Մոսկվան հիմա նպատակ ունի պահպանել իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա. Սերգեյ Մարկեդոնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարո′ ն Մարկեդոնով,  ՀՀ կառավարությունը նախօրեին հաստատեց Արցախը ճանաչելու մասին նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը։ Ըստ Ձեզ՝ այժմ ճի՞շտ է Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը։

– Կառավարության եզրակացության մեջ հստակ նշված է, որ իրավիճակի սրացման դեպքում այդ հարցը կարող է օրակարգային դառնալ: Այստեղ որևէ նոր բան չկա, համեմատած այն մտքի հետ, որ ապրիլի 4-ին ասվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, երբ դեռ էսկալացիան շարունակվում էր: Այն ժամանակ ևս ասվում էր, որ լայնամասշտաբ գործողությունների դեպքում Երևանը կճանաչի Արցախի անկախությունը: Տնտեսության մեջ «Золотая акция» հասկացություն կա, Արցախի ճանաչումն ինչ-որ տեղ այդպիսին է, և, դժվար թե, Հայաստանի կառավարությունն ու Սերժ Սարգսյանն այդ հնարավորությունը հիմա օգտագործեն: Այստեղ հարցն այն չէ` լավ է դա, թե վատ, ես սիրում եմ կրկնել` «քաղաքականությունը հնարավորի արվեստ է», և կարևոր է հասկանալ, թե այդ քայլն ինչ է տալիս:

Հասկանալի է, որ այդ ճանաչմանը չեն միանա այլ երկրներ, Մինսկի խմբի համանախագահները բացասական կարձագանքեն միակողմանի ճանաչմանը, քանի որ թարմացված մադրիդյան սկզբունքների համաձայն՝ Ղարաբաղի կարգավիճակը սահմանվում է հանրաքվեի, այլ ոչ թե միակողմանի ճանաչման միջոցով: Հետևաբար, այս իրավիճակում Հայաստանը ոչ թե ձեռք կբերի լրացուցիչ դիվանագիտական ռեսուրսներ, այլ՝ խնդիրներ: Հայաստան-ԼՂՀ ռազմական համագործակցությունն առանց այդ էլ առկա է և այս դեպքում ևս ճանաչումը որևէ փոփոխության չի հանգեցնի: Այլ հարց է, որ ճանաչման մասին խոսակցություններն առաջին հերթին ներքին սպառման լսարանի համար են, քանի որ հասարակությունն ավելի ռադիկալ է, քան իշխանությունները: Մյուս կողմից, սա յուրահատուկ մեսսիջ է հենց նույն համանախագահներին և Ադրբեջանին այն իմաստով, որ եթե լինեն լայնամասշտաբ գործողություններ, ապա ճանաչում կլինի:

Չպետք է մոռանալ, որ Մոկսվան 2008 թվականին ևս այդպես վարվեց: Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը հենց այնպես չառաջացավ. դեռևս 2008 թվականի մարտին ՌԴ Պետդուման հրապարակեց այն պայմանները, որոնց դեպքում կարող է ճանաչում լինել: Դրանց թվում էր նաև Վրաստանի կողմից Օսիայի վրա հարձակումը, որն էլ եղավ, և օգոստոսին Մոսկվան ճանաչեց: Հիմա շատ հարցերում Երևանը նույն պայմաններն է առաջարկում: Ես կարծում եմ` հիմա հենց այդպիսի իրավիճակ է:

– Այնուամենայնիվ, եթե իրավիճակի սրացում լինի, ճանաչումը ճի՞շտ քայլ կլինի:

– Կախված է նաև հանգամանքներից: Որը կարող ենք համարել խոշոր էսկալացիա, դա նույնպես հարց է: Ապրիլի 1-ին տեղի ունեցած էսկալացիան փոխեց ամեն ինչ և, միաժամանակ, չփոխեց ոչինչ: Ինչ ասել է փոխեց ամեն ինչ. դա առաջին հերթին ստատուս-քվոն փոխելուն ուղղված առաջին խոշոր ռազմական գործողությունն էր, իսկ ինչու ոչինչ, որովհետև ԼՂՀ-ի ողջ ենթակառուցվածքը մնաց հենց ԼՂՀ-ի տիրապետության ներքո: Դիվանագիտության առումով Մինսկի խմբի ֆորմատը կամ սկզբունքները փոփոխության չենթարկվեցին, այսինքն` շոշափելիորեն ոչ մի նոր բան տեղի չունեցավ: Այսպես ասենք, դա ոչ թե սպանություն էր, այլ` սպանության փորձ: Այդ պատճառով, պետք է հաշվի առնել, թե հետագայում ինչպիսի էսկալացիա կլինի:

-Հիմա ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման նախադրյալներ տեսնո՞ւմ եք: Միգուցե հրադադարի մասին նոր համաձայնագրի կարի՞ք կա:

– Ի՞նչ ասել է կարգավորում. հենց դա՛ է կենտրոնական հարցը: Հայկական կողմի տեսանկյունից լուծումը կլիներ այն, որ ԼՂՀ-ն ստանա ավելի բարձր կարգավիճակ, իսկ Ադրբեջանն այլ կերպ է տեսնում կարգավորումը: Նրա համար լուծումը կլինի վերահսկողության վերականգնումն այդ շրջանների կամ նույնիսկ ԼՂՀ-ի վրա: Հիմա, կարելի է ասել, բանակցությունների սեղանին գլխավորապես երկու հարց է դրված, որոնք գաղտնիք չեն թեմային ծանոթ մարդկանց համար: Առաջինը Ղարաբաղի կարգավիճակն է, իսկ այնուհետև` տարածքների վերադարձը: Սակայն ամեն ինչ խառնվում է մանրուքների հարցում, քանի որ երկու կողմերի միջև ոչ մի վստահություն չկա: Հարցի արագ կարգավորման հնարավորություն ես չեմ տեսնում:

– Ռուսաստանն այժմ ի՞նչ քայլեր է ձեռնարկում, և արդյոք Լավրովը որևէ ծրագիր իր հետ Հայաստան բերե՞լ էր:

– Այստեղ պետք է հստակություն մտցնենք: Լավրովի որևէ ծրագիր չկա: Լավրովը ՌԴ-ի արտգործնախարարն է, մի երկրի, ով ունի նախագահ, և հենց նա է որոշում երկրի քաղաքականությունը, այլ ոչ թե Լավրովը: Նա հանդիսանում է այդ քաղաքականության կատարողը: Երկրորդ հարցն այն է, որ Ռուսաստանի կողմից որևէ առանձին ծրագիր չի կարող լինել, այլ պետք է համաձայնեցված լինի Մինսկի խմբի կողմից: Ես պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր Արևմուտքում, եթե դա իսկապես լիներ Պուտինի ինքնուրույն ծրագիրը: Այս ամենը համակարգված է և ծրագիր է ոչ թե Պուտինի կողմից կազմված, այլ` համանախագահների:

Կամ ո՞րն է Ռուսաստանի շահը, որ դիմի նման քայլի. ենթադրենք Ռուսաստանը ճնշեց Հայաստանին, տարածքները հանձնեցին, ի՞նչ է լինելու հետո, Ադրբեջանը դադարեցնո՞ւմ է ամեն ինչ և մտնո՞ւմ ԵՏՄ, ո՞րն է օգուտը: Ռուսաստանը և Պուտինը չեն ծրագրում այնպիսի քայլեր, որոնք կարող են վնաս պատճառել: Վաշինգտոնը կարող  է խաղեր խաղալ, քանի որ հեռու է, իսկ Կովկասը շատ մոտ է մեզ, մենք խաղեր խաղալ չենք կարող: Մոսկվան, իհարկե, կշարունակի ուշադիր հետևել, ստուգել: Մոսկվան հիմա նպատակ ունի պահպանել իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա և թույլ չտալ հետագա էսկալացիան: Այդ մասին ասել էր նաև Մեդվեդևը` տարածաշրջան այցի ժամանակ:

– Իսկ Մինսկի խմբի գործողությունները որո՞նք պետք է լինեն, երբ սահմանին այդպիսի իրավիճակ է:

– Մինսկի խմբի հետ չպետք է շատ հույսեր կապել, քանի որ համանախագահները չեն կարող դառնալ հայեր և ադրբեջանցիներ և նրանց փոխարեն լուծեն կոնֆլիկտը: Մինսկի խմբի խնդիրը հիմա գործընթացը տիրապետության տակ պահելը և հետագա էսկալացիայի թույլ չտալն է:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս