Լոռու մարզի Հալավար համայնքն ապրելու նվազագույն պայմաններ չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Հալավար գյուղում ապրելու նվազագույն պայմաններն անգամ առկա չեն: Գյուղում չկա դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, բուժկետ: Համայնքը նաեւ գազաֆիկացված չէ: 

Ապրելու համար անհրաժեշտ մինիմալ պայմանների բացակայության պատճառով գյուղում այսօր մնացել է 20 ընտանիք՝ 40 բնակիչներով, ովքեր մեծ հաշվով միայն ծերեր են: Երիտասարդների գյուղում չես հանդիպի: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Անմխիթար, քարուքանդ եղած ճանապարհների պատճառով գյուղում աճեցված բերքի մթերումը եւս դժվար է դառնում: Իսկ Կաթի մթերում համայնքում չի իրականացվում բնակիչների ցանկությամբ:
Հալավարի գյուղապետ Սարգիս Հակոբջանյանի խոսքով՝ համայնքի 7 մլն դրամ բյուջեով որեւէ լուրջ խնդիր հնարավոր չէ լուծել: Գումարները բավականացնում են միայն պահպանման ու ընթացիկ աշխատանքներին: Վերջին 5 տարում բազմաթիվ խնդիրներ ունեցող այս գյուղում որեւէ պետական ծրագիր չի իրականացվել: Բնակիչները կատակում են՝ կառավարությունն ու իշխանությունը երեւի մոռացել են արդեն, որ Լոռիում նման մի գյուղ կա, կամ էլ չեն ուզում հիշել, մի անգամ այցելել ու փոձել մի խնդիր լուծել:
Ճանապարհների խնդիրը համայնքի ղեկավարը փորձում է համանքի բյուջեով քիչ թե շատ կարգի բերել, սակայն նորմալ վերանորոգում անելու համար նույնիսկ համայնքի մի քանի տարվա բյուջեն չի բավականացնի: Համայնքի ղեկավարը եւս փաստում է՝ գյուղից բնակչության հեռանալու հիմնական պատճառը ապրելու համար տարրական կենցաղային պայմանների բացակայությունն է. «Ո՛չ ճամփա ունենք, ո՛չ ավտոբուս ունենք, ո՛չ մի բան չկա…մարդիկ ո՞նց մնան բա գյուղում»,- եզրափակեց Հալավարի համայնքապետը:

Լիլիթ Ավետիսյան




Լրահոս