Փաստաբանը վստահ է` կայքի տնօրենն ազատ կարձակվի, իսկ Տիգրան Ուրիխանյանը սուտ մատնություն կատարելու մեջ կմեղադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի  Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանքը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 2-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ  դրամ:

ArmLur.am-ը զրույցում Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը վստահաբար ասաց, թե իր պաշտպանյալի նկատմամբ գործի վարույթը կկարճվի. «Արդարադատությունը կհաղթի, իսկ Տիգրան Ուրիխանյանի նկատմամաբ էլ սուտ մատնության մեղադրանք կառաջադրվի»:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ պատրաստվում է դիմել Սերժ Սարգսյանին. «Փաստացի ոտնձգություն է իրականացվել լրատվականի նկատմամբ: Երևի այսօր նախագահին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին այս կապակցությամբ համպատասխան նամակներ կուղարկվեն»,- հավելեց Լիպարիտ Սիմոնյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս