Երեվանի կենտրոնում ապամոնտաժվել է 59 գովազդային վահանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին գովազդի արդիականացման ծրագրի շրջանակում ավարտվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափերի գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքների առաջին փուլը:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ այս մասին քաղաքապետին զեկուցել է արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը: Զեկուցվել է նաև, որ աշխատանքների շրջանակում ապամոնտաժվել է 59 գովազդային վահանակ: Աշխատանքների երկրորդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 4-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար իրազեկել դրանց ընթացքի մասին: 
Մայրաքաղաքի կանաչապատման ծավալների ընդլայնմանն ուղղված ծրագրերի հետ կապված՝ զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոյեմբերի 1-ից մեկնարկող ծառատունկի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սահմանված սկզբունքի համաձայն՝ ծառատունկն իրականացվելու է բացառապես ոռոգելի տարածքներում:
“Երևանի կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման նպատակով ամեն տարի շուրջ 20 կմ ոռոգման նոր ցանց է անցկացվում: Տարիներ շարունակ հենց ցանցի բացակայության պատճառով է ծառերի կպչողականությունը եղել ցածր: 2014 թվականի բյուջեում ևս նախատեսում ենք ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքներ: Ծառատունկ պետք է իրականացնել բոլոր այն տարածքներում, որոնք այսօր արդեն ապահովված են ոռոգման ցանցով: Պետք է նաև հետևողական աշխատանք տանել ծառերի կպչողականության բարձր ցուցանիշ ապահովելու ուղղությամբ”,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել 2014 թվականին ծաղկային տարածքների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Մայրաքաղաքում շարունակվող փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքներին անդրադառնալով՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ համապատասխան աշխատանքներ են իրականացվել 65 փողոցում: Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքներն ու դրանք կազմակերպել երեք հերթափոխով:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ շարունակվում է իրականացվել համապատասխան իրազեկում, սակայն երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մինչ օրս մասնակցության որևէ հայտ չի ստացվել: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված հոկտեմբերի 9-ը, մինչև ժամը 18:00-ն:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ըստ վարչական շրջանների և ըստ ոլորտների կազմվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: 
Մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ գրադարանավարի օրվա կապակցությամբ, տոնին ընդառաջ, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպվել է միջոցառում՝ մայրաքաղաքի բոլոր գրադարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քաղաքապետի անունից շնորհավորանքներ են փոխանցվել բոլոր գրադարանավարներին, իսկ գրադարանային գործի զարգացման մեջ ունեցած ավանդի և երկարամյա գործունեության համար որոշ գրադարանավարներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս