ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի մայիսի 26-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է:
2016թ մայիսի 26-ին` ժամը 22:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Նույն օրը` ժամը 23:30-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Գ.Փահլևանյանը, իսկ ժամը 23:40-ին «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «գլխուղեղի փակ տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց է դիմել Վ.Ղազարյանը:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. մայիսի 26-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Գ.Փահլևանյանի տանը, որի ժամանակ բռնություն է գործադրվել տան սեփականատիրոջ նկատմամբ, որի ժամանակ օգնության է հասել վերջինիս որդին՝ մուրճով հարվածելով ապօրինի տուն ներխուժած անձին։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, ով «գլխուղեղի փակ տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ դիմել էր «Աբովյան ԲԿ»։
Մասնավորապես՝ նախնական տվյալներով՝ Վ. Ղազարյանը դիմակավորված մուտք է գործել Կոտայքի մարզի Առինջ գյուղի տներից մեկի բակ, որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակի գործադրման սպառնալիքով հարձակվել տանտիրոջ՝ Գ.Փահլևանյանի վրա, իր մոտ գտնվող պլաստմասե տարայում եղած բենզինը լցրել է նրա վրա ու պահանջել գումար։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ օգնության է հասել Գ.Փահլևանյանի որդին և մուրճով հարվածել տուն ներխուժած անձի գլխին: Վերջիններիս միջև քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում Վ.Ղազարյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է Գ.Փահլևանյանի որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տան բակում հայտնաբերվել և առգրավվել են խաղալիք ատրճանակի պլաստմասե կտորներ, պլաստմասե շիշ, որի մեջ առկա է եղել բաց դեղնավուն դյուրավառ հեղուկի նմանվող զանգված, դանակ, մեկ զույգ սև գույնի բրդյա ձեռնոց, արնանման հեղուկի հետքեր, սև գույնի կտորից դիմակ, երկաթյա մուրճ, իսկ այգում հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ եղել են կենցաղային իրեր:
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Վ.Ղազարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է:
Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատագենետիկական, դատաձեռագրաբանական, դատահետքաբանական, դատանյութագիտական և քրեագիտական փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին