ՈՐԻ՞Ն ՆԱՅԵՄ, ՈՉ ՄԵԿԻՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռեժիսոր, հեռուստամեկնաբան ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆԸ հիասթափված է ու հուսալքված: Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո նա առհասարակ կորցրել է հույսը, որ մեր երկրի ապագայում կարող է դրական փոփոխություն լինել: Արվեստագետի խոսքով` “միակ պատառ հույսը” ակտիվ երիտասարդներն են:
-Վստահություն չունեմ հավատալու որեւէ քայլի: Համաձայն եմ` անվտանգության հարց ունենք, մուսուլմանական աշխարհի ճնշումը կլինի մեզ վրա, եթե չլինի ռուսական արջի թաթը, բայց ցավում եմ, որ այս օրի մեջ ենք: Թե ով բերեց, մեզ սրան հասցրեց, բոլորը գիտեն, ես չեմ, որ պետք է ասեմ: Ես սովորական քաղաքացի եմ, որ ուզում է իր կյանքն ապրել արժանավայել մարդու պես, չկռացած: Իսկ այսօր, որ աջ ու ձախ նայում եմ, զզվում եմ ամեն ինչից` իշխանությունից, ընդդիմությունից, ինքնակոչ, դատարկաբան խոստում տվողներից:
-Ի՞նչ եք կարծում, այս պահին այլընտրանք ունե՞նք:
-Չեմ կարծում, չգիտեմ, բայց որ ընկճված եմ, որ վերջին հույսս կորավ, թե Հայաստանին որեւէ լավ բան է լինելու, փաստ է: Ես իմ տարիքն առել եմ, երեխաներիս, թոռներիս, հայ մանուկների ու երիտասարդների մասին եմ մտածում: Բայց ասեմ, ակտիվիստ ջահելների ցավը տանեմ, որ պայքարում են: Ես իրենց հետ եմ անընդհատ, ափսոս, որ առողջականս թույլ չի տալիս դուրս գալ, թե չէ իրենց կողքին կլինեի: “Սլոն ի Մոսկա” առակն է աչքիս առաջ: Մենք Մոսկան ենք, հաչում ենք փղի վրա, բայց փղի վեջը չէ, փիղն իրենը լափելով անցնում է: 
-Մի՞թե սա հայաթափման հատուկ ծրագիր է:
-Չեմ կարծում, իսկ այդպես մտածողը, առավել եւս՝ գործողը, թուրք է: Հայն էդպես չի կարող մտածել, որ Հայաստանը դատարկվի: Եթե նույնիսկ ազգանունն էլ է հայի, նա չի կարող հայ լինել: Ես նայում եմ այս երեսպաշտներին, որ հեռուստացույցով երեւում են, բարձրաստիճան ոմանցից զզվում եմ: Զզվում եմ ընդդիմախոսող, խեղճ ու կրակ անմիտներից, որոնք չեն կարողանում բառը բառին կապելով ջախջախել սուտը, կեղծիքը…
Հասկանո՞ւմ եք, ես անելանելի վիճակում եմ ու որեւէ կանխատեսում անել չեմ կարող: Դուք հասկանո՞ւմ եք, որ ես հիասթափված եմ: Ինձնից ի՞նչ եք սպասում, ի՞նչ պատասխան տամ, որի՞ն նայեմ, ոչ մեկին չեմ հավատում, չեմ ընդունում: Այսօր ես նույնիսկ իմ առողջական խնդիրները չեմ կարողանում լուծել: Սպասում եմ Թոխմախի իմ ճանապարհին, այնտեղ գոնե տեղ ունեմ:
-Ի դեպ, առողջական խնդիրների մասին: Մեր նախորդ զրույցի ընթացքում տեղեկացանք, որ շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված անվճար դեղամիջոցները ժամանակին չէին հատկացվում, այդ թվում նաեւ Ձեզ: Հիմա ինչպե՞ս է վիճակը, դեղերը կանոնավոր ստանո՞ւմ եք:
-Այո՛: Ամերիկայում լավ ընկեր ունեմ, որ ուղարկում էր, հիմա նաեւ նորմալ տալիս են, բայց դա չէ հարցը, հետազոտություններն են թանկ, ահավոր գներ են, մարդ վախենում է մոտենա: Էսօր էգուց եմ, օրվա մեջ հինգ անգամ ճնշումս բարձրանում է, մտածում եմ` կգնամ Ազատի կամ մյուսի հետեւից: Ախր մի ահավոր վիճակի մեջ է ընկել հայն այսօր: Ես այդ հարուստ ընչաքաղցների ճակատներին ուզում եմ ասել` ամոթ իրենց, որ էդպես լափում են: Իսկ մյուսներին, որ կարծում են` հայն աղքատ է, կասեմ, որ հայն աղքատ չէ, հայն ուղղակի փող չունի: Ես, որ ամբողջ կյանքում գնացածներին հետ եմ կանչել, մի պահ նույնիսկ ուզում էի ինքս հեռանալ, հետո մտածեցի՝ էս առողջությամբ ճանապարհին կմնամ:
-Բայց ո՞ւր պետք է գնայիք:
-Ուր ասես` կանչում էին, իմ մասնագիտության տեր մարդն ամեն տեղ էլ գործ կգտներ: Իսկ հիմա հարսանիքներում լափող հարուստ տականքների մռութներն եմ մոնտաժում: Շատ ծանր եմ տանում այս իրավիճակը, հիմա կրկին ճնշումս կբարձրանա: Ասացին` անոթային հետազոտության պետք է գնամ, գներն իմացա, վատացա:
-Չե՞ք փորձել պետությանը դիմել՝ օգնության խնդրանքով:
-Դուք չե՞ք տեսնում, որ ոչ ոք չի դիմում: Ազատ Գասպարյանը դիմե՞ց, չդիմեց: Ազատի ընկերներն աղմուկ արեցին, բայց արդեն ուշ էր: Ես էլ չեմ դիմի, ինձ երբեք թույլ չեմ տա: Հիասթափված եմ շատ, ու մշակութային բոլոր գործիչները նույնպես, նույնիսկ նրանք, ովքեր չեն ասում:
-Արդյո՞ք չափազանց վատ չեք տրամադրված ամեն ինչին:
-Տրամադրություն չունեմ: Չես հասկանում՝ ինչ է կատարվում, ուր ենք հասել. մարդասպանին ազատ են արձակում, իսկ մարդուն, որը հրել է ոստիկանին, ով գուցե եւ մայր է հայհոյել, չգիտես ինչ պատժի են արժանացնում: Ցավալին այն է, որ էս պապայի բալաներն ինչեր ասես, որ չեն անում: Իմ աչքով եմ տեսնում, թեկուզ հենց մարմնավաճառների համար: Ի՜նչ աղմուկ է մեր պատուհանի տակ` Չեխովի ու Բագրատունյաց խաչմերուկում, միայն տեսնեք: Բա որ գիշերային աղբահան մեքենայի ձա՞յնը լսեք: Մի աննորմալ երեւույթ է: Ամբողջ շրջապատը բողոքում է: Ո՞վ է բանի տեղ դնողը… Սարսափում եմ մտածել` այս տեմպերով ուր ենք հասնելու: Թե մի պատառ հույս է մնացել, դա էլ մեր ակտիվ երիտասարդներն են: Աստված նրանց պահապան: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 625 համար




Լրահոս