ՁՈՒ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ձու արտադրող ընկերությունները գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով կրճատել են ձվի արտադրանքի ծավալները: Ավելին, ձու արտադրող ընկերությունները սկսել են այն ներկրել: ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընկերությունները ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով չեն կարողացել «հին թռչունները» փոխարինել նորերով: Ձու արտադրողները ստիպված դիմել են հայաստանյան բանկերին՝ վերաֆինանսավորվելու նպատակով, որոնք, սակայն, օգոստոսին վարկեր տալու փոխարեն գումարը հատկացրել են հոկտեմբերի 1-ից: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2010-ին ՀՀ-ում ձվի գերարտադրություն է եղել, որի ժամանակ ձուն 20 դրամ է եղել: Սա վերջին դեպքն էր: Փաստորեն, Հայաստանում տոհմային տնտեսությունը զարգանալու փոխարեն ընդամենը գոյատեւում է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` տնտեսվարողները ձվարտադրության բիզնեսում առկա լրջագույն խնդիրների մասին ահազանգը հնչեցրել են նաեւ պետական ատյաններում: Սակայն առայժմ կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, ինչի պատճառով էլ տուժում է բնակչությունը, քանի որ հանրապետությունում դեռ շարունակվում է ձվի դեֆիցիտը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ) «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մեր հանրապետություն սննդային ձու ներկրելու թույլտվության համար դիմել եւ այն ստացել է 9 ընկերություն: Այս տարվա տասն ամիսներին` մինչեւ հոկտեմբերի 15-ը, ՀՀ ներկրվել է 4.870.033 հատ սննդային ձու, որից մայիսին` 329.400 հատ, հուլիսին` 147.667, օգոստոսին` 302.400, սեպտեմբերին` 2.623.599, հոկտեմբերին` 1.466.967 հատ:
Մինչդեռ համաձայն ՍԱՊԾ տվյալների` 2009թ. եւ 2012թ. Հայաստան ընդհանրապես ձու չի ներկրվել, 2010-ին ներկրվել է 4.098.420 հատ, իսկ 2011-ին` 30.980.000 հատ: Սննդային ձու ներկրվել է Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից եւ Վրաստանից: Բոլոր խմբաքանակները ներկրման փուլում սահմանված կարգով ստուգվել են:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով՝ մենք այնքան ապաշնորհ ենք, որ չենք կարողանում մեր երկրում թռչնաբուծությունը նորմալ զարգացնել. «Թռչնաբուծությունից հեշտ բան այս աշխարհում գոյություն չունի: Մենք ժամանակին ձու ենք արտահանել: Եթե մենք սա էլ չենք կարողանում անել, ապա ո՞ւմ է պետք էկոնոմիկայի նախարարությունը կամ մյուս պետական կառույցները»:
Ա. Պողոսյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի օբյեկտիվ պատճառներից մեկը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն է. «Սակայն խնդիրը ոչ միայն գնի թանկացումն է, այլեւ դեֆիցիտը, այնինչ պետք է առատ լիներ: Անկազմակերպված տնտեսվարման արդյունք է»:
Իսկ ահա «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը զարմացած նշեց. «Ինչպե՞ս է ստացվում, որ մենք ընդամենը մեկ-երկու տարի առաջ այնքան ինքնաբավ էինք, որ ուզում էինք ձու արտահանել, բայց այսօրվա դրությամբ դարձանք ներկրող: Արի ու տե՛ս, որ մեր գյուղատնտեսությունը ժամացույցի սլաքի ուղղությամբ առաջ գնալու փոխարեն հետ է գնում: Սա նշանակում է, որ տնտեսական մարդը, կերպարն այս երկրում պարենային ապահովության հարց չի ուզում լուծել: Այսինքն՝ մենք ունենք տնտեսություն, որը զարգացել է, չի բացառվում, որ ինչ-որ արտոնություններ է ունեցել զարգանալու համար, բայց այսօր իրեն ավելի ձեռնտու է արտադրողից դառնալ ներմուծող: Ամբողջ աշխարհում սա ծիծաղելի երեւույթ է»:
Բ. Պիպոյանը համոզված է, որ այստեղ ինչ-որ «ցիկլ է սխալ աշխատում»` սկսած վերահսկողությունից մինչեւ աջակցություն, որովհետեւ պետությունը պետք է վերահսկողական լծակներ կիրառի եւ աջակցություն ցույց տա, որպեսզի սեփական տնտեսությունը զարգացնի: «Պարենային ապահովությունն ամբողջ աշխարհում առաջնային է: Չէր կարող գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետեւանքով այս պատկերը ստեղծվել, քանի որ նույն Ուկրաինայում գազն ավելի թանկ է, քան մեզ մոտ»,-եզրափակեց Պիպոյանը` խոստանալով, որ մոտ օրերս՝ ձվի շուկայի խորը ուսումնասիրություններից հետո, համապատասխան հայտարարությամբ հանդես կգա:
Մինչ Պիպոյանն ու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կուսումնասիրեն ձվի շուկան, տեղեկացնենք, որ ձու ներկրելու թույլտվություն ստացող ընկերությունների ցանկում են նաեւ նախկինում միայն արտադրող Լուսակերտի թռչնաֆաբրիկան, Երեւանի թռչնաֆաբրիկան, «Արաքս» թռչնաֆաբրիկան, «Արզնի» թֆ-ն եւ այլն:
«Ածան հավերը մեծանում են, եւ դրանց պետք է փոխել: Ֆինանսական ռեսուրսներ չունենալու պատճառով խոշոր տնտեսվարողները չեն կարողացել ժամանակին մեկ օրական հավ ձեռք բերել: Ստիպված ձու արտադրող ընկերությունները դիմել են հայաստանյան բանկերին: Բոլոր խոշոր կազմակերպությունները, մասնագիտացված ընկերությունները վարկերի տակ են: Այդ թվում նաեւ «Արաքս»-ը, ԵԹՖ-ն, ԼԹՖ-ն եւ մյուսները»,-իրավիճակը ներկայացրեց ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Նրա կարծիքով՝ սրա պատճառներից մեկը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է, որի արդյունքում արտադրանքի ինքնարժեքը թանկացել է. «Ծախսերը շատ են, ռեսուրս չկա, դրա համար էլ ստիպված ընկերությունները դիմում են բանկերին, որ վարկ վերցնեն: Նրանք պետք է օգոստոսին ստանային վարկեր, սակայն բանկերը ձգձգեցին եւ միայն հոկտեմբերի 1-ից սկսեցին տալ»: Թռչնաբույծների միության նախագահը տեղեկացրեց նաեւ, որ ինն ընկերություններից մի քանիսը` «Արաքս»-ը, «Լուսակերտ»-ը, «Արզնի»-ն եւ մյուսները, որոնք որ պետք է ապահովեին ձվի պահանջարկը, պարտավորություն են վերցրել, որ ձու ներկրեն: Ստեփանյանը վստահեցրեց, որ նոյեմբերի 5-ից արդեն տեղական արտադրության վաճառքի ձու կունենանք: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում շուկա են մտնելու փոքր չափի հավկիթներ, որոնք ունենալու են ցածր գին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս