Ալիեվը բացահայտում է 2010թ. Սոչիի հանդիպման մանրամասները. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան դիվանագիտական արխիվի հերթական նմուշը հանդիսացող այս փաստաթուղթը հեղինակել է Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Դոնալդ Լուն: Վերջինս զեկուցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլլ Բարնսի միջեւ 2010թ. փետրվարին կայացած հանդիպման մանրամասները: Դիվանագիտական այս զրույցում շոշափվել են բավականին հետաքրքիր հարցեր, որոնք անմիջական առնչություն ունեին Հայաստանի հետ: 

Հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կենտրոնական է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Նա հորդորում էր ամերիկացիներին Հայաստանի վրա ճնշումներ բանեցնել` զրկելով հայկական կողմին համաձայնությունն անընդհատ ձգձգելու հնարավորությունից: Ալիեւը շեշտում էր, որ միջազգային հանրությունը կարգավորմանը պետք է միջամտի բարձրագույն մակարդակով` Հայաստանին հասկացնելով, որ Արցախի անկախության հարցը չի կարող քննարկվել: Ալիեւի պատկերացմամբ` եթե Հայաստանը չհնազանդվի այդ տարբերակին, ապա պետք է տնտեսական մեկուսացման դատապարտել Հայաստանին` մասնավորապես վերջինիս զրկելով Ռուսաստանի տնտեսական աջակցությունից:
Սոչիի հանդիպմանն անդրադառնալով՝ Ալիեւը տեղեկացրել է, որ Սերժ Սրագսյանը սեղանին փորձել է իր պայմանը դնել` կոնկրետացնելով ԼՂ-ում երկրամասի կարգավիճակը սահմանող հանրաքվեի կամ պլեբիսցիտի անցկացման ժամկետները: Ալիեւը նկատել է, որ այդ առաջարկը լիովին խաթարել է բանակցությունների ընթացքը, քանզի հանրաքվեի հանգող համաձայնագրով հանդերձ, դրա համար հստակ ժամկետներ սահմանելու կարիք չկա:

Սոչիի հանդիպման ժամանակ հիմնական միջնորդությունն անող ՌԴ նախագահի դերակատարության կապակցությամբ էլ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իր տպավորությամբ Մեդվեդեւը անկեղծորեն է տրամադրված եղել: Ալիեւի պատմելով` Մեդվեդեւը փորձել է նույնիսկ համոզել Սերժ Սարգսյանին շոշափելի քայլ կատարել Սոչիում, սակայն «ինչ-որ տարօրինակությամբ» ռուսական ճնշումները Հայաստանի վրա գործնական առաջընթաց չեն ապահովել: Հայաստանի կողմից այդ ճնշումներին դիմագրավելը Իլհամ Ալիեւը կապել է ռուսական քաղաքական վերնախավում այդ շրջանում առաջացած հակադրությունների հանգամանքով: Իր տպավորությունները փոխանցելով` Ալիեւը հայտնել է, որ ՌԴ այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը սեփական ծրագրերն ու կարծիքն ուներ ԼՂ հարցի կարգավորման առնչությամբ, ինչով եւ բացատրելի է, որ բանակցությունները տապալվել են:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում էլ Ալիեւը եղել է բավականին հոռետես` իր հստակ բացասական վերաբերմունքը ցույց տալով ԼՂ հակամարտությունից առանձին ընթացող այդ գործընթացի նկատմամբ:

Ամերիկյան դիվանագետների պնդումները, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է դրականորեն ազդել Սերժ Սարգսյանի վրա` ավելի ճկուն գործել Արցախի հարցում, Ալիեւը այնքան էլ չի կիսել: Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է, որ գործընթացները պետք է գնան զուգահեռ, եւ երկուսից մեկի տապալումն էլ անխուսափելիորեն ազդելու է մյուսի ընթացքի վրա: Իրավամբ, նշյալ հանդիպումից մեկ տարի անց Կազանում Արցախի հարցով կայացած բանակցությունների ձախողումից հետո արդեն վերջնականապես ի չիք դարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը:

Ի դեպ, Ալիեւի հնչեցրած մանրամասները թույլ են տալիս եզրակացնել, որ Պուտինը 2010-11թթ. անձնապես շահագրգռված չի եղել ԼՂ հակամարտության կարգավորմամբ: Պուտինը հաշվարկներով առաջնորդվող գործիչ է եւ լավ է պատկերացրել, որ ԼՂ խնդրում գործնական տեղաշարժերը պետք է խրախուսել այն ժամանակ, երբ դրանք ձեռնտու կլինեն առաջին հերթին Ռուսաստանին: Ի դեպ, Ալիեւն էլ հավանաբար Մեդվեդեւի տապալումից հետո է գլխի ընկել, որ ԼՂ հարցով պետք է բանակցել միայն Պուտինի հետ: Հետաքրքիր է՝ այս ամենից հետո ի՞նչ եզրահանգման է եկել Սերժ Սարգսյանը, որն ակներեւաբար ժամանակին ապավինել էր Պուտինին: Մի՞թե այսօր Պուտինը շարունակում է իր սեփական շահերը զուգակցել Հայաստանի շահերին, թե՞, այդուհանդերձ, մի խոշոր անակնկալ է պատրաստում:

Այս հանդիպման ժամանակ Ալիեւը խոսել է նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերությունների մասին: Ալիեւը վստահեցրել է, որ ինքը միանշանակորեն կողմ է Իրանի տնտեսական մեկուսացմանը եւ կոչ է արել ամերիկացիներին ավելի խիստ միջոցառումների դիմել: Ալիեւը հիշատակել է Մեդվեդեւի արած մեկնաբանությունը, ըստ որի` Ռուսաստանին ձեռնտու չէ ամերիկացիների կողմից ճնշված Իրան, բայց միեւնույն պահին ՌԴ-ն չէր ցանկանում տեսնել միջուկային հզորության տիրապետող եւս մեկ տերության: Ալիեւը շեշտել է, որ Իրանը ֆինանսավորում է իսլամական տարբեր ծայրահեղական խմբերին, ինչպես նաեւ Հզբոլլահին: Իրանի հետ հարաբերությունները Ադրբեջանը համարում էր խիստ լարված` ամեն պահի պայթելու պատրաստ:

Սակայն այսօր մենք ականատեսն ենք տարածաշրջանում նոր իրողությունների, երբ Ադրբեջանը մեծ ջերմեռանդությամբ նպաստում է Իրանի ու Ռուսաստանի մերձեցմանը` ձգտելով իր ջեք-փոթը վերցնել այդ խաղում: Ժամանակավորապես մի կողմ դնելով Իրանի հետ տարաձայնությունները` Ալիեւը հեշտությամբ ընկալել է, որ նույն հաջողությամբ Իրան-Ռուսաստան առանցքում կարող էր հայտնվել Հայաստանը, եթե վերջինիս իշխանությունները որոշակի խիզախություն ունենային: Ցավոք սրտի, այսօր տարածաշրջանում համագործակցում են մեր բնական դաշնակիցն ու բնական մրցակիցը, իսկ մեզ մնում է միայն կողքից դիտել ու հուսալ, որ Ռուսաստանի նախաձեռնած խաղը եթե չտապալվի, ապա գոնե Հայաստանի վրա բացասաբար չի անդրադառնա: Այնինչ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին օր առաջ շտապել ներքաշվել Իրանի հետ քաղաքական եւ տնտեսական գործակցության հորձանուտը` այսպիսի տխուր իրականության առաջ չկանգնելու հաշվարկով:

Ն.Հովսեփյան




Լրահոս