ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐ ԳՅՈՒՂԱՊԵՏ
ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր համայնքն արդեն նոր ղեկավար ունի՝ ՀՀԿ-ական Մարատ Գերասիմյանը: Հալիձորի ղեկավարի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 25-ին: Գրանցված թեկնածուները երկուսն էին՝ ՀՀԿ-ական Մարատ Գերասիմյանը, որը համայնքապետարանի հաշվապահն էր, եւ անկուսակցական Պարույր Գաբրիելյանը, որը մինչ ընտրություններ ինքնաբացարկ էր հայտարարել: Հիշեցնենք, որ Հալիձորի նախկին համայնքապետ Սամվել Ասրյանն իր ընտանիքի հետ գրեթե հինգ ամիս առաջ հեռացել էր գյուղից, ապա ուղարկել աշխատանքից ազատման դիմումը: Նոր համայնքապետ Մարատ Գերասիմյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Ասրյանից  տեղեկություններ չկան:

ՀԻՆԳ ԴՐԱՄՈՎ
Հայաստանյան շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 5 սուպերմարկետներում մեկ հավկիթը թանկացել է 5 դրամով: Այս պատճառով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հինգ օր ժամանակ է տվել ձվի արտադրության եւ իրացման շուկայում գերիշխող 4 ընկերություններին՝ հանձնաժողով ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ: Իսկ վերջնաժամկետն այսօր լրանում է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՏՄՊՊՀ մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանից: «Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկայի ձվի վաճառքի եւ տեսակավորման պատասխանատու Գրիգոր Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Ես՝ որպես սպառող, տեղյակ եմ, որ ձուն խանութներում թանկացել է: Բայց որպես ընկերության ներկայացուցիչ՝ չեմ կարող պարզաբանել, թե ինչու է այն թանկացել: Ես իրավասու չեմ այդ հարցին պատասխանել»: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը երեկ՝ ողջ աշխատանքային օրվա ընթացքում, չկարողացավ այս ընկերությունում նշված հարցով իրավասու մարդ գտնել:

ԻՐ ԽՈՍՔԸ ԿԱՍԻ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի շտապում իր տեսակետը հայտնել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունների կապակցությամբ: «Ժողովուրդ»-ն այս առթիվ երեկ դիմեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն էլ ի պատասխան նշեց. «Պարոն Քոչարյանն ուշադրությամբ հետեւում է ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքաղաքական գործընթացներին: Ու կարծում եմ՝ առաջիկայում նա իր տեսակետը կհայտնի»:

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ՏԵՂԱԿԱԼ
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել Արամյանից, վերջինս տարակուսում էր՝ ասել, թե ոչ. «Հրամանագիրը կլինի, կիմանաք»: Թերեւս տեղյակ էլ չէր, որ հրամանագիրը հրապարակվել է: Երբ տեղեկացրինք, ասաց. «Մշտապես նման տեղեկատվությունը դուք եք առաջինն իմանում, դե երեւի թե ես եմ, էլի՛»: Հիշեցնենք, որ Վ. Արամյանը հայտնի դատավոր Սարո Արամյանի որդին է: Այն Սարո Արամյանի, որը դատապարտեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանին:




Լրահոս