ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՐԸ
Երեկ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրը: Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կրկին լինելու է F խումբը, որտեղ ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանի դորտմունդյան թիմը՝ «Բորուսիա»-ն:
Երկու թիմերն էլ մեկնարկում պարտություններ են կրել, իսկ երկրորդ տուրում անհաջողության մատնվելու դեպքում գործնականում կարող են մոռանալ 1/8-րդ եզրափակչի մասին, ուստի սպասվում է գերլարված եւ նյարդային հանդիպում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից «Բորուսիա»-ն մեկնարկում Նեապոլում 1:2 հաշվով զիջեց «Նապոլի»-ին: Ընդ որում, 29-րդ րոպեին հեռացվեց գլխավոր մարզիչ Կլոպը, 45-րդ րոպեին վնասվածք ստացավ Հումելսը, եւ նրա բացակայության պատճառով առաջացած ճեղքի հետեւանքով դարպասապահ Ռոման Վայդենֆելերն անզգուշորեն դուրս եկավ տեղից եւ ստացավ կարմիր քարտ… «Բորուսիա»-ի երեկվա մրցակիցն ավելի համեստ էր՝ Մարսելի «Օլիմպիկ»-ը, որը սեփական հարկի տակ պարտվել էր «Արսենալ»-ին:
Զուգահեռաբար Լոնդոնում ասպարեզ դուրս եկան խմբի առաջատարները, որոնց գործերը հաջող են ընթանում նաեւ ներքին առաջնությունում. Անգլիայում «Արսենալ»-ը միանձնյա առաջատար է, իսկ Իտալիայում «Նապոլի»-ն առաջին հորիզոնականը բաժանում է Թուրինի «Յուվենթուս»-ի հետ:
Այժմ ներկայացնենք, թե ինչպես ավարտվեցին երեկվա հանդիպումները E-H խմբերում. «Բազել»-«Շալկե-04»՝ 0:1, «Ստյաուա»-«Չելսի»՝ 0:4, «Արսենալ»-«Նապոլի»՝ 2:0, «Բորուսիա»-«Մարսել»՝ 3:0, «Զենիթ»-«Աուստրիա»՝ 0:0, «Պորտու»-«Ատլետիկո»՝ 1:2, «Սելթիկ»-«Բարսելոնա»՝ 0:1, «Այաքս»-«Միլան»՝ 1:1։
Իսկ այսօր կայանալու են A-D խմբերի հանդիպումները. «Բայեր»-«Ռեալ Սոսյեդադ», «Շախտյոր»-«Մանչեսթեր Յունայթեդ», «Ռեալ»-«Կոպենհագեն», «Յուվենթուս»-«Գալաթասարայ», ՊՍԺ-«Բենֆիկա», «Անդերլեխտ»-«Օլիմպիակոս», ԲԿՄԱ-«Վիկտորիա», «Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա»։

ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻՑ
Սեպտեմբերի 22-29-ը Հունգարիայի Էգեր քաղաքում կայացած պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցում էր 32 երկիր: Հայաստանը ներկայացնում էին քաջարանցի Սեւակ Մանուկյանը (67,5 կգ քաշային կարգ), էջմիածինցի Սերգեյ Ասատուրովը (75 կգ) եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը:
Սեւակ Մանուկյանը նվաճեց 2 ոսկե մեդալ եւ սահմանեց աշխարհի ռեկորդ` պառկած-սեղմում վարժությունում բարձրացնելով 160 կգ ծանրաձողը: Ընդ որում, նա գերազանցեց նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը` 157,5 կգ: Նույն վարժությունում Սերգեյ Ասատուրովը բարձրացրեց 167,5 կգ ու դարձավ աշխարհի չեմպիոն: Սեւակն ուժային եռամարտում (կքանիստ, պառկած-սեղմում եւ ձգում) 560 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը:

 Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս