ԾԵԾՈՒՋԱՐԴ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի  հիվանդներից 81-ամյա Լեոնիդ Ադունցն իր հիվանդասենյակում հանկարծակի մահացել էր, իսկ հոգեբուժարանի տնօրինությունն այդ դեպքը գաղտնի էր պահել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ նրա մահը հոգեբուժարանում եւս մեկ սկանդալային դեպք է տեղի ունեցել՝ մահացած Լ. Ադունցը հոգեբուժարանի մեկ այլ հիվանդի` Սամվելի կողմից ծեծի է ենթարկվել:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ին «Հետք»-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ 81-ամյա Լ. Ադունցը խեղդամահ է եղել, խեղդամահ անողն էլ եղել է ինտերնատի մեկ այլ հիվանդ, սակայն տուն-ինտերնատի ղեկավարությունը փորձել էր գաղտնի պահել դեպքը, որպեսզի այն հնչեղություն չստանա, եւ պատասխանատվության ենթարկվողներ՝ ի դեմս տնօրենի, չլինեն:
Այն, որ այս մահվան դեպքը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ տուն-ինտերնատում ամենաթողության վիճակն է, երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ սա միակ սկանդալային դեպքը չէ, որ արձանագրվել է տուն-ինտերնատի շուրջ: Հիշեցնենք, որ 2012թ. «Հետք»-ը բացահայտել էր, որ տուն-ինտերնատի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը հիվանդներին տանում է Ներքին Շորժա, որպեսզի նրանք պահեն իր անասուններին: Հրապարակել էին նաեւ փաստեր` լուսանկարներ եւ տեսանյութ: Ավելին, 2012թ. հոկտեմբերի 3-ին պարզվել էր, որ Ն. Հովհաննիսյանը 2011-ի ապրիլից մինչեւ սեպտեմբեր յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1 մլն 302 հազար դրամի նյութական վնաս, ինչի հետեւանքով նրան կալանավորել էին:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ավարտ ունեցավ հարուցված քրեական գործը. իհարկե, ավանդույթի համաձայն՝ ամեն վատ բան չէ, որ մեր երկրում ցանկալի ավարտ է ունենում: Ն. Հովհաննիսյանն անցյալ տարվա վերջից վերականգնվել էր իր պաշտոնում, իսկ նրա դեմ հարուցված քրգործը 2012-ի դեկտեմբերի 14-ին կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով:  
Պարզվում է՝ հիմա էլ տնօրեն Հովհաննիսյանն ամեն ինչ անում է ջրից չոր դուրս գալու համար, որպեսզի Ադունցի մահվան դեպքով պատասխանատվության ենթարկվելու նախադրյալներ չլինեն: Իսկ հետաքրքիր է, թե ինչու է լռում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որի ենթակայության տակ է գտնվում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը:
Կառավարության նիստից անմիջապես հետո «Ժողովուրդ»-ը մահվան դեպքի, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ  փորձեց պարզաբանում ստանալ հենց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից: Մշտապես շտապող նախարարի համար Լ. Ադունցի մահվան դեպքով մեկնաբանելու բան կա:
-Պարո՛ն Ասատրյան, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում սեպտեմբերի 2-ին մի մարդ էր խեղդամահ եղել:
-Ի՞նչ էր եղել:
-Տուն-ինտերնատի հիվանդներից մեկը խեղդամահ էր եղել:
-Դա Դուք եք այդպես ասում:
-Այս տեղեկությունը հրապարակել է «Հետք»-ը, ու ոստիկանությունը հաստատել է, որ տուն-ինտերնատում մահվան դեպք եղել է, սակայն  խեղդամահ լինել-չլինելը դեռ պարզ չէ, քանի որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Այնտեղ լարված իրավիճակ է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Դուք ինձ գրավո՛ր ուղարկեք Ձեր հարցադրումը, ես կասեմ, որ Ձեր հարցադրմանը պատասխանեն:
-Ինձ անձամբ Ձեր մեկնաբանությունն է պետք. Ի՞նչն է խանգարում Ձեզ հիմա խոսել:
-Շտապում եմ, խորհրդակցության եմ, ու նաեւ այդտեղ մեկնաբանելու բան չկա:
-Ինչպե՞ս թե չկա, բավական չէ՝ հիվանդի խեղդամահ լինելու փաստը հոգեբուժարանի աշխատակիցները գաղտնի են պահում, տնօրեն Ն. Հովհաննիսյանի շուրջ էլ լուրջ սկանդալային դեպքեր են տեղի ունեցել: Առաջինը այն, որ տնօրենն ինտերնատի հիվանդներին տանում էր Ներքին Շորժա, որպեսզի նրանք պահեին իր անասուններին: Անգամ հրապարակել էինք փաստեր` լուսանկարներ եւ տեսանյութ, ավելին, հենց նույն տնօրենի դեմ քրեական գործ էր հարուցվել տուն-ինտերնատից  յուրացումներ կատարելու փաստով, եւ այն կարճվել էր, ու հիմա Ն. Հովհաննիսյանը շարունակում է աշխատել:
-Կարճվել է, ուրեմն ի՞նչ է նշանակում:
-Այն, որ կան հստակ փաստեր, բայց ամեն ինչ ծածկադմփոց է արվում: Սա հերի՞ք չէ:
-Դա իրավապահների գործառույթն է:
-Բայց մինչ իրավապահներին հասնելը այդ տուն-ինտերնատը Ձեր ենթակայության տակ է գտնվում: Այս մասին ի՞նչ կասեք:
-Այդ պատճառով էլ կարգապահական տույժի ենք ենթարկել համապատասխան գործառույթները ճիշտ չիրականացնելու համար:
-Այսքան բանից հետո միայն դա՞:
-Նաեւ կիրառել ենք տարբեր տիպի միջոցառումներ, որպեսզի  աշխատանքը ճիշտ կատարվի: Լա՞վ:
Ասաց Արտեմ Ասատրյանը՝ շտապ նստելով  մեքենան:
Ի վերջո, ի՞նչն էր եղել 81-ամյա Լ. Ադունցի մահվան պատճառը: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ համաձայն փորձագետի եզրակացության՝ Լ. Ադունցի մահը վրա է հասել դիահերձումից մոտավորապես 12-14 ժամ առաջ, եւ նա մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նա նաեւ տառապել է շիզոֆրենիայով, ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդություններով: Հետաքննությունը շարունակվում է:
Ինչեւէ, սա դեռ վերջը չէ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ տուն-ինտերնատում օգոստոսի 26-ին եւս մեկ սկանդալային դեպք է տեղի ունեցել Լ. Ադունցի շուրջ:  Հիվանդներից 50-ամյա Սամվելը լարված հարաբերություներ է ունեցել Լ. Ադունցի հետ: Բանը հասել է նրան, որ շիզոֆրենիա հիվանդությամբ տառապող Սամվելը ծեծի է ենթարկել Լ. Ադունցին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ինչ կապ ունեն այս դեպքերը՝ դժվար է ասել, բայց որ ոստիկանությունում հետաքննությունը դեռեւս շարունակվում է, փաստ է: Հուսանք, որ Ն. Հովհաննիսյանի ձեռքերն այս անգամ չեն հասնի հետաքննության վերջնական արդյունքներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս