Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:
Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հայտարարել է խիզախության դրսևորման և անցյալի մութ էջերի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին: «Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միևնույն ժամանակ կարող է լինել ազնիվ և ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ: Դա կարևոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն` փոխըմբռնման և հաշտեցման հասնելու համար»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` ասել է Լամերտը:
Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կասմող Քրսիտոնեադեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեականսոցիալական միություն (CSU), Սոցիալդեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը