«Տարոն Մարգարյանն ինձ ասեց՝ Նինա՛, մորդ նման պիտի մեռնես». քաղաքացին պնդում է, քաղաքապետարանը` հերքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Նինա Վերմիշյանն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքում էր, որ ապրում է անմխիթար պայմաններում: Կինը ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրեց. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնական Սամվել Մերթաջյանը ինձ ու մորս 50 հազար դրամ տվեց, ասեց՝ էսի ձեզի ուտելու փող, հետո կհանենք, տուն կտանք: Մամաս մի տարի ա՝ մահացել ա, ու ոչ մեկը չկա: Գումարով էլ չօգնեցին: Հիվանդ, միայնակ, թոշակառու կին եմ»:

Նինա Վերմիշյանը պատմում է, որ 15 տարի է՝ բնակարանի համար դիմումներ է ներկայացրել կառավարությանը: Վթարային են գնահատել տունը, սակայն ոչնչով չեն օգնել:

Նինան բողոքում է, որ Տարոն Մարգարյանը խոստացել է իրեն բնակարանով օգնել, սակայն խոստումը չի կատարել. «Արդեն երեք տարի ա՝ քաղաքապետ ա: Տարոն Մարգարյանն ինձ ասեց` Նինա՛, մորդ նման պիտի մնաս էդ քանդված տան մեջ, մորդ նման մեռնես, էդքան բան»:

Խնդրի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց. «Երկրորդ տարին է՝ այդ կինը նման մեղադրանքներ է հնչեցնում Տարոն Մարգարյանի հասցեին: Այդ կինը որևէ անգամ քաղաքապետի հետ հանդիպում չի ունեցել: Երևի թե, տարեկան մեկ անգամ, չգիտեմ՝ ինչու հենց հուլիս ամսին նմանատիպ ինչ-որ երևակայական հայտարարություններ է անում: Այդ կինը, որևէ հանդիպում երբևէ չի ունեցել քաղաքապետի հետ, և քաղաքապետը չեղած հանդիպման ժամանակ չէր կարող նման բաներ ասել»:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս