ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Բաղրամյան պողոտայում

Երեկ ժիրայր Սէֆիլյանի աջակիցներն Ազատության հրապարակից երթով շարվեցին դեպի նախագահի նստավայր՝ եւս մեկ անգամ իշխանության ուշադրությունը կատարվածին սեւեռելու համար: Մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ ոչ միայն Սէֆիլյանի, այլ նաեւ Գեւորգ Սաֆարյանի եւ Հայկ Կյուրեղյանի լուսանկարներով: Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Ազատություն», «Իշխանությունները դավաճանում են մեզ՝ փորձելով հող հանձնել»:

 

 

 
ՀԱՐՑ. Ամուսնության ընթացքում ամուսինները ձեռք են բերել անշարժ գույք, սակայն ամուսիններից մեկի անունը որպես համասեփականատեր գույքի ձեռքբերման փաստաթղթերում եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում չի նշվել: Խնդրում եմ ասեք՝ նման դեպքերում ի՞նչ պետք է անել, որպեսզի գրանցման վկայականում որպես համասեփականատեր նշվի նաեւ ամուսնու անունը:

Սաթենիկ Հովհաննիսյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:
Համատեղ դիմումին կից պետք է ներկայացվի ամուսնության վկայականի բնօրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի բնօրինակը ներկայացնելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է եւ բնօրինակը վերադարձնում է դիմողներին:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անկախ այն հանգամանքից, թե ամուսիններից ում սեփականության իրավունքն է գրանցված ամուսնության ընթացքում նրանց ձեռքբերած գույքի նկատմամբ, այն համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով: Ի դեպ, ամուսինների համատեղ սեփականությունը, այնուամենայնիվ, չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞ր փաստաթղթերն են ենթակա ապոստիլով հավաստման:

Օֆելյա Սիրադեղյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապոստիլով հաստատվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաեւ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը: ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի հիման վրա ապոստիլ դրվում է հետեւյալ պաշտոնական փաստաթղթերի վրա՝
-«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի կամ պատճենների, նոտարի կողմից տրված վկայագրերի, նոտարի կողմից վավերացված թարգմանությունների,
-քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաստաթղթերի,
-դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի,
-դատարանների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ: Իսկ մեկ աշխատանքային oրվա ընթացքում ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը՝ 8000 ՀՀ դրամ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար:




Լրահոս