ՁՎԻ ԴԵՖԻՑԻՏ
Հայաստանի հոգեւոր Էջմիածին քաղաքի սուպերմարկետներում եւ խանութներում երեք օր ձվի դեֆիցիտ էր: Երեկ միայն որոշ խանութներում սկսեցին վաճառվել հավկիթներ, այն էլ սովորական չափսերից ավելի փոքր, գինն էլ՝ 75 դրամ, իսկ մի քանի խանութներում՝ 80 դրամ: Խանութներից մեկի աշխատակիցներից տիկին Արմիկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ձու արտադրող ընկերությունների աշխատակիցներից տեղեկացել է, որ այս ընթացքում ձու արտադրվել է միայն արտահանելու նպատակով: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայաստանյան շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 5 սուպերմարկետներում մեկ հավկիթը թանկացել էր 5 դրամով: Նկատենք, որ մինչ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ընթանում են ձվի թանկացման հետ կապված քննարկումներ, հայաստանյան շուկայում արձանագրվում է ձվի գնաճ: Նշենք, որ ձվի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններն են «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան, «Արզնի» թֆ-ն, «Երեւանի թռչնաֆաբրիկան»-ն եւ «Արաքս» թֆ-ն:
ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԿԱՏՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 30-ին ծեծկռտուք եւ կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում: Տեղի ունեցածի արդյունքում մարմնական վնասվածքով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Գավառի բնակիչ, 1993թ. ծնված Էմանուելը: Իսկ ավելի ուշ հրազենային վնասվածքով Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց են տեղափոխվել ՌԴ քաղաքացիներ, եղբայրներ Արամը եւ Անդրանիկը: Ի՞նչն է կապում այս երիտասարդներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ի գիշերը Գավառի բնակիչներ Էմանուելն ու Ռուբենն ինչ-որ «հաշիվներ են մաքրել» եղբայրներ Արամի եւ Անդրանիկի հետ: Պատճառը եղել է այն, որ Էմանուելի եղբայրը Գավառի Ազատության փողոցում մեքենան բավական արագ է վարել, որը, ըստ երեւույթին, դուր չի եկել եղբայրներ Արամին եւ Անդրանիկին, եւ նկատողություն են արել Էմանուելի եղբորը: Արդյունքում Էմանուելն իր ընկերոջ Ռուբենի հետ «ռազբորկայի» է կանչել ՌԴ քաղաքացի եղբայրներին, ու սկսվել է լուրջ վիճաբանություն: Իրավիճակը տղաների միջեւ այն աստիճանի է բարդացել, որ Էմանուելը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ նրա ընկեր Ռուբենը որսորդական զենքով կրակել է Արամի եւ Անդրանիկի ոտքերին: «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով):