալ տարի ճանաչել»:

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահը նշել է , որ դեռևս 10 տարի առաջ, երբ Հրանտ Դինքը պարբերաբար Գերմանիա էր այցելում և Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ կազմակերպում, ինքն ու Դինքը բազմիցս խոսել են Ցեղասպանության ճանաչման հնարավորությունների մասին: Եվ հիմա՝ 10 տարի անց, երբ Դինքն արդեն սպանված է, նա իրեն պարտավորված է զգում Դինքի հանդեպ՝ այս հարցը քննարկելու ու Ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

Իսկ այն հարցին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ռոթը պատասխանել է.« Այս ցեղասպանության ճանաչումը հնարավորություն կտա քննարկման դնելու դրանում մեր պատասխանատվության խնդիրը: Քանի որ տեղի ունեցածի համար պատասխանատու է նաև Գերմանիան: Գերմանիայի միապետությունը Թուրքիայի դաշնակիցն էր և չնայած տեղեկություն ուներ ընթացիկ իրադարձությունների մասին՝ չմիջամտեց և չկասեցրեց Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է առերեսվենք մեր պատմության հետ»:

Նշենք, որ Կլաուդիա Ռոթը 1990-ականներին Թուրքիայում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտման լուրջ դեպքերը խորհրդարանի օրակարգ բերող եզակի դեմքերից մեկն էր: Նա 2013թ. Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած բախումների ժամանակ ենթարկվել է ոստիկանների բռնությանը, իսկ վերջին տարիների ընթացքում Ռոթը Գերմանիայում Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը քննադատողներից մեկն է:




Լրահոս