ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԵՆ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզում գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանի հետ նախնական համաձայնությամբ 90 մլն 509 հզ. 250 ՀՀ դրամի վառելանյութ հափշտակած մարզի 16 համայնքի ղեկավարների մեծ մասը փոխհատուցել է հափշտակված գումարը: Եվ մինչ համայնքապետերը փորձում են արդարանալ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ինքը սպասում է դատարանի վերջնական վճռին, որ իր վերաբերմունքը ցուցաբերի համայնքի ղեկավարների նկատմամբ:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը 2012թ. օգոստոսից մինչեւ 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով օգտագործելով իր պաշտոնական դիրքը եւ պաշտոնական կեղծիքներ կատարելով, մարզի 16 համայնքների (Արաքսավան, Արեւաբույր, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Լանջանիստ, Հովտաշեն, Նիզամի, Շաղափ, Պարույր Սեւակ, Արեւշատ, Նշավան, Լանջազատ, Այգեստան եւ Կանաչուտ) ղեկավարների եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի առանձին ծառայողների հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով հափշտակել էր 90 մլն 509 հզ. 250 ՀՀ դրամ սուբսիդիայի գումարը:
Ինչպե՞ս են հափշտակել 90 մլն 509 հզ. 250 ՀՀ դրամը:
Աջակցության ծրագրերով նախատեսվել է «Ֆլեշ»-ին հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ Արարատի մարզի համայնքների ղեկավարների միջոցով եւ մարզպետի կազմակերպմամբ, հսկողությամբ հողօգտագործողներին ընդհանուր առմամբ 2 մլն 264 հզ. 614 լիտր դիզելային վառելանյութ վաճառելու համար: Որոշմամբ սահմանվել է, որ «Ֆլեշ»-ը պարտավոր է 1 լիտր դիզելային վառելանյութը հողօգտագործողին վաճառել նվազագույն շահավետ գնից ցածր գնով՝ 1 լիտրը 350 ՀՀ դր. արժեքով, որի պարագայում ՍՊԸ-ի կրած վնասի փոխհատուցման նպատակով նրան նախապես տրամադրվել է 1 լիտր վառելանյութի հաշվարկով 2012թ. աշնան ծրագրով 90 ՀՀ դրամ, իսկ 2013թ. գարնան ծրագրով՝ 105 ՀՀ դրամ սուբսիդիա չիրացված վառելանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան ՀՀ պետական բյուջե վերադարձնելու պայմանով:
Արդյունքում՝ Տիգրան Վիրաբյանը 2012թ. օգոստոսից մինչեւ 2013թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կազմել, ստորագրել եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն ու «Ֆլեշ» ՍՊԸ-ին է ներկայացրել կեղծ տեղեկություններ՝ դրանց հիման վրա ընկերության աշխատակիցների հետ յուրացնելով դիզվառելիքը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց մի քանի գյուղապետերի հետ՝ պարզելու, թե ինչպես են ընկել այս խայտառակ պատմության մեջ:
Մեզ հետ զրույցում Արաքսավանի գյուղապետ Ատոմ Թադեւոսյանն իր մասնակցությունը դիզվառելիքի հափշտակմանը թյուրիմացություն համարեց. «Ես այդ ամենի հետ կապ չունեմ ու էլ բան չեմ կարող ասել»:
Շաղափի ղեկավար Կարեն Կարապետյանի խոսքով՝ քննիչներն իրեն արդեն հարցաքննել են, ու եթե Վիրաբյանն ասի, որ ինքը մեղավոր է, ուրեմն մեղավոր է. «Ես իմ մեղքի բաժինն ունեմ, բայց հետո կասեմ, թե ինչքան եմ մեղավոր: Ու որ ասում են, թե 90 միլիոն փող են վերցրել ու միմյանց միջեւ են բաժանել, իրականում ոչ մեկին էլ փող չեն տվել»: Նա նաեւ հավելեց, որ ինքը չի փոխհատուցել յուրացված գումարը եւ չի էլ պատրաստվում փոխհատուցել:
Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանի պարզաբանմամբ՝ այս դեպքը միանգամայն այլ կերպ է եղել. «Վիրաբյանը թուղթ է ներկայացրել մեզ ու ասել, թե դուք գործ չունեք, ընդամենն այս թուղթը ստորագրե՛ք, մենք էլ ստորագրել ենք` չիմանալով, թե վերջում ինչ դուրս կգա: Մենք այդ գումարի հետ կապ չունենք: Եթե 30 տարի աշխատել ենք եւ մի սխալ ենք արել, որի համար գտնում են, որ պետք է կախեն կամ գնդակահարեն, ուրեմն….»:
Դվինի գյուղապետ Արծրուն Աբրահամյանն էլ իր միակ մեղքը համարում է այն, որ իրեն թղթեր են «դեմ տվել», ու ինքը կնքել է. «Անկախ նրանից՝ հափշտակություն եղել է, թե չի եղել, քանի որ գյուղի վրայով այդքան գումար է գնացել, մեզ ասել են, որ պետք է փոխհատուցեք, ու ես իմ սեփական միջոցների հաշվին մոտավորապես 1 մլն դրամ եմ փոխհատուցել, ու ամեն մի գյուղապետ էլ իր մասով է փոխհատուցել»:
Հոշվտաշենի ղեկավար Խաչիկ Խաչատրյանն էլ կարծիք հայտնեց, որ բոլոր այն համայնքապետերը, որոնք կնքել ու ստորագրել են, այս ամենի հետ կապ ունեն, ավելին, ինքն էլ իր հերթին է սեփական միջոցների հաշվին փոխհատուցել 500.000 դրամ:
Ինչեւէ, մինչ համայնքի ղեկավարներից մի քանիսը փորձում են իրենց արդարացնել եւ հնարավորինս խուսափում են պատասխանատվություն զգալ կատարվածի մեջ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ սպասում է դատարանի վերջնական վճռին, որ որոշի, թե ինչ ճակատագրի արժանացնի 16 համայնքապետերին:
-Պարո՛ն Բարսեղյան, ի՞նչ եք պատրաստվում անել համայնքի ղեկավարների հետ:
-Չգիտեմ, դատարանը կորոշի, թե ինչ կլինի:
-Ինչո՞ւ, բա Դո՞ւք:
-Եթե վարչության պետն ի վիճակի է եղել նման բան անել, ինչո՞ւ ես պետք է հետաքրքրվեմ: Ավելին, ես եմ կառավարությանը տեղյակ պահել, որ ստուգումներ իրականացնեն:
-Բայց չէ՞ որ Ձեր քթի տակ նման բան են արել, ու Դուք չե՞ք հետաքրքրվում:
-Քանի որ դատաքննչական մարմիններն են զբաղվում, ես հիմա կթողնեմ, որ դատարանն իր վերջնական վճիռը հրապարակի, հետո իմ վերաբերմունքը ցույց կտամ:
-Իսկ Դուք Ձեզ մեղավոր չե՞ք զգում կատարվածում, որ անուշադրության եք մատնել, եւ ով ինչպես ցանկացել, այնպես էլ արել է:
-Անուշադրության մասով ո՛չ, բայց որպես տարածքային կառավարման մարմին ու ղեկավար՝ պետք է աչալուրջ լինեի:
-Մեր երկրում մարզպետերը մշտապես ջրից չոր են դուրս գալիս, եւ արդյունքում նրանց ենթականերն են հայտնվում ճաղերի հետեւում: Ինչո՞ւ:
-Եթե մարզպետն է բացահայտել ու նամակ գրել` խնդրելով ստուգումներ անել, Դուք այստեղ նրա մեղքը տեսնո՞ւմ եք:
-Միգուցե այդ քայլին գնացել եք հետագա պատասխանատվությունից Ձեզ ազատելու համա՞ր:
-Տրամաբանակա՞ն է, որ ես նման բան անեմ ու հետո խուսափեմ: Ավելին, բոլոր գյուղապետերին էլ հարցաքննել են, ու որեւէ մեկը կա՞, որ ասել է, թե մարզպետը կատարվածից տեղյակ է եղել: Կրկնում եմ՝ ես եմ խնդրել ստուգումներ անել:
-Կարող է՝ գյուղապետերը վախեցե՞լ են Ձեր անունը տալ:
-Ես հանցագործ եմ կամ մարդասպա՞ն, որ վախեցել են: Դուք ճիշտ չեք խոսում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս