Սեպտեմբերի 25-ին Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
“Ժողովուրդ”-ը զրուցեց հանձնաժողովի անձնակազմում ընդգրկված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հետ՝ պարզելու, թե ինչ է իրենից ներկայացնում նորաստեղծ այս կառույցը:
-Պարո՛ն Թամազյան, նոր ստեղծված հանձնաժողովն ի՞նչ էր քննարկում, եւ ո՞րն է լինելու այդ նրա գործառույթը:
-Հանձնաժողովի հերթական նիստն էր, այն շատ արդյունավետ աշխատանքներ է իրականացնում: Հանձնաժողովի նպատակը քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու եւ քրեական գործերով նախաքննության արդյունավետության բարձրացումն է: Այստեղ միավորված են ոստիկանության, պաշտպանության նախարարության, պետական եկամուտների կոմիտեներում գործող քննչական մարմինները: Այս մարմինների հիմքի վրա ստեղծվել է քննչական մարմին:
-Նշվում է, որ այս կառույցն իր գործունեությամբ որեւէ կերպ չի առանձնանում, քանի որ այն գրեթե նույն ՀՔԾ-ի “դերն” է կատարելու: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ մի մարմին ստեղծել:
-Ուրեմն 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կառույցի մասին խոսք լինել չի կարող, Դուք տեսնում եք, որ այս բոլոր միավորված մարմիններն արդեն իսկ գործում են, կան: Այս դեպքում պարզապես միավորվում են եւ այդ գերատեսչական, այսպես ասած, կարգավիճակից դառնում են ավելի անկախ: Չնայած Քրեական դատավարության օրենսգիրքը քննչական մարմիններին կոնկրետ անկախության երաշխիքներով ապահովում է, բայց կարգադրության մեջ նշված է անկախության ամրապնդման եւ նախաքննության արդյունավետության բարձրացման մասին: Այսինքն՝ եթե մի բան ունենք, ուզում ենք, որ դրա վրա գումարվի նորը, ամրապնդվի եղածը: Ինքն անկախ մարմին է: ՀՔԾ-ն այլ մարմին է, ու նրա սուբյեկտների մասին հստակ նշված է: Իսկ այժմ հանձնաժողովն իրավական փաստաթղթերի նախապատրաստական գործընթաց է իրականացնում, միասնական քննչական մարմնի կազմավորման գործունեության անհրաժեշտ օրենքների, նախագծերի պատրաստման վրա է այս ընթացքում իր գործունեությունն իրականացնում:
-Կառույցի գործունեությունն անհասկանալի է նաեւ այնքանով, որ ստացվում է՝ այսուհետ ոստիկանությունը “բռնելու” է հանցագործին ու “հանձնի” այդ մարմնին…
-Նախ մի բան ասեմ, որ այդ կառույցը ձեւավորվելու համար անհրաժեշտ է քննչական մարմնի մասին օրենքի ընդունում, իսկ օրենքի ստեղծման հետ կապված՝ աշխատանքներ են իրականացվում: Ու այդ օրենքի նախագծի հիման վրա այժմ լուրջ աշխատանքներ են կատարվում, որտեղ ուղիղ նշվում են այդ օրենքի կարգավորման առարկան, կազմավորման գործունեությունը, պայմանները, պաշտոնների դասակարգումը, ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ծառայության հետ կապված բազմաթիվ հարաբերություններ:
-Հանձնաժողովում ներառված է նաեւ ՊԵԿ-ը, ի՞նչ դերակատարություն է ունենալու այդ մարմինը:
-ՊԵԿ-ի ներկայացուցիչը նույնպես հանձնաժողովում է, ՊԵԿ-ը եւս պետք է լինի գործող քննչական մարմնում: Այսինքն՝ մենք ունենք մաքսային եւ հարկային մարմիններում քննչական ապարատ, որը քննում է այդ բնույթի գործերը: Իսկ, ընդհանուր առմամբ, բոլոր հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որտեղ նշված են նախաքննության իրականացման թե՛ ընդհանուր եւ թե՛ մասնավոր պայմանները: Այստեղ միավորվում են ոչ թե ղեկավարները, այլ գործերը քննող քննիչները մի միասնական կառույցում՝ անջատվելով գերատեսչական կառույցից: Դրա համար էլ անհրաժեշտություն կառաջանա օրենքներում փոփոխություններ կատարել, որի հիման վրա էլ հանձնաժողովն աշխատում է: Դա վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքին, “Ոստիկանության մասին” օրենքին, “Պետական կառավարչական հիմնարկների մասին” ՀՀ օրենքին, փոքր փոփոխություն “Զենքի մասին” ՀՀ օրենքում, “Հարկային ծառայության մասին” օրենքում, “Մաքսային ծառայության մասին” օրենքում,”Իրավական ակտերի մասին” օրենքում եւ այլն: Այսպիսի փաստաթղթերի հիման վրա հանձնաժողովն այսքան կարճ ժամանակահատվածում զգալի աշխատանքներ է կատարել:
-Իսկ ե՞րբ է այդ ամենն իմի բերվելու, որպեսզի այս կառույցը սկսի իր բուն գործունեությունն իրականացնել:
-Այդ ամենը վերջնական տեսքի բերելուց հետո հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ կդրվի շրջանառության մեջ, կհավաքվեն կարծիքներ, կքննարկվեն, ու հետագա ընթացք կտրվի: Ժամկետներ սահմանված չկան, զգալի աշխատանքներ կատարվել են: Այստեղ խնդիրներ են առաջանալու՝ նաեւ ֆինանսավորման եւ այլ հարցերի հետ կապված: Մենք չենք քննարկել, թե կառույցն ում ենթակայության տակ է լինելու: Չնայած, որ նախաքննություն իրականացնող մարմինն անկախ է, այստեղ խնդիրը քննչական մարմնում անկախությունն ամրապնդելու հարցն է դրված:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 632 համար