ՊԵՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱ՞Ս ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
եռեւս օգոստոսի 28-ին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2014թ. հունվարի 1-ից բարձրանալու են ե՛ւ նվազագույն աշխատավարձը, ե՛ւ աշխատանքի համար վարձատրությունը: Սակայն շաբաթ օրը՝ կառավարության արտահերթ նիստում բյուջեի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե 2014թ. հուլիսի 1-ից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսով: Փաստորեն, պարզվեց, որ այս անգամ եւս Ս. Սարգսյանի հայտարարություններն արվել էին հասարակության աչքերին ,թոզե փչելու համար: “Ժողովուրդ”-ը փորձեց ԱԺ իշխանական` ՀՀԿ խմբակցության անդամներից պարզել, թե ինչու կրկին խաբեցին ժողովրդին: 
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐԿԱԴԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (Դերժավայի Արկադ)
-Պարո՛ն Համբարձումյան, վարչապետը հայտարարեց, որ աշխատավարձերը բարձրանալու են 2014թ. հուլիսի 1-ից՝ կրկին խաբելով ժողովրդին…
-Ո՞վ է ասել, որ չի բարձրանա:
-Բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետը:
-Հունվարի մեկից բարձրանալու է:
-Ընդամենը 15 տոկոսով ավելանալու են թոշակները:
-Ինչքանով ես գիտեմ, բարձրանում է:
-Բայց վարչապետի հայտարարությունը կա, որ աշխատավարձերը 2014թ. հուլիսից են “բարձրանալու”, տեղյա՞կ չեք:
-Տեղյակ եմ, հա՛, հիմա հուլիսից է բարձրանալու, ի՞նչ եք ուզում:
-Այսինքն՝ իշխանությունը մեկ անգամ եւս խաբեց ժողովրդին:
-Ո՞վ ասեց, որ խաբել են: (Արագ քայլերով հեռանում է-Ս. Գ.) 
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ
-Պարո՛ն Նիկոյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2014թ.-ից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եւ հունվարի 1-ից բարձրացումներ են լինելու: Սակայն ՀՀ վարչապետը շաբաթ օրը հայտնեց, որ դա կլինի հուլիսի 1-ից: Ինչո՞ւ կրկին խաբեցիք ժողովրդին:
-Այստեղ խոսքը ժողովրդի մասին չէ, որովհետեւ ժողովրդի աշխատավարձը չի բարձրացվում, այլ բարձրացվում է կոնկրետ պետական համակարգի աշխատողներինը:
-Պետական համակարգի աշխատողը ժողովուրդ չի՞ համարվում:
-Չէ՛, ժողովուրդը լայն հասկացություն է, դա վերաբերում է ժողովրդի մի մասին, որն աշխատում է համակարգում: Եթե նախատեսված է, եւ ցանկացել են, որ դա լինի հունվարի 1-ից, բայց ռեալ… այդպես հստակ խոստումներ, որ դա կարող էր լինել տարվա կեսից, ապա ոչ թե այդտեղ պետք է գտնել վատ բան, որ ինչու հունվարի 1-ից չէ, այլ հուլիսի 1-ից, այլ պետք է տեսնել լավ բան, որ հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրանալու են: Հարցին այդպե՛ս մոտեցեք: Ցանկությունն ուրիշ է, ռեալ մտածողությունը՝ ուրիշ: Ցանկությունները միշտ էլ հայտարարվում են, բայց ռեալ հաշվարկների արդյունքում պարզվում է, որ դա կարող է լինել, ոչ թե հունվարի 1-ից, այլ մի փոքր ուշ:
-Բայց դա հայտարարել է երկրի նախագահը, որի հայտարարությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ցանկությունների, այլ ռեալ հաշվարկների վրա:
-Ուրեմն որեւիցե մեկը շատ հստակ, ամենաճշտությամբ չի կարող, այսպես ասած, հաշվարկել տնտեսության ռեալ վիճակը, ենթադրենք, մեկ տարի հետո: Դրա համար երբ որ գալիս է ռեալ քայլերի ժամանակը, երբ կան տնտեսական քայլեր, դա կարելի է միայն ճշգրտելուց հետո իրականացնել: Հայտարարությունները ցանկությունների ոլորտում են: Իրականացնողը կառավարությունն է: Ինքը՝ որպես երկրի նախագահ, ուղղակի ցույց է տվել, թե կառավարությունը որ ուղղությամբ պետք է շարժվի:
-Սակայն արդյունքում այժմ ժողովուրդը չի վստահում ո՛չ Սերժ, ո՛չ էլ Տիգրան Սարգսյանին….
-Ուրեմն Դուք հարցրել եք բոլոր ժողովրդի տեսակե՞տը, Դուք սոցհարցո՞ւմ եք իրականացրել: Դուք այսպե՛ս ձեւակերպեք, որ պետական համակարգում աշխատողները կուզենային, որ հունվարի 1-ից բարձրանային աշխատավարձերը: Ցանկություններն այլ են, ռեալ իրողությունները` այլ, եւ մենք շարժվելու ենք ռեալ իրողությունների դաշտում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, ժողովուրդը կրկին խաբվեց, դարձյալ որոշվել է աշխատավարձերի բարձրացման հարցը հետաձգել:
-Բայց իշխանությունը երբեք չէր հայտարարել, որ հունվարից է, ընդամենը մեր ցանկությունն էր աշխատավարձերը բարձրացնել, եւ տարբեր ժամկետներ կային: Կառավարությունը նման հայտարարություն չէր արել, որ հունվարին կբարձրանա:
-Ս. Սարգսյանը հստակ նշել էր…
-Դե դա մեր բյուջեի կանխատեսումների հետեւանք է, եւ այդպես քարացած ձեւով չի կարելի մտածել, որ խաբել կամ չխաբելու բան կար, դա գաղափար է, որը կառավարությունը կարող է իրագործել այդ ժամկետում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 629 համար




Լրահոս