Երկու ամսից Հայաստանի՝ շուրջ 700 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ինչպիսի մթնոլորտ է մարզերում, եւ ում թեկնածությունն են պաշտպանելու ՀՀ մարզպետները՝ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից:
-Պարո՛ն Սիմոնյան, աշնանը Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում եւ Շիրակում, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ի՞նչ պատկեր է այժմ Շիրակի մարզում:
-Ամենախոշորը Գյումրի քաղաքում է տեղի ունենալու, մյուս ընտրություններից Գյումրին եւ Վանաձորը տարբերվում են, քանի որ համամասնական ընտրակարգով են իրականացվելու այս երկու քաղաքներում ընտրությունները, ունենք նաեւ ընտրություններ Արթիկ, Ախուրյան քաղաքներում: Գյուղական 53 համայնքներում գնալու է համայքի ղեկավարի եւ ավագանու ընտրություն, իսկ Գյումրի քաղաքում լինելու է ավագանու ընտրություն: Որոշումներն արդեն կայացրել ենք, տեղի են ունենալու այդ ընտրությունները հոկտեմբերի 2-ին:
-Իսկ Դուք արդեն հստակեցրե՞լ եք, թե ում եք սատարելու:
-Իհարկե, դեռեւս ոչ: Կուսակցությունն ինքը կորոշի, կհրապարակի: Գյումրու ավագանու ընտրություններում մենք մասնակցելու ենք մեր ցուցակով: Ցուցակը գլխավորելու է Կուրինյան Աշոտը, այդ որոշումն ունի մեր կուսակցությունը, իսկ, այ, մյուս համայնքների հետ կապված որոշումը կկայացնեն, կհրապարակենք:
-Կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ իշխող ՀՀԿ-ն ցանկանում է ընտրությունների ժամանակ նոր դեմքեր առաջ բերել:
-Չեմ կարող ասել, ընդհանրապես կուսակցությունը ինքն է որոշում, թե ում առաջադրել: Չեմ կարծում, եթե այսօր հին դեմքը արժանի է առաջադրվելու, անպայման պետք է գնանք, առաջադրենք նորին, որն, ասենք, կարող է՝ այդ հնարավորությունները չունի: Երեւի ավելի շատ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է ուսումնասիրում… անկախ ամեն ինչից՝ նոր է, հին է, պետք է ընտրի այն ընկերոջը, կուսակցական անձին կամ այն թեկնածուին, որը գտնում է՝ անցնող կլինի: Չեմ կարծում, որ սրան ինչ-որ հատուկ մոտեցում կա: Առաջին հերթին փորձում են ներկայացնել այն մարդկանց, ովքեր որ հնարավորություն ունեն ընտրվելու: Դրանք կարող են լինել ե՛ւ հինը, ե՛ւ նորը:
Արփինե Թովմասյան