ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ Է ՕԳՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնակչության 6 տոկոսը` 189 հազար հոգի, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ են, որոնցից 8 հազարը` երեխաներ: Սակայն չնայած մեր երկրի ստանձնած տարբեր միջազգային պարտավորություններին՝ մինչ օրս Հայաստանում բնակվող հաշմանդամ քաղաքացիների համար ապահովված չեն անգամ տեղաշարժվելու անհրաժեշտ պայմանները: Հաշմանդամություն ունեցող անձինք զրկված են հանրությանը լիարժեք ինտեգրվելու հնարավորությունից. չունեն աշխատատեղեր, նրանց համար նախատեսված չեն հատուկ հարմարեցված տրանսպորտային միջոցներ, հանրային զուգարաններ եւ այլն:
28-ամյա Սեւակ Մխիթարյանը 11 տարի առաջ գազի բալոնի պայթյունի հետեւանքով հայտնվել է անվասայլակին: Զրկվելով 2 ոտքից՝ նա ցանկացել է զրկվել նաեւ կյանքից` տեւական ժամանակ գտնվելով հոգեբանական ճգնաժամի մեջ: Սակայն մեծ կամքի ուժի շնորհիվ երիտասարդը կարողացել է հաղթահարել ճգնաժամը եւ մտածել իր ապագայի մասին. «Երկար ժամանակ ու մեծ ջանքեր պահանջվեցին ինձանից` հասկանալու համար, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, եւ որ կյանքը շարունակվում է: Որոշեցի ամեն ինչ սկսել նորից, եւ դա ինձ մոտ ստացվեց: Շուտով ծանոթացա իմ վիճակում հայտնված տղաների հետ, որոնք հաշմանդամություն էին ստացել արցախյան պատերազմի ժամանակ: Նրանք ինձ հավատ ու հույս ներշնչեցին: Ընդգրկվեցի հաշմանդամների բասկետբոլի թիմի մեջ, շատ սիրեցի այս սպորտաձեւը: Այնուհետեւ հանդիպեցի իմ կյանքի երկրորդ կեսին, ու ամուսնացանք: 2011-ին Անգլիայի Վեյմուֆ քաղաքում Հայաստանի թիմի կազմում մասնակցեցի աշխարհի առաջնությանը: Այս տարի կյանքը եւս մեկ հաճելի անակնկալ մատուցեց ինձ. աշխատանքի անցա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում` ճգնաժամային կառավարման կենտրոնում»:
Սեւակն ունի 3 տարեկան որդի եւ հիմա սպասում է երկրորդ երեխային: Չնայած ճակատագրի դաժան հարվածին՝ երիտասարդը սիրում է կյանքը` գնահատելով իր ապրած յուրաքանչյուր վայրկյանը. «Այստեղ` նախարարությունում, փոքրիկ մի աշխարհ կա` հարմարեցված հատուկ հաշմանդամություն ունեցողներիս համար, այստեղ ոչնչի կարիք չենք զգում` ամեն ինչ հարմարեցված է մեր ազատ տեղաշարժի եւ այլ կարիքների համար»:
Ի դեպ, ՀՀ ԱԻՆ-ը միակ գերատեսչությունն է, որն ունի շուրջ երեսուն հաշմանդամ աշխատակից: Իհարկե, ԱԻ նախարարի այս նախաձեռնությունն անչափ ողջունելի է, սակայն հաշմանդամներին աշխատատեղերով ապահովելու համար անհրաժեշտ են նաեւ այլ, ավելի ընդգրկուն ծրագրեր: Մինչդեռ մեր երկրում հաշմանդամություն ունեցող հազարավոր անձինք զրկված են անգամ տրանսպորտից օգտվելու տարրական հնարավորությունից: Ու թեեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված են հաշմանդամների իրավունքները, սակայն դրանք խախտվում են ամեն օր եւ գրեթե ամենուր: Մասնավորապես Երեւանի քաղաքապետարանը վերջին տարիներին քաղաքի տարբեր փողոցներում վերգետնյա անցումներ կառուցելիս հաշվի չի առել հաշմանդամների շահերը: Եվ այսօր նրանք, փաստորեն, զրկված են քաղաքի բազմաթիվ փողոցներն օրինական հատելու հնարավորությունից: Այս եւ հանրային տրանսպորտի հետ կապված մեր հարցերին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գեւորգյանը նշեց. «Վերջերս Չինաստանից ավտոբուսներ ստացանք, իրենց պայմաններից մեկն էր, որ ավտոբուսները ձեւափոխումների չենթարկվեն այնքան ժամանակ, ինչքան որ երաշխիքի մեջ են: Սա տեխնիկական խնդիր է, բայց քաղաքապետարանը մտահոգ է այս հարցով, եւ վստահեցնում ենք, որ առաջիկայում լուծումներ կտրվեն: Քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը ոչ միայն այդ հարցով, այլեւ առհասարակ քաղաքը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու ուղղությամբ աշխատանքներով է զբաղված: Վստահ եմ՝ առաջիկայում կունենանք տեսանելի արդյունք»:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2012թ. տվյալներով՝ Հայաստանում կար 186.384 հաշմանդամ: 2011թ. Հայաստանում հաշվառված է եղել 176.506 հաշմանդամ, իսկ 2010թ.` 185.080: Այսօր Հայաստանում կա 189 հազար հաշմանդամ, որից 8 հազարը երեխաներ են: Հաշմանդամ անձինք կազմում են մեր բնակչության 6 տոկոսը: Վերջերս լրացում է կատարվել կառավարության որոշման մեջ, որի արդյունքում հաշմանդամ երեխային տեղափոխող ծնողին, խնամակալին կամ վարորդին մեքենան արգելված վայրում կայանելու համար չեն տուգանելու: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, վարչապետի որոշմամբ ստեղծվում է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Ազգային հանձնաժողով, որի անդամների հիսուն տոկոսը հաշմանդամներ կլինեն:
Մեր պետությունը կարծես թե ելքեր է որոնում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման համար, համենայնդեպս, գոնե տեսանելի մակարդակում ինչ-որ քայլեր ձեռնարկվում են: Վերջին շրջանում կառուցվող օբյեկտներում եւ հանրային վայրերում թեքահարթակներ են տեղադրվում, խոսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին հանրային տրանսպորտային միջոց տրամադրելու մասին: Սակայն դա բավարար չէ, քանի որ այդ ամենն արվում է հիմնականում միայն Երեւանի կենտրոնում՝ իսկ մարզերի եւ գյուղական համայնքների հաշմանդամություն ունեցող բնակիչների շահերը շարունակում են անտեսված մնալ:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս