Գենդերային հավասարության դեմ արշավը քողարկված քաղաքական նպատակներ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրային խորհրդի գենդերային եւ ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Հանրային խորհրդի գենդերային եւ ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը:
Հայտարարությունում ասվում է.
“Գենդերային քաղաքականության հարցերի վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած առանձին գործիչների ու կազմակերպությունների ոչ մասնագիտական եւ միտումնավոր մեկնաբանությունների կապակցությամբ
Առաջնորդվելով ժողովրդավարության ու մարդու իրավունքների գաղափարներով ու սկզբունքներով եւ ՀՀ Սահմանադրությամբ,
դիտարկելով երկրի զարգացման գործընթացներում կանանց եւ տղամարդկանց հավասար ներգրավումը որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս, սոցիալական արդարության, երկրի մարդկային կապիտալի լիարժեք գործառության ու հասարակության զարգացման գրավական եւ ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ պայման,
հիմնվելով ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված քաղաքականության վրա, հայտարարում է.
Երկրի զարգացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությանը նպատակաուղղված գործունեությունը ունի ազգային, պատմական, մշակութային հիմքեր: Իրավահավասարությունը, հարգանքը մարդու եւ նրա արժանապատվության նկատմամբ, կանանց եւ տղամարդկանց ներդաշնակ ու հարգալից հարաբերությունները հնուց անտի եղել եւ մնում են մեր ազգային կենսակերպը`  նպաստելով պատմական մեծ փորձություններին դիմակայելուն: Այս մոտեցումների իրավական արմատները հասնում են մինչեւ Շահապիվանի ժողով, Դավիթ Ալավկա որդու, ՄխիթարԳոշի, Սմբատ Սպարապետի եւ այլոց աշխատությունները:
Հայաստանի Հանրապետությունում կանանց եւ տղամարդկանց հավասարությունը երաշխավորող իրավական հիմքը ներառում է`
– Հայաստանի` որպես ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ այլ միջազգային կառույցների անդամի վավերացրած փաստաթղթերը գենդերայինհավասարության վերաբերյալ, մասնավորապես՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին ՄԱԿ¬ի կոնվենցիան (ՀՀ-ն վավերացրել է 1993 թ.), Պեկինի գործողությունների ծրագիրը(1995), “Հազարամյակի զարգացման նպատակները” (2000) եւ դրանց շրջանակներում պետության ստանձնած պարտավորությունները,
– ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը եւ ռազմավարական ծրագիրը (2011-2015թ.թ. ), ազգային օրենսդրությունը, այդ թվում վերջերս ընդունված “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրենքը:
Այս խորապատկերում առնվազն անհասկանալի է մի խումբ հասարակական գործիչների կողմից սկսված քննարկումները կապված ,Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասինե  օրենքի ընդունման հետ, մանավանդ` միտումնավոր շահարկումներն ու փաստերը խեղաթյուրելու փորձերը: Ակնհայտ է, որ “գենդեր” եւ հարակից եզրույթների ոչ մասնագիտական մեկնաբանություններն ու դրանցից բխող մտահոգությունները որեւէ աղերս չունեն կանանց քաղաքական, քաղաքացիական եւ սոցիալական մասնակցությա նբարձրացմանն ուղղված նշված օրենքի եւ առհասարակ գենդերային քաղաքականության հետ:
Այնուամենայնիվ, առաջնորդվելով հրապարակային գործունեություն ծավալելու իր գործելաոճով,  պաշտպանելով ժողովրդավարական արժեքներն ու բազմակարծության սկզբունքը, ՀՀ Հանրային խորհրդի գենդերային եւ ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը կամ վերապահումներ ունեն “Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին” օրենքի առնչությամբ:
Միաժամանակ անընդունելի ենք համարում որոշ ընդդիմախոսների կողմից որդեգրված անձերի եւ կազմակերպությունների վարկաբեկման, նրանց հասցեին անհիմն մեղադրանքների ու վիրավորական որակումների, ատելության ու սպառնալիքների տարածման հակասահմանադրական գործելաոճը, ինչպես նաեւ քողարկված քաղաքական նպատակներով հասարակությանը մոլորեցնելու նպատակաուղղված արշավը”:




Լրահոս