ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմաններում խախտումների բացառում: Նախագահ Սարգսյանն այս մասին խոսել է հանդիպումից առաջ սպասելիքների մասին լրագրողի հարցին ի պատասխան:
«Վերջին մի քանի տարիները ցույց են տվել, որ բանակցային պրոցեսը շատ թե քիչ արդյունավետ կարող է լինել, եթե կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ Այսինքն, իրենց գործողությունները համահունչ են դարձնում 1994 և 1995թթ. կնքված հրադադարի համաձայնագրի դրույթներին։ Վիեննայում մայիսի 16-ին համանախագահների հայտարարությունը ևս այդ մասին է խոսում։ Ակնկալում եմ, որ Սանկտ Պետերբուրգում մենք ի վերջո կպայմանավորվենք, և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, սահմաններում խախտումներ չեն լինի, և մենք կշարունակենք բանակցային պրոցեսը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լավ նպատակով»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Վերջինս ժամանել է Սանկտ Պետերբուրգ: Մեկնարկել է ՀՀ Նախագահի առանձնազրույցը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հունիսի 20-ին նախատեսվում է նաև եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել է Վիեննայում մայիսի 16-ին: