ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, բարեկամների անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանում ուրան վաճառելու համար ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` բացի Միհրան Մովսիսյանից, նրա որդու` Ռոբերտ Մովսիսյանի նկատմամբ եւս քրեական գործ է հարուցվել:
Նախ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության ՊԱԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Պավլե Մոթիաշվիլին հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոիցից երկուսը եղել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ երեքը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ: Ըստ վրացական մամուլի՝ վերջիններս ցանկացել են 200 միլիոն դոլարի ուրան վաճառել: Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային տրանսպորտային կոնտեյներ Է գտնվել Ս 238 նյութով: Փորձաքննության միջոցով պարզվել է, որ հայտնաբերված նյութը վտանգավոր է մարդու կյանքի եւ առողջության համար:
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Հայաստանյան մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Վրաստանում միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալվածներից մեկը եղել է ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Արցախյան ազատամարտի եւ կանանց միության նախագահ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Միհրան Մովսիսյանի անունը շրջանառվում էր նաեւ Հոկտեմբերի 27-ի, ապա իր թիկնապահի՝ Սամվել Առաքելյանի սպանության գործերի շրջանակներում, ինչի արդյունքում 14 տարի ազատազրկման դատապարտվեց նրա թիկնապահը՝ Արթուր Այվազյանը` Մանախը:
Ու մինչ իրավապահները փորձում են հասկանալ, թե Միհրան Մովսիսյանը որտեղից է ձեռք բերել ուրանը եւ, առհասարակ, ինչ ճանապարհով է ցանկացել այն վաճառել, «Ժողովուրդ»-ին Միհրան Մովսիսյանի որդու գործունեությունից աղմկալի մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով` Միհրան Մովսիսյանի որդու` Ռոբերտ Մովսիսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որն արդեն նախաքննության ավարտից հետո ուղարկվել է դատարան:
Ինչ պատմության մեջ է ընկել ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Ռոբերտ Մովսիսյանը տարիներ առաջ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, ինչպես նաեւ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները:
Եվ, ահա, գլխավոր մասնագետ լինելու գայթակղությունը թույլ է տվել նրան որոշակի արտոնություններ ունենալ եւ որոշ դատապարտյալների համար, այսպես ասած, հարցեր լուծել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված մի դատապարտյալի՝ իբր պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի լուծման համար գործարք է առաջարկել: Նա ասել է, թե իբր փաստաբանների միջոցով, դատական կարգով կարող է այնպես անել, որ դատապարտյալը վաղաժամկետ ազատ արձակվի: Ըստ էության, Ռոբերտ Մովսիսյանը դատապարտյալին այդ առաջարկն անելով՝ գումար ստանալու ակնկալիք է ունեցել, ինչը դատապարտյալը չի մերժել: Հանուն ազատության պատրաստ է եղել վճարել այն գինը, ինչ կասի Մովսիսյանը:
Ահա այսպես, Մովսիսյանը դատապարտյալի հարազատներից տարբեր օրերին գումար է ստացել՝ պատճառաբանելով, թե իբր ազատության հարցի լուծման համար անհրաժեշտ է մոտ 20.000 ԱՄՆ դոլար: Սակայն տեղեկություններ կան, որ Ռոբերտը իրականում որեւէ քայլ չի արել՝ դատապարտյալին ազատելու համար, պարզապես օգտագործելով իր դիրքը՝ խաբել է նրան, ինչը հաջողվել է:
Իսկ արդյո՞ք Միհրան Մովսիսյանի որդին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: «Ժողովուրդ»-ը իր լավատեղյակ աղբյուներից պարզեց, որ նա իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել է ցուցմունք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի մարտի 21-ին այս փաստի առթիվ հարուցված քրեական գործը ուղարկվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, գործը գլխավորում է դատավոր Արմեն Խաչատրյանը:
Դատարանը պարզել է, որ Ռոբերտ Մովսիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ մինչ 2010 թվականի օգոստոսի 19-ը զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, իսկ 2010 թվականի օգոստոսի 19-ից հետո նույն վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները՝ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալ Ն. Թորոսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցը լուծելու պատրվակով, նրա ծնողների վստահությունը չարաշահելով, խաբեությամբ մաս-մաս ստացել է 9 միլիոն 492 հազար 565 դրամին համարժեք 26.500 ԱՄՆ դոլար գումար եւ որեւէ գործողություն չձեռնարկելով՝ խարդախությամբ հափշտակել է նշված գումարը:
Տեսնենք, թե դատարանն ինչ որոշում կկայացնի Ռոբերտ Մովսիսյանի գործով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՐՏԵՂ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
Մայիսի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին հայտարարություն. «արագ, շոշափելի արդյունքներ գրանցելու համար կոռուպցիայի դեմ՝ պայքարն է: Նախեւառաջ, մենք պետք է սահմանենք երկու կարեւոր սկզբունք: Առաջինը` կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում: Թեեւ մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր»:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը ՀՀ վարչապետի հայտարարության մասին զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, ՀՀ կառավարությունը արդեն 15 տարի է, ինչ հայտարարում է պայքար կոռուպցիայի դեմ, որտե՞ղ է այդ կոռուպցիան թաքնվել, որ չեն կարողանում գտնել:
-Թաքնվելու հարց չկա: Այո՛, վարչապետը խոսել է այդ մասին: Հանձնարարականը տրված է արդեն բոլոր գերատեսչությունների օպտիմալացման խնայողության ռեժիմի կիրառման, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի, բոլորն այդ ուղղությամբ աշխատում են:
-Հայտարարությունից անցել է մեկ շաբաթ, կոնկրետ Ձեր ղեկավարությամբ գործող գերատեսչությունը ի՞նչ խնայողությունների գնաց, ի՞նչ եք, այսպես ասած, հետ գցել այս ընթացքում:
-Իհարկե, մենք արդեն կոնկրետ ծրագիր ենք մշակել, միառժամանակ հետո Դուք էլ կտեսնեք, օպտիմալացում կլինի, կրճատումներ էլ կլինեն, խնայողական խիստ ռեժիմ է կիրառվելու, որտեղ որ հնարավորություն կա, գումարներ չեն ծախսվելու, այնպես որ խնդիրը անպայման կկարգավորվի:
-Վարչապետը խոսել էր նաեւ Հայաստանում առկա մենաշնորհների մասին: Ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, կա՞ Հայաստանում մենաշնորհ:
-Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, եւ այդ մասին կբարձրաձայնվի:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դ. Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը եւ կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Դ. Աբրահամյանին 13.05.2016թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել եւ ամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։ Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից 16.05.2016թ. որոշում է կայացվել՝ Դ. Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ԳՈՐԾ
ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ խաբեությամբ, պետությանը գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող եւ վճարունակ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո այդ որոշումներով նախատեսված գումարները չվճարելով` պետությանը պատճառել են խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Հ. Ա.-ն եւ Թ. Հ.-ն: Գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձանց, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: