Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն հունիսի 22-ին այցելել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կենտրոնական գրասենյակ և հանդիպել կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ։
Հանդիպմանը նաև մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը, կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։
Վարդան Օսկանյանը հյուրերին ներկայացրել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ստեղծման հիմնական նպատակները և հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները, Ընտրական օրենսգիրքը և 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հնարավոր զարգացումները։
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը, դրա շուրջ ընթացող բանակցությունները և կարգավորման հնարավորությունները։
«Միացյալ Նահանգները հետամուտ է Մինսկի խմբի գործընթացի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք նաև շարունակում ենք հավատարիմ մնալ Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանն աջակցելու մեր հանձնառությանը: Սա ներառում է ընտրական բարեփոխումները, ինչը պետք է հասարակության տարբեր ձայների համար ընդունելի լինի և արժանանա նրանց աջակցությանը»,-ասել է դեսպան Միլսը:
Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի դերակատարությունը Հայաստանի անկախության այս 25 տարվա ընթացքում, կառուցողական ներդրումը ԼՂ հարցի կարգավորման և Հայաստանի ժողովրդավարացման ու զարգացման գործընթացում։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն