«Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է գրելու, թե ինչպես է Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը քայլ առ քայլ փոշիացնում մեր երկրում երբեւէ գոյություն ունեցած քաղաքական արժեքները:
Սերժ եւ Տիգրան Սարգսյանների հետեւողական ջանքերով հայրենի քաղաքական դաշտում կամաց-կամաց գաղափարախոսությունն ու սկզբունքայնությունը մղվում են հետին պլան, փոխարենը պահանջարկ է ձեւավորվում անհասկանալի նկրտումներով ինչ-որ երիտասարդների նույնքան անհասկանալի գործողությունների: Այս ամենի նպատակը քաղաքական միավորումներից՝ իմա՝ կուսակցություններից հիասթափված հասարակությանը «զբաղեցնելն» է, որպեսզի հանկարծ սոցիալական բունտ չհասունանա: Իսկ ի՞նչ ճանապարհներով է դա արվում:
Հայտնի է, որ հասարակական տրամադրությունների վրա ազդելու ամենագլխավոր զենքը լրատվամիջոցն է: Ու քանի որ Հ1-ը եւ իշխանության քմահաճույքները բավարարող այլ հեռուստաընկերությունները վաղուց արդեն վստահություն չեն ներշնչում հասարակության լայն զանգվածների մոտ, Սերժ Սարգսյանին շրջապատող «այփադասեր» երիտասարդները ձեռնամուխ եղան գրավել ինտերնետային լրատվամիջոցների շուկան: Եվ դա արեցին ամեն գնով՝ ոտնակոխ անելով լրագրողական էթիկայի, բարոյականության նորմերը՝ աներեւակայելի արագ արդյունքի հասնելու հաստատակամ որոշմամբ:
Եվ ի՞նչ ստացվեց. հասարակական ու քաղաքական դաշտում կամաց-կամաց սկսեց ձեւավորվել «մեր եւ ձեր լրագրողներ» հասկացությունը (իհարկե, դրա հիմքերը դրվեցին 2008-ի նախագահական ընտրությունների շրջանում), եւ լրատվական դաշտն այսօր հիշեցնում է շուկայում վաճառվող ամենաանորակ խառը կանաչու մի փունջ, որտեղ, թվում է, անհրաժեշտ բոլոր կանաչիները կան, սակայն իրականում քիչ մասն է պիտանի: Տարբեր օլիգարխների եւ օլիգարխիկների փողերով գրեթե ամեն օր բացվող ու փակվող պատվերով էլեկտրոնային կայքերը ուղղակի խայտառակում են լրագրողի կոչումը: Տարրական անգրագիտությունից սկսած, մինչեւ ամենաստոր բամբասանքների անպատիժ տարածումը, ի վերջո, հասցրել են մի վիճակի, երբ կամաց-կամաց լրագրության նկատմամբ հետաքրքրությունն ու լրջությունը, որ եղել են տարիներ շարունակ, հօդս են ցնդում: Եվ երբ որեւէ պաշտոնյա իրեն թույլ է տալիս վիրավորել, անհարգալից վերաբերմունք դրսեւորել ինչ-որ լրագրողի նկատմամբ, ակամայից կարծիք է ձեւավորվում, թե ճիշտ է անում՝ «հասցնում են»: Ահա այն արդյունքը, ինչի համար հետեւողական աշխատանք ու գումարներ է ներդնում գործող իշխանությունը: Նրանց պրոֆեսիոնալ մամուլ պետք չէ. նրանց անհրաժեշտ է օրվա տեղեկատվական քաղցը հագեցնող, կիսագրագետ մի քանի նախադասություններ շարող էլեկտրոնային կայք, որն ազատ խոսքի իմիտացիա կանի՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով ամենանայիվ պատվերները:
Ուշադրություն դարձրե՞լ եք, թե քանի կայք է իրականում լրջագույն փաստարկներով քննադատում երկրի նախագահին, նրա մերձավոր շրջապատին: Գրեթե ոչ ոք կամ հազվագյուտ քչերը (եթե հանենք այն կայքերը, որոնք իշխանության մի թեւից գումար են ստանում մյուս թեւին «խփելու» համար): Բայց երբ լրատվական դաշտը ողողած կայքերը միահամուռ կերպով ոգեւորում են երկարածամ երիտասարդների կազմակերպած ակցիաները՝ դրանց նկատմամբ հասարակական պահանջարկ ձեւավորելով, ՀՀ շարքային քաղաքացին հեշտությամբ ընկնում է ծուղակը՝ չտարբերելով ու հավատալով:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, ինչպես որ քաղաքական, այնպես էլ լրատվական դաշտը ապականելու հաստատուն քայլեր է անում՝ վերջին շրջանում արդեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի քավորությամբ:
Հուսանք, որ շոու բիզնեսի տարաբնույթ աստղերի մասին սկանդալային մատուցմամբ տխմարությունները, քրեական դաժան պատմությունների նկարագրությունն ու լուսանկարները, պատվիրված քաղաքական վերլուծություններն ու «սարքովի» հարցազրույցների պահանջարկը երկար չի տեւի: Ի վերջո, մարդիկ կհասկանան, որ Հայաստանում կան իշխանության կողմից սիրված եւ ընդունված լրատվամիջոցներ, որոնք, «ազատ խոսքի» շղարշի տակ թաքնված, քաղաքական «գիծ են» առաջ տանում, եւ կան «սեւ ցուցակում» առկա լրատվամիջոցներ, որոնք իրականում նկարագրում են Հայաստանի օրեցօր ծանրացող սոցիալական իրավիճակը կանխատեսումների եւ վերլուծությունների միջոցով: Տարբերելը դժվար չէ. անհրաժեշտ է ընդամենը չխաբվելու ցանկություն:
ՊԱՏՎԻՐՎԱԾ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ