Աստված օրհնի ձեր ապագան և խաղաղությունը տիրի Ղարաբաղում. Հռոմի Պապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հանրապետության հրապարակում իր քարոզի ժամանակ անդրադարձավ Մերձավոր Արեւելքում հակամարտություններին, Օսմանյան կայսրություն եւ այսօրվա հայ–թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւխաղաղություն մաղթեց Լեռնային Ղարաբաղին։

Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքն ամբողջությամբ.

«Մեծարգո՛ եւ հո՛ւյժ սիրելի Եղբայր, Ծայրագո՛ւյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս,

Պարո՛ն Նախագահ,

Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր,

Թող որ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը լինեն ձեզ հետ:

Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, ձեր Աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնեական հավատը: Ինձ համար առանձնաշնորհություն է գտնվել այս բարձունքների վրա, որտեղ Արարատ լեռան հայացքի ներքո նույնիսկ լռությունը մեզ խոսուն է թվում. խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմություն՝ ամրակուռ հավատով եւ սոսկալի տառապանքներով հյուսված, մի պատմություն՝ հարուստ Ավետարանի սքանչելի վկաներով, որոնց ժառանգներն եք դուք: Գալիս եմ Հռոմից ուխտավոր՝ ձեզ հետ հանդիպելու եւ սրտի խորքից բխող իմ զգացումը արտահայտելու.  այն ձեր եղբոր սերն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկե Եկեղեցու, որ ձեզ սիրում է եւ ձեր կողքին է:

Անցյալ տարիներին մեր եկեղեցիների միջեւ միշտ շատ հարգալից եւ հույժ հիշարժան այցերն ու հանդիպումները Աստծո շնորհիվ սերտացան. Նախախնամությունը կամենում է, որ հենց այս օրը, երբ այստեղ Քրիստոսի սուրբ Առաքյալների հիշատակն է նշվում, կրկին միասին լինենք՝ ամրապնդելու առաքելական հաղորդությունը մեր միջեւ: Շատ երախտապարտ եմ Աստծուն մեր եկեղեցիների «իսկական եւ ներքին միության համար» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Համամիութենական ծիսակատարություն», Երեւան, 26 սեպտեմբերի 2001թ., «Ուսուցումներ ԻԴ», 2 [2001], 466) եւ շնորհակալ եմ ձեզ Ավետարանին շատ անգամ հերոսական հավատարմության համար, որ անգնահատելի պարգեւ է բոլոր քրիստոնյաների համար:

Մեր հանդիպումը «գաղափարների փոխանակում չէ, ընծաների փոխանակում է» (հմմտ. Նույն, Շրջաբերական նամակ «Զի եղիցին մի», 28). Հնձենք այն, ինչ Հոգին է մեր մեջ ցանել, որպես յուրաքանչյուրին նվեր (հմմտ. Առաքելական հորդոր «Ավետարանական ցնծություն», 246): Մեծ ուրախությամբ կիսում ենք միասին կտրած արդեն շատ հառաջացած ճանապարհի բազում քայլերը եւ, իրոք, լիահույս նայում ենք այն օրերին, երբ Աստծո օգնությամբ միացած կլինենք Քրիստոսի զոհասեղանի շուրջ՝ հաղորդության ամբողջական միությամբ: Դեպի այդ բազմատենչ նպատակը «ուխտավորներ ենք, եւ ճամփորդում […] ենք միասին՝ մեր սրտերը անկասկած ու անվարան վստահելով ուղեկցին» (Նույն, 244):

Այդ ճանապարհին մեզ նախորդում եւ ընկերակցում են բազում վկաներ, հատկապես բազմաթիվ նահատակները, որ արյամբ կնքեցին հասարակաց հավատը ի Քրիստոս. նրանք մեր աստղերն են երկնքում, որ փայլում են մեր գլխավերեւում եւ նշում են ճանապարհը, որ մեզ մնում է կտրել այս աշխարհում դեպի ամբողջական հաղորդություն: Մեծ Հայրերի շարքին ուզում եմ ակնարկել սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսին: Նա արտակարգ սեր էր տածում իր ժողովրդի եւ նրա ավանդությունների հանդեպ եւ միաժամանակ հակված էր մյուս եկեղեցիներին, անխոնջ միության փնտրտուքին՝ Քրիստոսի կամքը իրականացնելու փափագով, որպեսզի հավատացողները «մեկ լինեն» (Հովհ., 17,21): Արդարեւ, միությունը ռազմավարական առավելություն չէ՝ փոխադարձ շահերի փնտրտուքով, այլ այն, ինչ Հիսուսը խնդրում է մեզնից, եւ որ մեզ է մնում իրագործել բարի կամքով եւ բոլոր ուժերով՝ իրականացնելու համար մեր առաքելությունը. աշխարհին հետեւողականորեն պարգեւելու Ավետարանը:

Անհրաժեշտ միությունը իրականացնելու համար, ըստ սուրբ Ներսեսի, բավարար չէ որեւէ մեկի բարի կամքը Եկեղեցում, անհրաժեշտ է բոլորի աղոթքը: Գեղեցիկ է այստեղ հավաքված լինելը՝ մեկս մյուսի համար, մեկս մյուսի հետ աղոթելու: Եվ հատկապես աղոթքի նվերն է, որ եկել եմ այս երեկո ձեզնից խնդրելու: Իմ կողմից վստահեցնում եմ, որ Հացն ու Բաժակը սուրբ սեղանի վրա ընծայելիս չեմ դադարում ներկայացնել Տիրոջը Հայ Եկեղեցուն եւ ձեր սիրելի ժողովրդին:

Սուրբ Ներսեսը զգում էր նաեւ փոխադարձ սերը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որովհետեւ միայն սերն է ի վիճակի դարմանելու հիշողությունը եւ բուժելու անցյալի վերքերը. միայն սերն է ջնջում նախապաշարումները եւ թույլ տալիս ընդունել, որ եղբոր հանդեպ բաց լինելը մաքրում եւ բարվոքում է սեփական համոզումները: Այդ սուրբ Կաթողիկոսի համար դեպի միության ճանապարհին էական է ընդօրինակել Քրիստոսի սիրո ոճը՝ «նա, որ հարուստ էր» (Բ Կոր. 8-9), «խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլ. 2, 8): Իր օրինակով՝ կանչված ենք քաջությունն ունենալու ձերբազատվելու քարացած համոզումներից եւ սեփական շահերից՝ հանուն սիրո, որ խոնարհվում է եւ նվիրվում, հանուն խոնարհ սիրո.  այն քրիստոնեական կյանքի օրհնյալ յուղն է, հոգեւոր թանկարժեք բալասանը, որ առողջացնում է, զորացնում եւ սրբացնում: «Թերությունները ծածկենք միասնական սիրով» (Ներսես Շնորհալի Կաթողիկոս Հայոց, «Նամակք», Վենետիկ, 1873, 316). եւ նույնիսկ հասկացնում էր սիրո յուրահատուկ քաղցրությամբ, որ փափկացնում է սրտի կարծրությունը նաեւ քրիստոնյաների, որ շատ հաճախ եսակենտրոն եւ սեփական շահերի հետեւից են ընկած: Ոչ թե հաշիվները եւ օգուտը, այլ խոնարհ եւ անձնուրաց սերը Հոր բարեգթությունն է շարժում, Քրիստոսի օրհնությունը եւ Սուրբ Հոգու առատությունը: Աղոթելով եւ «սրտանց իրար բուռն սիրելով» (հմմտ. Պետ. 1, 22), խոնարհությամբ եւ հոգու բացվածքով տրամադրվենք ստանալու միության աստվածային ընծան: Վճռականությամբ շարունակենք մեր ընթացքը, ավելին, վազենք դեպի մեր միջեւ ամբողջական հաղորդությունը:

«Ձեզ եմ թողնում իմ խաղաղությունը: Ոչ ինչպես աշխարհն է տալիս, ես ձեզ եմ տալիս» (Հովհ. 14, 27): Լսեցինք Ավետարանի այս խոսքերը, որոնք մեզ տրամադրում են Աստծուց պաղատելու այն խաղաղությունը, որն աշխարհն այդքան դժվարանում է գտնել: Որքան մեծ են այսօր խաղաղության ճանապարհին կանգնած խոչընդոտները, եւ որքան ողբերգական՝ պատերազմների հետեւանքները: Մտածում եմ այն ժողովուրդների մասին, որոնք ստիպված են թողնել ամեն ինչ, հատկապես Միջին Արեւելքում, որտեղ բազմաթիվ եղբայրներ եւ քույրեր ենթարկվում են բռնության եւ հալածանքի՝ ատելության եւ հակամարտությունների պատճառով, որոնք շարունակ հրահրվում են զենքի տարածման եւ վաճառքի խարանի, ուժի դիմելու փորձության եւ մարդու՝ հատկապես տկարների, աղքատների եւ նրանց, ովքեր խնդրում են միայն պատվարժան կյանք, նկատմամբ հարգանքի պակասի պատճառով:

Չեմ կարողանում չմտածել այն սոսկալի փորձությունների մասին, որոնց միջով անցել է ձեր ժողովուրդը. ընդամենը մի դար է անցել Մեծ Եղեռնից, որ ձեզ պատուհասեց: Այս «սոսկալի եւ խելագար  ջարդը» (Ուղերձ Սուրբ Պատարագի սկզբին հայածես հավատացյալների, 12 ապրիլի 2015թ.), այս անարդարության ողբերգական խորհուրդը, որ ձեր ժողովուրդը իր մարմնի վրա կրեց, միշտ տպավորված է մնում հիշողության մեջ եւ այրում է սիրտը: Ուզում եմ շեշտել, որ ձեր տառապանքները մեզ են պատկանում, «Քրիստոսի խորհդավոր մարմնի անդամների տառապանքներն են» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Առաքելական նամակ հայ ժողովրդի Մկրտութեան 1700-ամեակի առիթով», «Ուսուցումներ ԻԴ», 1 [2001], 275); դրանք հիշելը ոչ միայն պատեհ է, այլեւ՝ պարտավորություն. բոլոր ժամանակների համար թող ազդակ դառնան, որպեսզի աշխարհը այլեւս երբեք չընկնի այդպիսի սխալների հորձանքի մեջ:

Ցանկանում եմ միաժամանակ հիացմունքնով հիշել, թե ինչպես քրիստոնեական հավատը, «նույնիսկ հայոց պատմության ամենաողբերգական պահերին, մղիչ զսպանակ է դարձել, որը արձանագրել է տառապյալ ժողովրդի վեածնունդը (Նույն, 276): Այդ է ձեր իսկական ուժը, որ թույլատրում է Զատկի խորհրդավոր եւ փրկարար ճանապարհին բացվելու. բաց մնացած եւ կատաղի ու անիմաստ ատելության պատճառված վերքերը կարող են որոշ կերպով հարուցյալ Քրիստոսի վերքերին համեմատվել, այն վերքերին, որ նրան պատճառեցին եւ որ դեռ դրոշմված են նրա մարմնի վրա: Նա փառավորված ցույց տվեց դրանք աշակերտներին՝ Զատկի երեկոյին (հմմտ. Հովհ. 20, 20). խաչի վրա կրած ցավերի այդ սարսափելի վերքերը սիրուց փոխակերպված դարձել էին ներումի եւ խաղաղության սկզբնաղբյուրներ: Այդպիսով, նույնիսկ ամենամեծ ցավը՝ խաչի փրկագործ զորությունից փոխակերպված, որի մունետիկն ու վկաներն են հայերը, կարող է խաղաղության սերմ դառնալ ապագայի համար:

Հիշողությունը՝ սիրուց ներթափանցված, արդարեւ նոր եւ զարմանալի արահետներով գնալու ունակ է դառնում, որտեղ ատելության դավերը փոխակերպվում են հաշտության ծրագրերի,  ուր կարելի է հուսալ լավագույն ապագա բոլորի համար, ուր «երանի խաղարարարներին» (Մթ. 5, 9): Բոլորի համար լավ կլինի աջակցել ապագայի հիմքերը դնելու, այնպես, որ թույլ չտրվի վրեժի խաբեական ուժին ներծծվելու. մի ապագա, որտեղ երբեք չհոգնեն ստեղծելու խաղաղության պայմաններ՝ բոլորի համար արժանավայել աշխատանք, առավել կարիքավորներին խնամատարություն եւ անխոնջ պայքար կաշառակերության դեմ, որը պետք է արմատախիլ անել:

Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման եւ հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան եւ «պարգեւի, որ հայ եւ թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, եւ խաղաղությունը տիրի Ղարաբաղում» (Պատգամ հայերին, 12 ապրիլի 2015թ.):

Այս տեսանկյունից կցանկանայի վերջապես հիշել Քրիստոսի խաղաղության մեծ վկային եւ գործչին՝ սուրբ Գրիգոր Նարեկացուն, որին Եկեղեցու Վարդապետ հռչակեցի: Նա կարող էր հայտարարվել նաեւ «Խաղաղության Վարդապետ»: Նա այսպես է գրել այդ արտասովոր Գրքում, որ սիրում եմ անվանել որպես «հայ ժողովրդի հոգեւոր սահմանադրություն». «Հիշի՛ր, [Տեր,…] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն նրանց բարիքի համար. նրանց մեջ իրագործիր ներում եւ ողորմություն […] Մի՛ վերացնիր նրանց, ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա աշխարհիկ ախտավոր ընթացքը եւ տնկիր բարին իմ եւ նրանց մեջ» («Մատյան ողբերգության», 83, 1-2):

Նարեկացին, «խորապես գիտակից մասնակից ամեն կարիքի (Նույն, 3, 2), կամեցավ մինչեւ ամեն ժամանակի եւ տեղանքի տկարների եւ մեղավորների հետ նույնանալ, միջնորդելու համար բոլորի օգտին (Նույն, 31,3; 32,1; 47,2). նա դարձավ «ամբողջ աշխարհի աղոթամատույցը» (Նույն, 28,2): Նրա այսպիսի ընդհանրական զորակցությունը մարդկության հետ քրիստոնեական մեծ պատգամ է խաղաղության, ներդաշնակ ճիչ, որ բոլորի համար ողորմություն է հայցում: Տարբեր երկրներում ներկա հայերը, որոնց եղբայրաբար գրկում եմ այստեղից, այս հաղորդության իղձին լինեն պատգամաբերներ, «խաղաղության դեսպաններ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ, «Առաքելական նամակ հայ ժողովրդի Մկրտութեան 1700-ամեակի առիթով». «Ուսուցումներ ԻԴ», 1 [2001], 278): Ողջ աշխարհը ձեր այս քարոզության կարիքն ունի, ձեր ներկայության կարիքն ունի, ձեր ամենաջինջ վկայության կարիքն ունի: Խաղաղություն ամենեցուն:




Լրահոս