ՄԵԶ ՈՉ ՈՔ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ վերջապես իր տեսակետն է հայտնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Նա, որ երեք տարի շարունակ միջազգային ամբիոններից պնդում էր, թե ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն անիմաստ է, երեկ Սանկտ-Պետերբուրգում, ընդհակառակը, ողջունել է այդ քայլը, ավելին, այն որակել «հիմնարար նշանակություն ունեցող»:
Ավելին, Տիգրան Սարգսյանը երեկ նույնիսկ փորձել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ ու հայտարարել է տառացիորեն հետեւյալը. «Հայաստանը որոշում է կայացրել մուտք գործել Մաքսային միություն, իսկ հետագայում նաեւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին: Ռուսաստանը սատարել է այս որոշմանը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին… Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված եւ կշռադատված քայլ է: Դրա հետեւում մի կողմից կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին»:
Փաստորեն, ՀՀ վարչապետի խոսքերից ստացվում է, որ Սերժ Սարգսյանն ինքն է խնդրել ՌԴ իշխանություններին՝ ՀՀ-ին թույլ տալ անդամակցել Մաքսային միությանը: Ընդ որում, ՀՀ-ն դեպի ՄՄ ճանապարհին իրեն դրսեւորել է անկոչ հյուրի նման. ոչ ոք չի հրավիրում, բայց Հայաստանը, միեւնույն է, խցկվում է: Ու այսքանից հետո, թերեւս, անհասկանալի է՝ իսկ ինչու էին ՀՀ իշխանությունները մոտ երեք տարի շարունակ այդքան մանրակրկիտ կերպով ԵՄ-ի հետ ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագրի դրույթները մշակում, ողջ քաղաքական ռեսուրսները ծառայեցնում եվրաինտեգրացիայի խորացման ուղղությամբ: Անհասկանալի է՝ ինչու է տարիներ շարունակ Տիգրան Սարգսյանը տարբեր ամբիոններից, այդ թվում ռուսական լրատվամիջոցներով հայտարարում, որ ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն անիմաստ է, որ անհասկանալի է՝ ինչպես կարող են իրար ոչ սահմանակից պետությունները լինել մաքսային միասնական համակարգի մեջ եւ այսպես շարունակ:
Տ. Սարգսյանի մտքի գոհարները միայն այսքանով չեն սահմանափակվում. նա հայտարարել է նաեւ. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետեւյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը: Հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մենք մշակենք ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես ընդհանուր սահմանների բացակայությունը… Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` համագործակցության շուրջ: Արդյունքում՝ ՀՀ վարչապետի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Խրիստենկոյի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր»: Նա նաեւ հավելել է, որ այդ ամենի արդյունքում ստեղվծել են գործիքներ, որոնք օգտագործվում են, նպաստում ՄՄ-ին Հայաստանի ինտեգրմանը:
Փաստորեն, ամիսներ առաջ արեւմտամետի, իսկ հիմա արդեն ռուսամետի կերպարով հանդես եկող Տիգրան Սարգսյանը հարկ չի համարում անգամ հնչեցնել իր կուսակցական առաջնորդի՝ իր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության՝ Սերժ Սարգսյանի անունը, այլ մեջբերումներն անում է բացառապես Վլադիմիր Պուտինից: Եվ, ըստ էության, հայտարարում է, որ իրենք շարժվել են Պուտինի «ասածով»:
Տիգրան Սարգսյանի պետերբուրգյան հայտարարությունները, թերեւս, կարելի է համարել խայտառակություն: Եթե մինչեւ հիմա ՀՀ իշխանությունները միջազգային ասպարեզում ձեռք էին բերել անվստահելի գործընկերոջ համբավ, ապա այս վերջին հայտարարություններով պարզապես հողին հավասարեցրին ոչ միայն իրենց, այլեւ արդեն պետության վարկանիշը՝ ցույց տալով, որ իրենք առ ոչինչ են: Միգուցե նաեւ՝ անմեղսունակ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս