ԲԺՇԿԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մի քանի լրատվական կայքերում հրապարակվեց Տավուշի մարզի Բերդի շրջանի մի խումբ բնակիչների անունից գրված «Փրկե՛ք մեզ» անվանումով մի նամակ, որի հեղինակները Բերդի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանին մեղադրում են իրենց հարազատների մահվան մեջ: Ընդ որում, խոսքը տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերի մասին է: Իսկ թե ինչու են մահացածների հարազատները որոշել այդ մասին հիմա բարձրաձայնել, ըստ Ա. Հարությունյանի՝ ունի իր պատճառաբանությունը. շուտով լրանալու է գլխավոր բժշկի պաշտոնավարման ժամկետը, եւ թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվելու: Հարությունյանի խոսքով՝ այդ պաշտոնին հավակնում է Բերդի պոլիկլինիկայի նախկին վարիչ Համլետ Ադամյանը, որն էլ հենց այս նամակի կազմակերպիչն է:
Վերը նշված նամակի հեղինակներից Մովսես գյուղի բնակչուհի Ալվարդ Մարգարյանը համոզված է, որ իր որդու՝ Սոս Ղուկասյանի մահվան մեղավորն Ա. Հարությունյանն է:
Դեռեւս 2004թ. հուլիսին Սոսը մեքենայով ձորն է ընկել, սակայն, մոր պատմելով, ոչ մի կոտրվածք չի ստացել, նույնիսկ ինքնուրույն դուրս է եկել ձորից: «Սոսը հրաժարվեց գնալ բժշկի, բայց շտապօգնության մեքենայով տարանք Բերդի ԲԿ, որտեղ Հարությունյանը նրան վիրահատեց: Իմ որդին մինչեւ հիվանդանոց գնալն ասաց՝ ինձ տարե՛ք տուն, ոչ մի շտապօգնություն էլ պետք չէ, չլսեցինք: Առաջին վիրահատությունից մի քանի ժամ հետո Սոսի վիճակը կտրուկ վատացավ: Երկրորդ անգամ վիրահատեցին: Հետո բուժքրոջից տեղեկացանք, որ Հարությունյանի հանցակից Արմեն Գալստյանը որովայնից արտահոսած արյունը նորից ներարկել է հիվանդին` նրան հասցնելով ծայրահեղ վիճակի: Ու այդպես նա Սոսին երկու օր պահեց, հետո նշանակեց երրորդ վիրահատությունը: Բայց խլեցինք մեր որդուն ու տարանք հոսպիտալ, սակայն չդիմացավ, մահացավ: Պարզեցինք, որ նա ոչ մի կոտրվածք էլ չի ունեցել: Մահը վրա է հասել սխալ վիրահատությունների արդյունքում առաջացած որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ)»,-հուզված ձայնով պատմեց տիկին Ալվարդը:
Նամակի մյուս հեղինակը` Տավուշի մարզի Նավուր համայնքի բնակիչ Կոլյա Մարդանյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նշեց, որ իր 13-ամյա դստեր՝ Սարինեի մահվան պատճառը դեռեւս առեղծված է: Սարինեն մահացել է 2003թ.: Սակայն մինչ օրս, հոր ներկայացմամբ, անհիմն պատճառաբանություններով իրեն չեն տալիս դստեր մահվան տեղեկանքը. «Էրեխիս անալիզները կեղծելով` նրան Բերդի ԲԿ-ում կույրաղիքի վիրահատություն արեցին, հետո երկրորդ անգամ վիրահատեցին՝ հեռացնելով ձվարանը, որից հետո բարդություն առաջացավ, ինչի պատճառով էլ երրորդ անգամ վիրահատեցին: Վերջին վիրահատությունից հետո երեխան մահացավ: Դիահերձելուց հետո պարզվեց, որ կույրաղիքը հանված չէր: Բայց ոչ մի փաստաթուղթ չեն տվել»:
Դստեր մահվան իրական պատճառները պարզելու նպատակով Մարդանյանը դեռեւս տասը տարի առաջ նամակով դիմել է Սերժ Սարգսյանին եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, սակայն ոչ մի արձագանք:
Հնչող մեղադրանքների առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արամ Հարությունյանի հետ, որը նշեց, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Նա հայտնեց, որ առաջիկայում Բերդի ԲԿ-ի գլխավոր բժշկի պաշտոնավարման ժամկետը լրանալու է, եւ  թափուր տեղի համար մրցույթ է տեղի ունենալու: Բժիշկը վստահ է, որ համացանցում հայտնված նամակն անմիջական կապ ունի այս մրցույթի հետ, իսկ կազմակերպիչը Բերդի պոլիկլինիկայի նախկին վարիչ Համլետ Ադամյանն է: «Այս գործերն իրավական դաշտով անցած եւ վերջնական եզրակացություն ստացած գործեր են: Դրանց հետ կապ չունեմ: Պատճառն աթոռն է: Դեռեւս 2006թ. Բերդի պոլիկլինիկան միացավ ԲԿ-ին, եւ նա ազատվեց աշխատանքից: Ես իմ խղճի առաջ մաքուր եմ»,-հայտարարեց Հարությունյանը՝ լրացնելով, որ հստակ չգիտի՝ մրցույթին մասնակցելու է, թե ոչ:
Իսկ Համլետ Ադամյանը զայրացավ՝ լսելով Հարությունյանի կողմից իր դեմ հնչեցված մեղադրանքների մասին. «Մարդիկ զառանցում են, ես իմ աշխատանքն ունեմ եւ գլխավոր բժշկի պաշտոն ունենալու ձգտում չունեմ: Կներեք կոպիտ խոսքերիս համար, բայց թքած ունեմ ամեն մի նման ասածի ու մարդկանց վրա: Իսկ առաջիկայում կայանալիք մրցույթին չեմ մասնակցելու»:
Անկախ վերը նշված նամակի հրապարակման շարժառիթներից՝ կարծում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է ուսումնասիրել նամակում հնչեցված մեղադրանքները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս