Երեկ՝ ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան` ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է նաեւ օրերս ռուսական Առաջին ալիքի հեռարձակած աղմկահարույց հեռուստառեպորտաժին` ասելով. «Այո՛, ORT-ի հաղորդումը խայտառակ էր, Ռուսաստանի իշխանություններն անընդունելի են համարում այդ հաղորդման հեռարձակումը»: Փաշինյանի հարցին, թե որտեղ կարելի է ծանոթանալ ռուսական իշխանությունների այդ արձագանքին, փոխարտգործնախարարը պատասխանել է. «ԱԳՆ խողովակով է դա ճշտվել, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումը, որ իրենց համար դա անընդունելի է»: Անկեղծ ասած` դժվար է ասել, թե ինչն է ավելի խայտառակ. այդ ռեպորտաժը, թե դրան հետեւած Հայաստանի իշխանությունների արձագանքը, կամ` ավելի ճիշտ` դրա բացակայությունը: Բնականաբար` փոխարտգործնախարարի երեկվա ներկայացրածը դժվար է այդպիսին համարել: Լավ, հասկացանք, որ Ռուսաստանը ինչ-ինչ անհաղթահարելի ճնշումներ է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա` կապված Ղարաբաղի խնդրի հետ, ինչի արդյունքում էլ, իբր, Սերժ Սարգսյանը տեղի է տալիս եւ հայտարարում Մաքսային միությանն անդամակցելու մասին: Բայց մի՞թե դա նշանակում է, որ պիտի այս աստիճան թույլ տանք նվաստացնել մեզ: Ի՞նչ է նշանակում` երբ Հայաստանի առայժմ անկախ Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարը փոխանակ ԱԺ-ում ներկայացնի ՀՀ ԱԳՆ-ի` ռուսական կողմին ուղղված պաշտոնական նամակը` պարզաբանման պահանջով, հանդես է գալիս Հրայր Թովմասյանի ասած` «բեսեդկայի խոսակցության» մակարդակի հայտարարությամբ: Թեեւ` մյուս կողմից, Շավարշ Քոչարյանը, կարելի է ասել` անգամ բավականին համարձակ քայլի է դիմել: Չէ՞ որ չի կարելի բացառել, որ վաղը կամ մյուս օրը, այդ նույն ռուսական խողովակից կարող են հայտարարել, թե Շավարշ Քոչարյանի ասածն իրականությանը չի համապատասխանում:
Երբ մի քանի ամիս առաջ Մոսկվայում տեղի ունեցած վթարի արդյունքում Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան ներկայացրեցին եւ դա դարձյալ պետական հեռուստաընկերությամբ ցուցադրեցին ողջ Ռուսաստանով մեկ` նվաստացուցիչ մեկնաբանությունների ներքո, Հայաստանի ԱԳՆ-ն էլի հավաստիացրեց, թե դիվանագիտական խողովակներով աշխատում են, եւ դարձյալ պաշտոնական մակարդակով դժգոհության որեւէ դրսեւորում չեղավ: Մինչդեռ օրինակ Ադրբեջանը մարդասպան Զեյնալովի հանդեպ դրսեւորած ոչ այդքան իրավաչափ գործողությունների համար ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտան նոտայի վրա է ուղարկում: Ընդհանրապես Հայաստանում վաղուց արդեն ավանդույթ է դարձել լռել, եթե մեզ նվաստացնողը «մեծ եղբայր» Ռուսաստանն է` սկսած Հայաստանը ֆորպոստ անվանելու գռիզլովյան հայտարարությունից, ավարտած հակահայկական քարոզչության վերջին դրսեւորումներով: Միայն թե` անհասկանալի է, թե ինչ կարիք կա մի ամբողջ արտգործնախարարություն պահել` լռելու համար:
ԽՈՂՈՎԱԿԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ