«Ճանապարհ դեպի Ռիո». Հրաձիգ Հրաչիկ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հերթական հերոսը Օլիմպիական խաղերում մեր միակ հրաձիգ Հրաչ Բաբայանն է: Հրաչը ծնունդով Երևանից է և ապրում է մայրաքաղաքում: Ծնվել է 1996 թվականին և այժմ էլ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Նա պատանեկան Օլիմպիական խաղերի և աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է: Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի ժամանակ Հրաչը սահմանեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդ:

Մեր հանդիպման ժամանակ, ինչպես և ցանկացած այլ մրցաշարի ընթացքում, Հրաչը շատ հավասարակշռված, զուսպ և համեստ էր, բայց առանձնանում էր դիպուկ և սուր հումորի զգացումով: Նկարահանումների ընթացքում, երբ Հրաչը պատմում իր մասին մեծ ոգևորությամբ և հպարտությամբ էր խոսում փոքր եղբոր մասին: Բաբայանը վստահ է, որ Հայկը (խմբ. Հրաչի փոքր եղբոր անունն է) ավելի մեծ հաջողությունների է հասնելու, քան ինքն հասել է մինչ օրս: Մեր անկեղծ զրույցի ընթացքում հիացրեց նաև Հրաչի անմիջականությունը: Երբ հարցրեցինք, թե ինչը կարող է Հրաչին հունից հանել՝  նա բարի ժպիտով ասաց. «Օրինակ՝ հագիս այս սպիտակ վերնաշապիկը»: Բաբայանը հայկական հրաձգության ամենահեռանկարային մարզիկներից մեկն է:

Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Թալիսման չէի ասի, սակայն մեր ֆեդերացիայի նախագահի տված խաչը միշտ հետս է: Այն նվեր եմ ստացել իմ առաջին լուրջ հաղթանակից հետո:

Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Եթե ճիշտն ասեմ, ապա մեր մարզաձևում հանդիսատեսը մի քիչ այլ ազդեցություն ունի: Որքան քիչ են, այդքան ավելի լավ: Թող գան ինձ հետ, շատ հաճելի է, բայց չնայեն մրցելույթներս, քանի որ աղմուկը խանգարում է:

Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Առաջին մեծ մարզական իրադարձություն, մեծ երազանք և նպատակ:

Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Անձնական մարզիչիս՝ Անդրանիկ Այվազյանի հետ:

Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը:

-Գրանցած արդյունքով և հաղթական:




Լրահոս