ԼՂՀ N զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանը, ում հրամանատարության ժամանակ ինքնասպան էին եղել ժամկետային զինծառայողներ Արման Մուրադյանն ու Րաֆֆի Մարաշյանը, այս դեպքերի մեջ իր մեղքի բաժինն է տեսնում: Սակայն իր՝ հրամանատարի պաշտոնից ազատվելու փաստը նա կապում է ծառայողական աշխատանքի, այլ ոչ թե վախի հետ:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել ԼՂՀ զորամասերից մեկում հուլիսի 30-ին, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, ով ասաց, որ զինվորի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն երկու օրից. «Ես սպասում եմ, տեսնեմ՝ ինչ կլինի, բայց որ Էմիլ Ավետիսյանն ինքն է անձամբ կրակել իմ որդուն, դա հաստատ է: Ինձ զորամասի զիվորներն ասել են, որ այդ Էմիլը մշտապես ծեծել է զինվորներին, եւ անգամ զորամասի հրամանատարությունն այդ ամենի մասին տեղյակ է եղել, սակայն ոչ մի քայլ չի իրականացրել: Դրա համար էլ որդուս դեպքից հետո հրամանատարին հանեցին»: Հիշեցնենք, որ Արման Մուրադյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել գումարտակի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Ավետիսյանին: Նա կալանավորված է երկու ամսով:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչու է իր ղեկավարած զորամասում անպատժելիության մթնոլորտ տիրում:
-Պարոն Գրիգորյան, ինքնասպան եղած ժամկետային զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ իր որդու սպանությունը որպես առիթ օգտագործելով՝ Ձեզ հեռացրել են հրամանատարի պաշտոնից:
-Հայրիկի ասածը լրիվ թյուրիմացություն է, ես այդ մարդուն բացատրեցի, որ իմ հեռացումը կապված էր ծառայողական խնդիրների հետ, իսկ իմ հարաբերությունները իմ վերադասի հետ եղել են գերազանց: Իմ՝ պաշտոնից հեռանալը կապ չունի իր որդու ինքնասպանության դեպքի հետ: Կրկնում եմ՝ ծառայողական հարցեր են, մի տեղից մեկ այլ տեղ ենք գնում, ու դա մեր առօրյան է: Իմ հեռանալը դեռ այս դեպքից առաջ էր պլանավորված:
-Դուք եղել եք հրամանատար, սակայն հայրն ասում է, որ հիմա Ձեր պաշտոնը իջեցրել են:
– Ոչ, նման բան չկա, կրկնում եմ, որ իմ՝ հրամանատարի պաշտոնից հեռանալը կապված է իմ խնդրանքի հետ: Իջեցում չի եղել: Ես մեկ այլ զորամասի հրամանատար եմ:
-Տարօրինակ չէ՞, որ ձեր նախկին զորամասից հրաժարվել եք ու մեկ այլ զորամասի հրամանատար նշանակվել:
-Ծառայողական աշխատանքի բնույթն է այդպիսին:
-Իսկ այդ աշխատանքի բնույթն է նաեւ այն, որ իմանաք, թե Էմիլ Ավետիսյանն ինչպես է զինվորիներին ծեծել է ու ոչ մի քայլ չանե՞ք:
-Հրամանատարությունը նման տվյալներ չի ունեցել: Նախ, այդ Էմիլ Ավետիսյանը վատ բնութագիր ունեցող մարդ չէ, իհարկե, հիմա կատարել է հանցագործություն ու պատասխան է տալիս իր ամբողջ կյանքով: Էմիլ Ավետիսյանի գործը հիմնականում տեխնիկայի հետ է կապված, ինչը բարդ պրոցես է: Ու ինքը ժամանակ չէր ունենա ամեն օր զինվորներին ծեծելով զբաղվել: Չէ, նման բան չկա: Այս ամենը ապատեղեկատվություն է: Սա ոնց որ մութ տեղը սեւ կատու ման գալը լինի:
-Լավ, այդ դեպքում ի՞նչ խնդիր ուներ Էմիլ Ավետիսյանը Արմանի հետ: Տղայի հայրն ասում է, որ Էմիլի հարազատներից մեկի պատճառով է այս ամենը տեղի ունեցել, եւ Էմիլը իր հարազատի համար անձամբ է վրեժխնդիր եղել:
-Դա էպիզոդիկ իրավիճակ է ու չի ունեցել նախապատմություն: Եթե ես իմանայի, որ նա մարդկանց ծեծում է, թույլ չէի տա, կկանչեի, կասեի՝ շնորհակալություն երիտասարդ, գնա, քո ժամանակներն անցել են: Էմիլ Ավետիսյանը չի կրակել, դա ապուշություն է: Թող հայրը պնդի: Հիմա քրեական գործ է հարուցվել ու գործը գնում է: Էմիլ Ավետիսյանն իր լիազորությունների սահմանն անցել է, ու դա հաստատ է, որի համար նա կպատժվի, իսկ Արմանն ինքնասպան է եղել, դա էլ է հաստատ:
-Սա Ձեր հրամանատարության ժամանակ եղած միակ դեպքը չէ: Մի զինվոր էլ էր մահացել նույն զորամասում՝ Երեւանի բնակիչ Րաֆֆի Մարաշյանը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Եթե ժամանակ գտնենք, գաք, այդ մասին կխոսենք: Այս դեպքում խնդիրները շատ են կապված զինվորի հոգեբանական ու անձնական պատրաստվածության հետ: Զուգահեռներ մի՛ անցկացրեք այս դեպքերի միջեւ. դրանք տարբեր նկարագիր ունեն:
-Դուք այս դեպքերի մեջ, որպես արդեն նախկին հրամանատար, Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք:
-Ո՞նց կարող ես դու քո հոգու խորքում քեզ մեղավոր չճանաչես: Վերջը մարդկային կյանք է խորտակվել:
-Իսկ հնարավո՞ր է, որ այս դեպքերից հետո վախեցել եք եւ խնդրել Ձեր վերադասներին՝ Ձեզ մեկ այլ պաշտոնի նշանակեն:
-Եթե ես վախեցող լինեի, ապա այս բնագավառում աշխատող չէի լինի: Ոնց որ ուսուցիչը մտնի դասարան եւ վախենա աշակերտի հետ խոսել, դա հնարավո՞ր բան է:
Մահացած զինծառայող Արման Մուրադյանի հոր` Հովսեփ Մուրադյանի զրույցի տեսագրությունը կարող եք դիտել www.armlur.am կայքում:
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ