Պետքարտուղար Քերին փորձում է խթանել խաղաղության հաստատումը Ղարաբաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Վիեննայում գտնվող «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Փամելա Դոքինզի հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ հանդիպումները անցնում են դրական մթնոլորտում.

«Ես հետեւում էի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ պետքարտուղար Քերրիի դեմ առ դեմ հանդիպումներին, որոնք թեեւ հակիրճ էին, յուրաքանչյուրը շուրջ 20 րոպե, սակայն՝ բավականին հագեցած: Հանդիպումներն անցան ջերմ մթնոլորտում: Հանդիպումներին ներկա էին նաեւ մի շարք խորհրդականներ, մասնավորապես, այնտեղ էր Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: Այժմ ընթանում է լայն կազմով կողմերի հանդիպումը»:

Թղթակցի խոսքով, Միացյալ Նահանգներն ակնկալում է կողմերին դեպի խաղաղություն ուղղորդել.

«Միացյալ Նահանգները ցանկանում է, որ երկու երկրները վերահաստատեն իրենց հավատարմությունը 1994 թվականի հրադադարի համաձայնագրին եւ բանակցային գործընթացին, որի նպատակն է՝ համապարփակ կարգավորումը»:

Հանդիպմանը մասնակցելու պետքարտուղարի մյուս նպատակը խաղաղ բանակցությունները խթանելն է.

«ԱՄՆ-ի պաշտոնյան մեզ հետ զրույցում ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ երկու նախագահները համաձայնեն քայլեր ձեռնարկել, որոնք կբերեն շփման գծում լարվածության նվազեցմանը»:




Լրահոս