ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԵՆՔ Է»
Շաբաթ եւ կիրակի օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի հանդիպումները: Ահա դրանց արդյունքները. «Բանանց»-«Փյունիկ»` 2:2, «Արարատ»-«Գանձասար»` 3:2, «Ուլիս»-«Շիրակ»` 0:3, «Ալաշկերտ»-«Միկա»` 1:2: Այս հաղթանակից հետո «Միկա»-ն վաստակեց 8 միավոր եւ հավասարվեց առաջատար «Փյունիկ»-ին: 7-ական միավոր ունեն «Շիրակ»-ն ու «Արարատ»-ը։
Առաջնության հաջորդ՝ 5-րդ տուրը կկայանա սեպտեմբերի 14-ին, իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 6-ին եւ 10-ին, մեր ազգային հավաքականն աշխարհի 2014թ. առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում նախ կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին, ապա սեփական հարկի տակ կընդունի Դանիայի ընտրանուն:
Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում փայլեց Հայաստանի ազգային հավաքականի եւ դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում դուբլի շնորհիվ «Բորուսիա»-ն արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ին: Այս հաղթանակից հետո «դեղնասեւերը» վաստակեցին 12 միավոր եւ ժամանակավորապես գլխավորեցին Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Հենրիխը կիսվել է տպավորություններով. «Դորտմունդում ինձ շատ լավ եմ զգում։ Ուրախ եմ, որ խփեցի իմ առաջին գոլը «Բորուսիա»-ի կազմում, իսկ այնուհետեւ հաջողվեց հեղինակել նաեւ երկրորդը»: Ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շատ գոհ է մնացել Հենրիխի խաղից. «Մխիթարյանը վտանգավոր զենք է մրցակցի դարպասի մատույցներում։ Նա հրաշալի հարվածների է տիրապետում… Ի դեպ, նրան 50 եվրո եմ տանուլ տվել, քանի որ պարտվել եմ գրազով։ Ես ասում էի, որ եթե 30 փորձից 7 գոլ չխփի, ինձ 50 եվրո է վճարելու։ Այժմ նա 7 գոլ է հեղինակել եւ խաղից հետո խնդրել է վճարել իր շահած գումարը»։
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը հիմնականում բնակվում է Գերմանիայում, «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջի միջոցով այդ դուբլի առթիվ շնորհավորել է Հենրիխին։
Ռուսաստանի առաջնությունում էլ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները, եւ Մոսկվայի «Սպարտակ»-ը, որի կազմում հանդես են գալիս մեր ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը եւ Արազ Օզբիլիսը, 2:1 հաշվով հաղթել է «Տոմ»-ին, իսկ Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ:

ՄԵՍՍԻԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Լիոնել Մեսսիի հեթ-տրիկն Իսպանիայի առաջնության «Վալենսիա»-ի դեմ խաղում 23-րդն էր արգենտինացի հարձակվողի համար («Վալենսիա»-«Բարսելոնա»՝ 2։3): 17 անգամ նա հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լա լիգայում, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում, 2 անգամ՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում ու եւս մեկ անգամ՝ սուպերգավաթի համար խաղում:
«Վալենսիա»-ի դարպասին կատարած երրորդ դիպուկ հարվածը թույլ տվեց Մեսսիին նոր նվաճման հեղինակ դառնալ. «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկրի համար դա 100-րդ գոլն էր Իսպանիայի առաջնության արտագնա մրցավեճերում:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս