ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, որը շնորհավորել է ՀՀ վարչապետին օդային սահմաններն ազատականացնելու առթիվ: Դեսպանը նշել է, որ անցումը «բաց երկնքի քաղաքականությանը» լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսական զարգացման համար, եւ ԱՄՆ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը:
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե կանանց ֆուտբոլը Հայաստանում հեռանկար չունի, քանի որ «հայ տղամարդը երբեք թույլ չի տա՝ իր 8 կամ 10 տարեկան աղջիկը գնա ու ամեն օր ջարդվի» եւ «հայ տղամարդն ու հայ կինը իրար հետ հավասար չպիտի լինեն»: Ծանրամարտիկը գրել է. «Եթե ոչ զայրանալ, ապա առնվազն զարմանալ կարելի է, թե ինչպիսի կարծիք ունի մարզական ֆեդերացիայի նախագահը սպորտում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ով կարծում է, թե հայ աղջիկը կամ կինը իրավունք չունի ֆուտբոլով, ծանրամարտով կամ էլ բռնցքամարտով զբաղվել: Երբ ողջ աշխարհն է ոտքի կանգնում ու ողջունում մեզ, երբ Հայաստանի հիմն է հնչում, եւ բարձրացվում է մեր հայրենիքի դրոշը, երբ ողջ հայ ժողովուրդն է ուրախանում մեր ձեռք բերած նվաճումներով, ես վստահ եմ, որ դա նաեւ Հայաստանում տվյալ մարզաձեւի զարգացմանն է նպաստում, ինչը հասկանալի է բոլորին, երեւի բացի նրանից»:
ԺՈՂՈՎՐԴԻՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԹՈՂԵՑ
«Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին, «Հայելի»-ին ասել է. «Առաջին նախագահը մի քանի տարի առաջ հնարավորություն է ունեցել, որ այս իշխանությունները հրաժարական տան՝ ի դեմս ժողովրդի համախմբվածության: Բայց ինքը չգնաց դրան: 2008թ. ժողովուրդը գիտակցաբար դուրս եկավ փողոց՝ պահանջելով այս իշխանության հրաժարականը: Բայց այդ ժամանակվա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին թողեց փողոցում, դրա համար էլ մեր երկրում 15-17 տարի է՝ ժողովուրդը հուսախաբ է լինում: Ժողովուրդն իր ձայնը տվել է թե՛ Տեր-Պետրոսյանին, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց էդ ղեկավարները, առաջնորդները չկարողացան ժողովրդին տանել իրենց հետեւից եւ անել իշխանափոխություն: Դրա համար մենք ժամ-ժամ անդունդն ենք գլորվում ազգովի»:
ԻՐԵՆՑ ՎՐԱՅԻՑ ԳՑԵՑԻՆ
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը՝ «մաքրել Կոմայգին այլասերվածությունից՝ տրանսվեստիտներից», չի կարող ուղղված լինել Երեւանի քաղաքապետարանին, այլ միայն ոստիկանությանը: Այս մասին Tert.am-ին ասել է Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ տարածքից տրանսվեստիտների դուրսբերումը Երեւանի քաղաքապետարանի իրավասությունների մեջ չէ:
ԿԱԶԴՈՒՐՎՈՒՄ Է
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ տեղեկացրել է, որ Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի վիրահատության ենթարկված, հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար եւ կազդուրվելուց հետո նրան կրկին կտանեն կալանավայր: