Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) հրապարակել է “Համաշխարհային մրցունակության զեկույց 2013/14”-ը, համաձայն որի` Հայաստանը 148 երկրի շարքում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը: Նշենք, որ անցյալ տարի 144 երկրի շարքում մեր երկիրը 82-րդն էր:
Զեկույցի արդյունքներով՝ այս տարի ևս Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքը: Մրցունակությամբ առաջին տասնյակում են նաև Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Շվեդիան, Հոնկոնգը, Նիդերլանդները, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան:
Մեր հարևան երկրներից Վրաստանը հայտնվել է 72-րդ, Ադրբեջանը՝ 39-րդ, Թուրքիան՝ 44-րդ, Իրանը՝ 82-րդ տեղում: Իր մրցունակությամբ Ռուսաստանը 64-րդ է, Չինաստանը՝ 29-րդը, Հնդկաստանը՝ 60-րդը:
“Համաշխարհային մրցունակության զեկույց”-ում երկրները դասակարգվում են Համաշխարհային մրցունակության ցուցչի միջոցով: Վերջինս, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների հիման վրա, տալիս է երկրների մրցունակության ամփոփ գնահատական: Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ և ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքներ: