ՏՆՕՐԵՆԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի 8-րդ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհուն աշխատանքից ազատելու, ապա դատարանի որոշմամբ չվերականգնելու համար: Մարզկենտրոնի 8-րդ դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի եւ ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի միջեւ շուրջ տասը տարի ձգձգվող վեճը վերջնականապես լուծվեց: Տասնյակ հեռուստաշոուների թեմա դարձած այս պատմությունը, որի  մասին  Վանաձորում  բոլորը գիտեն, ի վերջո հանգուցալուծվեց տնօրենի ազատման հրամանով, որը ստորագրել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ 2004թ. Ս. Սարգսյանն օպտիմալացման շրջանակներում ազատվել էր աշխատանքից: Ուսուցչուհին դիմել էր դատարան: Առաջին ատյանը, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները բավարարել էին նրա հայցը նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը ստանալու վերաբերյալ: Ս. Սարգսյանը՝ որպես համակարգչային օպերատոր եւ ուսուցչուհի, վերականգնվել էր աշխատանքում՝ ունենալով 10 ժամ, որից 4-ը՝ ինֆորմատիկայի, 6-ը՝ պատմության դասաժամ:
Սակայն վերականգնումից մեկ ամիս անց ուսուցչուհին կրկին ազատվել էր աշխատանքից,  կրկին դիմել դատարան եւ դատարանի վճռով կրկին վերականգնվել: Սակայն տեսնելով, որ իրեն չեն վերականգնում, ուսուցչուհին ստիպված էր եղել արդեն երրորդ անգամ դիմել դատարան: Գործը հասել էր մինչեւ վճռաբեկ: Տնօրենի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, սակայն հանցակազմ չլինելու պատճառով կարճվել էր: Նշենք, որ երկար տարիներ ձգձգվող տնօրեն-ուսուցիչ վեճը դպրոցին պատճառել է 6 մլն 888 հզ. 297 դրամի վնաս:
Ս. Սարգսյանը տնօրենին աշխատանքից հեռացնելն իր հաղթանակը չի համարում: Միայն նշում է, որ ուժի մեջ մտած որոշումը պետք էր ժամանակին կատարել, իսկ «Ժողովուրդ»-ի հարցին՝ դպրոցում կվերականգնվի որպես ուսուցչուհի, թե ոչ, պատասխանեց, որ դեռ չգիտի, իրեն ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել:
Մեկնաբանություններից զերծ մնացին նաեւ դպրոցի ուսուցիչները, իսկ աշակերտների ծնողները նշեցին, որ դպրոցից միշտ գոհ են եղել, եւ տնօրեն-ուսուցիչ վեճը երբեւէ չի խոչընդոտել իրենց երեխաների ուսումնական գործընթացը:

Ա. ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս