Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծի քննարկումն արդեն մեկնարկել է: Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» անվանումը:
Քննարկմանը կարող եք հետևել ուղիղ միացմամբ:
Հիշեցնենք, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար: Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: