Հատկապես Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո կարելի է անվարան ասել, որ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի հոսքն էլ ավելի կմեծանա: Ռուսաստանի Դաշնությունը նաեւ տարբեր միգրացիոն ծրագրերով գայթակղում է մեր հայրենակիցներին, այն դեպքում, երբ հայրենի կառավարությունը վանում է նրանց` զրկելով անգամ գործազրկության նպաստից: Սակայն միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը չի կարծում, որ գործազրկության նպաստ կտրելը կարող է խթանել արտագաղթը, մինչդեռ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այլ կարծիքի է:
Ռուսաստանը երկակի միգրացիոն քաղաքականություն է վարում` մի կողմից այն ուղղված է անօրինական հիմունքներով ներգաղթյալների համար պայմանների խստացմանը, մյուս կողմից նպաստում է օրինական հիմունքներով ներգաղթյալների հոսքին` «Արտերկրում բնակվող հայրենակիցների՝ Ռուսաստանի Դաշնության կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի» շրջանակներում: Այս ծրագրից, ինչպես հայտնի է, միայն անցած տարվա ընթացքում, համաձայն Ռուսաստանի միգրացիոն ծառայության, օգտվել է շուրջ 1000 հայ ընտանիք: ՌԴ-ն, բնականաբար, իր շահերին է հետամուտ, իսկ ինչի՞ն է հետամուտ Հայաստանը. վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացավ, որ այդ ծրագիրը Հայաստանում կկասեցվի, սակայն այն մինչ օրս գործում է:
Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն օրերս հրապարակել է տվյալներ 2013թ. հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրացիների թվի վերաբերյալ: Ըստ այդմ` Ռուսաստանի այլազգիների շարքում տղամարդկանց տեսակարար կշռի տեսանկյունից Հայաստանը 7-րդն է (4,3 տոկոսը): Ռեկորդակիրն Ուզբեկստանն է՝ 27,5 տոկոսով: Երկրորդ տեղում Ուկրաինան է (12,9 տոկոս), հետո՝ Տաջիկստանը (12,8 տոկոս): 5,5 տոկոս տեսակարար կշռով չորրորդ տեղում Ադրբեջանն է, հետո՝ Մոլդովան (4,8 տոկոս), ապա՝ Ղազախստանը (4,5 տոկոս): Ըստ նույն աղբյուրի տվյալների՝ հոկտեմբերի դրությամբ ՌԴ-ում գտնվում է ՀՀ ավելի քան 492 հզ. քաղաքացի, այդ թվում՝ ժամանակավոր կացություն ունեցող 100 հզ. հայ ընտանիք մեծամասամբ երեխաների հետ:
Այդպիսով` ՀՀ իշխանություններն իրենց ապիկար գործելակերպով ուղղակիորեն ազդում են Ռուսաստանի ժողովրդագրական պատկերի փոփոխության վրա. շատ հայ ընտանիքներ ՌԴ-ում արդեն երեք սերունդներով են ապրում, էլ չասած, որ վերջին երկու տարիներին գրանցվում են դեպքեր, երբ «խոպան» են գնում ոչ թե տղամարդկանցով կամ ընտանիքներով, այլեւ ամբողջական գյուղերով: Ընդ որում` անվերադարձ:
Իհարկե, «խոպանչիների» մեծ մասը դրամական միջոցներ է ուղարկում հայրենիք, ինչի հաշվին էլ գոյատեւում են նրանց՝ այստեղ գտնվող հարազատները, իսկ երկրի տնտեսությունն էլ մի կերպ շնչում է: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության` հունվար-օգոստոս ամիսներին միայն առեւտրային բանկերի համակարգով ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 972.2 մլն դոլար, որը կազմում է երկրի ընդհանուր դրամական փոխանցումների 85.3 տոկոսը:
ՌԴ-ն, իր շահերից ելնելով, կարելի է ասել՝ տիրություն է անում հայաստանցիներին, իսկ հայրենի պետությունը ոչ միայն սեփական երկրում աշխատելու հնարավորություն չի ընձեռում, այլեւ անգամ գործազրկության նպաստից է զրկում քաղաքացիներին: Ինչպես հայտնի է, օրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած «Զբաղվածության մասին» նոր օրենքի նախագիծը, ինչի արդյունքում աշխատանք չունեցող քաղաքացիները զրկվում են գործազրկության 18.000 դրամ նպաստից:
Բնականաբար, սա չի կարող դրական անդրադառնալ ընդհանուր մթնոլորտի վրա. արդյունքում՝ սոցիալապես անապահով խավը էլ ավելի կհուսալքվի եւ հայացքը կուղղի դուրս: Սակայն իշխանության ներսում այդպես չեն մտածում: Օրինակ` ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը չի կարծում, որ նպաստազուրկ քաղաքացիները կբռնեն «խոպանի» ճամփան. «Չեմ կարծում, որ սա կարող է գործոն լինել դեպի Ռուսաստան միգրանտների թվի աճին: Այնտեղ գնում են աշխատելու, գործարարությամբ զբաղվելու համար: Դրամական նպաստից զրկվելը բնավ շարժառիթ չէ արտագաղթի համար»:
Իսկ ահա ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ արտագաղթն այնպիսի խայտառակ մակարդակի է հասել, որ այլեւս որեւէ գործոն այն խթանել կամ չխթանել չի կարող. «Որովհետեւ բոլոր տեսակի ստորությունները, որ մեր իշխանություններն արել են մեր գլխին, արդեն փակուղի են տարել երկիրը: Եթե իշխանությունը որոշի 5 ամսով աշխատավարձ չտալ, նորից զարմանալ պետք չէ. նրանցից սպասելի է: Իրենք հազիվ կարողանան պորտաբույծ գրասենյակներ ու գործակալություններ ստեղծել՝ իբր աշխատանք գտնելու հարցում օգնող, բայց իրականում դրանք մարդուն այն 100 դրամից էլ են իզուր զրկում, որով քաղաքացին հասնում է այդ ապարդյուն գրասենյակը»:
Ինչեւէ, արդեն բազմիցս լսել ենք կառավարության հայտարարությունները, թե ջանում են այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ ոչ թե պատրաստի ձուկ տան մարդուն, այլ հնարավորություններ ընձեռեն, որպեսզի նա ինքը ձուկ որսալ սովորի: Սակայն իրականությունն այն է, որ ոչ միայն ձուկ չեն տալիս, այլեւ կարթն էլ են խլում:
ԾԱՂԿԵՑՆՈՒՄ ԵՆ «ԽՈՊԱՆՉԻՈՒԹՅՈՒՆԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ