«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԱՔՍԻՆ»
Դավիթ Սարգսյանի ղեկավարած ՀՀ ֆինանսների նախարարությունը նույնիսկ տաքսի ծառայություններից օգտվելն է կազմակերպում ՀՀ պետական բյուջեի հաշվին: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախարարությունը 450 հազար դրամ կամ ավելի քան 1000 ԱՄՆ դոլար է տրամադրել «Իշխանյանների մոտ» ՍՊԸ-ին, որպեսզի վերջինս իրենց տաքսի ծառայություն մատուցի: Տաքսին նախարարության աշխատակիցների համար եւս պետք է արժենա 1 կմ-ն 100 դրամ: Այդ 450 հազար դրամը տրամադրվել է նախարարության աշխատակիցներին մինչեւ տարեվերջ սպասարկելու համար: Ուշագրավը, սակայն, պայմանագրի հետեւյալ հատվածն է. «Սպասարկող մեքենաները պետք է լինեն սարքին եւ մաքուր վիճակում, վարորդները պետք է լինեն կոկիկ արտաքինով»:
ԽԵՂՃԻՆ, ՏԿԱՐԻՆ
Արարատի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական բուկլետը դարձել է տեղի բնակիչներից շատերի զվարճանքի առարկան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական թեկնածուն բավական յուրօրինակ կերպով է որոշել ներկայանալ իր համաքաղաքացիներին: «Իմ սոցիալական ծագումը եւ դաստիարակությունը թույլ չի տվել ինձ ազնիվ աշխատանքով ձեռք բերված հեղինակությունից ու հաջողություններից հղփանալ ու բարոյազրկվել, անտեսել խեղճին ու որբին, արհամարհել տկարին»,-գրել է նա բուկլետում: Փաստորեն, եթե ՀՀԿ-ականը դեռ չի հասցրել հղփանալ կամ բարոյազրկվել, արդեն մեծագույն առավելություն է, որը պետք է ծածանել ու հանուն դրա քվե խնդրել: Դեռ լավ է, որ Հայկյանը չի պարծեցել, որ այս տարիներին մարդասպանություն կամ գողություն չի արել: Ի վերջո, դա եւս մեծ առավելություն է:
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ
Մի քանի տասնյակ ընկերություններ բաց նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին` հայտնելով իրենց անհամաձայնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների շուրջ: Ի թիվս այլոց՝ նրանք մասնավորապես նշել են տարիքային շեմը 1974թ.-ից 1996թ.-ով փոխարինելու անհրաժեշտությունը:
«ԱՏԿԱՏԻ» ԹԵՄԱ
Այս տարի Երեւանի ճանապարհների ընթացիկ վերանորոգման եւ ասֆալտի ճաքերը լցնելու համար նախատեսվում է 3 մլրդ 284 մլն դրամ՝ նույնքան, որքան 2013-ին: Փողոցային լուսավորման համակարգի շահագործման համար կտրամադրվի 1 մլրդ 972 մլն դրամ՝ այս տարվա 1 մլրդ 696 մլն-ի դիմաց: Այդ մասին երեկ՝ 2014-ի բյուջեի քննարկումների ընթացքում, հայտարարել է ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը:
ՄԵԿ ԱՄԻՍ ԿՄՆԱ
Հեղափոխություն հայտարարած նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին երեկ Ազատության հրապարակում ընկերակցում էին մի քանի երիտասարդներ միայն, որոնցից մեկը` կիթառով: Հարությունյանն ասել է, թե պատրաստվում է իր հեղափոխության իրականացման համար մեկ ամիս մնալ հրապարակում: