ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳԻՐՆԵՐԻ «ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունն ինչ-որ «հրաշքով» գործազրկության մակարդակի անկում է արձանագրել: Ինչպե՞ս, այսպես:

Նախօրեին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց զբաղվածության վերաբերյալ վիճակագրական տվյալները, որոնք ամփոփում են այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները: Ըստ այդմ, ԱՎԾ-ն պնդում է, որ գործազրկության մակարդակը կազմել է 18 տոկոս: Սա այն դեպքում, երբ տարվա սկզբին գործազրկության մակարդակը կազմել է 18,5 տոկոս: Այսինքն՝ պաշտոնական վիճակագիրները փորձում են պատրանք ստեղծել, թե իբր Հայաստանում գործազրկության մակարդակի անկում է տեղի ունեցել:
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է ԱՎԾ-ն նման «առաջընթաց» արձանագրել, փորձենք ներկայացնել, թե ինչպես է գործազրկության ցուցանիշը հաշվարկվում: Այսպես՝ աշխատանքային տարիքի ողջ բնակչությունը՝ 14-ից 75 տարեկան, աշխատանքային ռեսուրսն է: Նրանցից դպրոցականները, ուսանողները, թոշակառուները, հաշմանդամները եւ ընդհանրապես անգործունակ ճանաչված անձինք դրանք տնտեսապես ոչ ակտիվ բնակիչներն են: Իսկ մնացած բնակչությունը համարվում է տնտեսապես ակտիվ, որի մեջ մտնում են աշխատանք ունեցողները եւ գործազուրկները: Անցած տարվա ամփոփ արդյունքներով աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 մլն 106 հազար մարդ, տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը 790 հազար 300 մարդ, տնտեսապես ակտիվ բնակչությունը 1 մլն 316 հազար մարդ, զբաղվածները՝ 1 մլն 72 հազար եւ գործազուրկները՝ 243 հազար 700 մարդ:
Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով աշխատանքային ռեսուրսը կտուկ ավելացել եւ դարձել է 2 մլն 286 հազար հոգի, տնտեսապես ակտիվ բնակչությունը՝ 1 մլն 326 հազար 500 մարդ, տնտեսապես ոչ ակտիվը՝ 959 հազար 500, զբաղվածները՝ 1 մլն 87 հազար 500 եւ գործազուրկները՝ 239 հազար 100 մարդ: Այսինքն՝ աշխատանքային ռեսուրսը 180 հազարով ավելացել, բայց դա տեղի է ունեցել տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թվի աճի հաշվին, իսկ տնտեսապես ակտիվների, կամ այլ կերպ ասած՝ ակտիվ աշխատանքային տարիքում գտնվողների թիվը ընդամենը 10 հազարով է ավելացել: Կարելի է կարծել, որ այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում շեշտակի ավելացել են թոշակառուները, դպրոցականները եւ ուսանողները: Ակնհայտ է, որ նման բան չէր կարող տեղի ունենալ: Իսկ ինչ վերաբերում է զբաղվածների թվի աճին, ապա դա տեղի է ունեցել գյուղական բնակչության զբաղվածների թվի աճի հաշվին: Ինչը ենթադրում, որ այս դեպքում ոչ թե իրական աշխատանք ունեցողների թիվն է աճել, այլ ԱՎԾ-ն պարզապես ինքնազբաղվածների թիվը մեխանիկորեն ավելացրել է, քանի որ գյուղական բնակչության գերակշռող մեծամասնութունը հենց ինքնազբաղվածներն են: Այս տարվա սկզբին գյուղական բնակչության զբաղվածների թիվը եղել է 513 հազար 400 մարդ, առաջին եռամսյակի վերջում այդ ցուցանիշը դարձել է 536 հազար 300, թե ինչի հաշվին է ԱՎԾ-ն գյուղական բնակչության շրջանում զբաղվածների թվի 23 հազարով աճ արձանագրել, թերեւս միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի: Կարելի է կարծել, որ գյուղերում ամեն օր մի հատ խոշոր գործարան է բացվել, բայց դրանց տեսնելու համար հատուկ ակնոցներ են պետք, որից ունեն միայն պաշտոնական վիճակագիրները:
Փոխարենը քաղաքային բնակչության թիվը 559 հազար 300-ից նվազել է 551 հազար 200 մարդ՝ անկումը կազմել է 8 հազար: Այսինքն՝ իրականում զբաղվածների թիվն այս տարվա ընթացքում նվազել է, սակայն պաշտոնական վիճակագիրներն իրենց հատուկ «տաղանդով» կարողացել են թվերն այնպես նկարել, որ գործազրկության մակարդակի անկում արձանագրեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայաստանում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում շինարարությունը 2 տոկոսով նվազել է:

Շինարարության մի զգալի մասն իրականացվում է պետական բյուջեի եւ համայնքային միջոցների հաշվին: Այստեղ ունենք էական նվազում: Այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 28.8 տոկոսով նվազել են: Ընդհանուր անկման տվյալների վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը: Իսկ, ահա, համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները 4 տոկոսով աճել են: Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես աճել են՝ 43.8 տոկոսով:
Իսկ, ահա, «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցներով իրականացված շինարարության ծավալները ավելացել են 46.5 տոկոսով, հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները՝ 85.8 տոկոսով: Փոխարենը մարդասիրական միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 21.1 տոկոսով: Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես նվազել են՝ 10.9 տոկոսով:
Ինչպես հայտնի է՝ շինարարության ծավալների առյուծի բաժինը ընկնում է կազմակերպություններին՝ կառուցապատող ընկերություններին: Նրանց հաշվին իրականացված շինարարությունը նվազել է 3 տոկոսով: Սակայն ոլորտի պատասխանատուները շտապում են հանգստացնել եւ հորդորում են չհուսահատվել, քանի որ, շինարարական աշխատանքներն ավարտվում են տարեվերջին, այսինքն` միայն տարեվերջին հստակ հնարավոր կլինի ասել` շինարարության ոլորտում անկում կա՞, թե՞ ոչ:
Շինարարության ծավալների նվազման հետ մեկտեղ նվազել են նաեւ շինարարության հարակից ոլորտի շինանյութերի արտադրության ծավալները, որոնցով հիմնականում պայմանավորվում են շինարարության ծավալները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 6 ամիսներին Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 33.6 տոկոսով նվազել են: Շինարարության ոլորտում անհրաժեշտ ապրանքատեսակի՝ գաջի արտադրության ծավալները նվազել են 64.4 տոկոսով, կրինը՝ 12.6 տոկոսով: Նվազել են նաեւ տուֆի արտադրության ծավալները՝ 57.4, բազալտինը՝ 4.9 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ԶԱՐԳԱՑՈՒՄ ԿՆԵՍԵՏՈՒՄ
Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի կրթության եւ սպորտի հանձնաժողովը քննարկումից հետո երեկ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանը.«Հանձնաժողովում այսօր կայացած քննարկումից հետո Կնեսետի կրթության եւ սպորտի հանձնաժողովի ատենապետ Յակոբ Մարգինը հայտարարել է, որ հանձնաժողովը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հանձնաժողովը նաեւ կոչ արեց Իսրայելի կառավարությանն ու Կնեսետին եւ Կնեսետի խոսնակ պարոն Յուլի Եդելշտեյնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Բաղդասարյանը: Նրա գրառման համաձայն` հանձնաժողովի ատենապետը նաեւ հանձն է առել կազմակերպել ստորագրահավաք եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերել Կնեսետի լիագումար նիստ:

 

 

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
ԱԺ պատգամավորները նախաձեռնել են ստորագրահավաք, որի նպատակն է` անձնական երաշխավորությամբ, օրենքով սահմանված կարգով դիմել ՀՀ քննչական կոմիտե` փոխելու Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցը: Նշենք, որ նախաձեռնությանն արդեն միացել են Նաիրա Զոհրաբյանը, Լյովա Խաչատրյանը, Ռուբեն Հակոբյանը, Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մանուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահագն Մախսուդյանը, Լեւոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, Զարուհի Փոստանջյանը:

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է
Հուլիսի 17-ից շրջափակման մեջ հայտնված սարիթաղցիները երեկ վերջապես արժանացել են քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությանը: Նա այցելել է Սարի թաղ, հանդիպել բնակիչների հետ եւ տեղում ծանոթացել վերջին օրերի իրադարձությունների հետեւանքով սարիթաղցիների կրած վնասներին: Մարգարյանն ասել է, որ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին եւ քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություններին ու պատասխանատու կառույցներին հանձնարարված է ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կգույքագրի առկա վնասները, ինչից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց վերականգնման ուղղությամբ: Հետաքրքիր է, եթե Աստված մի արասցե, այս իրավիճակը տեւեր ավելի երկար, եւ խմբի անդամները զենքերը վայր դրած չլինեին, արդյո՞ք Մարգարյանը կհամարձակվեր «ոտք դնել» Սարի թաղ: Հարցը, իհարկե, հռետորական էր:

 

 

ԱՅՍՕՐ ԿՈՐՈՇՎԻ
Երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը armlur.am-ին հայտնել է, որ իր պաշտպանյալի ձերբակալման 72 ժամը լրանում է այսօր երեկոյան: Նշենք, որ Եղիշե Պետրոսյանը ձերբակալման պահին վատ վիճակում է եղել, եւ այժմ էլ նրա առողջական խնդիրները պահպանվում են: Վարոսյանն ասել է, որ Պետրոսյանն ունի սրտի, ճնշման խնդիր եւ ինսուլտային իրավիճակ է: Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը կասկածվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ:




Լրահոս