Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքում կմեկնարկի աշնանային ծառատունկը և կտևի մինչև նոյեմբերի 25-ը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին՚ գործընթացն առավել հասցեական իրականացնելու համար:
Ծառատունկին մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 20 հազար ծառ: Ըստ այդմ, շուրջ 10 հազար ծառ կտնկվի մայրաքաղաքի կանաչապատման ընկերությունների, ևս 10 հազարն էլ՝ համատիրությունների, կրթական, առողջապահական և այլ հաստատությունների ու կազմակերպությունների ուժերով: Կտնկվեն հիմնականում գնդաձև ակացիաներ և սոսիներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, համապատասխանում են մեր պայմաններին և լավ կպչողականություն են ապահովում:
Քաղաքապետի հանձնարարությամբ՝ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: Այս համատեքստում տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև “Փարոս” անտառպուրակի, “Հաղթանակ” զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ ևս աշնանային ծառատունկի շրջանակում կիրականացվեն ծառատնկման աշխատանքներ:
Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում, ի դեպ, ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն