ՀԱՆՑԱԿԻՑ ԿԼԻՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Գեորգի Կալամանովը երեկ կայացած ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մեկ միասնական մաքսային ռեժիմով հանդես գալու հեռանկարին: Նա մասնավորապես ասել է. «Չեմ կարող այժմ ասել, թե մաքսային կետ լինելու է արդյոք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Դա առանձին քննարկման թեմա է: Կցանկանայի ասել հետեւյալը` Մաքսային միության շրջանակում գործում են բազմաթիվ համաձայնագրեր, որոնցից յուրաքանչյուրի դեպքում հարկավոր է գալ փոխհամաձայնության»: Այսպիսով` ստացվում է, որ Հայաստանի համար ամենակարեւոր հարցի շուրջ առայժմ որեւէ պայմանավորվածություն չկա: Ճիշտ է, այս կապակցությամբ դեռեւս սեպտեմբերի 12-ին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հորդորեց լռություն պահպանել` նշելով, թե խնդիրը կարգավորված է դե ֆակտո, եւ այդ մասին հարկ եղածից շատ խոսելով՝ միայն կվտանգվի գործընթացը, սակայն, հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վարած իրավիճակային արտաքին քաղաքականությունը, կարծում ենք՝ առաջին հերթին հենց ղարաբաղցիներին պետք է հուզեր այս հարցը: Քանի որ մի բան է  փաստաթղթային մակարդակով համաձայնեցված հարցը, որի վերաբերյալ արվում են հրապարակային հայտարարություններ, մեկ այլ բան` դե ֆակտո, ընդամենը «ազնիվ խոսքի» վրա հիմնված պայմանավորվածությունները: Փորձը ցույց է տվել, որ այդպիսիք Ռուսաստանը երբեք չի հարգում, դե իսկ Սերժ Սարգսյանի դեպքում էլ, ինչպես համոզվեցինք ԵՄ հետ չորս տարի տեւած բանակցությունների անփառունակ  հանգուցալուծումից, մի փոքրիկ ճնշումը` զորօրինակ կազինոյում խաղալու տեսագրության տեսքով, ավելի քան բավարար կլինի: Հետեւաբար  ստացվում է, որ այսօր Հայաստանը պատրաստվում է մտնել Մաքսային միություն` առանց Ղարաբաղի հարցում որեւէ հստակ երաշխիքի` լինի դա տնտեսական, թե քաղաքական: Այս իրավիճակում, սակայն, ամենատարակուսելին ու ամենաանընդունելին մեր քաղաքական ուժերի պահվածքն է: Կարեւորագույն այս հարցի շուրջ իշխանությունից պարզաբանումներ պահանջելու փոխարեն այս օրերին ողջ քաղաքական դաշտը զբաղված է Զարուհի Փոստանջյանի հարցի շուրջ դատողություններ անելով: Սեպտեմբերի 3-ից հետո այս կապակցությամբ որեւէ մեկը հրապարակային հարց չուղղեց ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ ՄՄ-ին անդամակցելու որոշումն արդեն «մեր ազգային շահերին համահունչ եւ տնտեսական հաշվարկների վրա հիմնված» որոշում համարող Տիգրան Սարգսյանին: Ո՞րն է պատճառը, արդյոք առկա է այս նուրբ հարցն առայժմ շրջանցելու ներքին պայմանավորվածություն: Կուզենայինք հավատալ, որ այդպես է: Սակայն այդ դեպքում Սերժ Սարգսյանի կողմից հերթական միանձնյա որոշման կայացման պատասխանատվությունը կընկնի նաեւ այս օրերին լռող բոլոր քաղաքական ուժերի վրա:




Լրահոս