ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով “Դաշնակցության” ներկայացրած՝ Հայաստանից արտագաղթի կասեցման եւ երկրում արժանապատիվ ապրելու պայմանների ստեղծման մասին ծրագրին, “Ժողովուրդ”-ին հայտնեց, որ ծրագրի վերջնական տարբերակը պատրաստ կլինի արդեն նոյեմբերի վերջին:
-Պարո՛ն Մինասյան, ի՞նչ քայլեր եք իրականացնում` կյանքի կոչելու համար ՀՅԴ-ի մշակած արտագաղթի կասեցման ծրագիրը:
-Ինչպես գիտեք, մենք հայտնել ենք, որ արտագաղթի տեմպերի նվազեցման ծրագիրն ազգային միջոցների պլատֆորմի նախատիպ է՝ առանց որեւէ քաղաքական կուսակցության մենաշնորհի: Մեր նպատակն է, որպեսզի հանրային, մասնագիտական քննարկումների միջոցով ստանանք ամբողջական պատկեր: Հասարակության սեկտորը մասնակցել է քննարկումներին, կարեւոր էին նաեւ մասնագիտական քննարկումները: Բացի այդ՝ գնահատելի է, որ ծրագրով հետաքրքրվեցին կառավարության առանձին ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, պաշտպանության նախարարը, եւ հույս ունեմ, որ սա հետագայում կդառնա իրենց համար գործողությունների հիմք: Հաջորդ փուլը հետեւյալն է. մենք մտադիր ենք քննարկումների արդյունքի եւ ներկայացված առաջարկությունների հիման վրա պատրաստել վերջին տարբերակը եւ ներկայացնել բոլոր հասցեատերերին:
-Իսկ ովքե՞ր են այդ հասցեատերերը:
-Հասցեատերերը ոչ միայն իշխանություններն են, քաղաքական դաշտը, այլեւ եկեղեցին, սփյուռքը, լրագրողական դաշտը, որովհետեւ ծրագրի իրագործման համար յուրաքանչյուրն անելիք ունի:
-Այդ ծրագիրն ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն, որը դրանից հետո այլեւս չպետք է հեռանա երկրից:
-Հույս ունենք, որ ծրագիրն ինքը՝ որպես ելքային արդյունք, կբարձրացնի հանրության վստահությունը ապագայի հանդեպ, կառավարությանը կմղի աշխատատեղերի ստեղծման կոնկրետ ծրագրեր իրականացնելու: Որպես տնտեսական սոցիալական բլոկում արտագաղթի պատճառների վերացման քայլ՝ աշխատավարձի քաղաքականությունն արդեն սկսել է գործարկվել, եւ հույս ունենք, որ այն կամբողջանա, այսինքն՝ կներառվի ավելի մեծ տիրույթ, քան այժմ ներկայացվում է: Եվ չորրորդ կարեւոր ուղղությունն այն է, որ արդարադատության համակարգում լուրջ փոփոխություններ տեղի կունենան՝ որպես վստահության երաշխիք թե՛ երկրում արդարության մթնոլորտի հաստատման, թե՛ տնտեսական ակտիվ գործունեություն ծավալելու համար: Այս չորս ուղղություններով ծրագիրն ունի առաջարկներ, որոնցից մի մասը՝ որպես գաղափար, կառավարությունը վերցրել եւ փորձում է իրացնել: Իհարկե ոչ ամբողջությամբ, բայց քայլեր կան:
-ՀՅԴ-ն մշտապես աչքի է ընկել տարբեր ծրագրերի մշակմամբ, որոնք, սակայն, գրեթե միշտ մնում են չիրագործված…
-Ի տարբերություն այլ ծրագրերի՝ այս ծրագիրն ունի նաեւ հսկողական համակարգ, այն է` եթե վերջնական տարբերակում նշվում են թիրախ ու ժամանակացույց, ապա այդ թիրախի եւ ժամանակացույցի հետեւման պատասխանատուն լինելու է հանրությունը եւ իշխանությանն անընդհատ մատնանշելու է, թե ծրագրի որ դրույթը չկատարվեց, եւ ով է մեղավորը ու ինչպիսի պատասխանատվություն է ակնկալելու իշխանությունից: Բնականաբար, իշխանությունը երկու տարբերակ ունի. կա՛մ արձագանքի հանրության անհանգստությանը եւ կիրառի կոնկրետ պատժամիջոց, կա՛մ հրաժարվի քայլ իրականացնելուց: Իսկ սա արդեն նշանակում է, որ հանրությունը կարող է համախմբվել կոնկրետ պահանջի շուրջ, որովհետեւ գիտի՝ ինչ պետք է անի:
-Անհանգստություն ասելով` ի՞նչ նկատի ունեք՝ բողոքի ակցիանե՞ր, ցույցե՞ր…
-Ցույցեր, այո՛, նման միջոցառումներ էլ են նախատեսվում ծրագրով, պահանջների իրականացման այլ գործողություններ, ստորագրահավաքներ, պաշտոնանկությունների պահանջներ եւ այլն, եւ այլն:
-Իսկ ե՞րբ է տրվելու այդ ծրագրի իրագործման “մեկնարկը”
-Երբ որ վերջնական տարբերակը մենք կներկայացնենք: Կարծում եմ՝ ամենաուշը նոյեմբերի վերջին կլինի, մենք կունենանք հստակ գործողությունների ժամանակացույց, այդ ժամանակ էլ կիրականացվի ծրագիրը:
-Ինչպե՞ս պետք է հասկացվի, որ Ձեր ծրագրի շնորհիվ արտագաղթի տեմպերը նվազել են:
-Հստակ կզգանք, որ արտագաղթի նվազեցման համար կա համախմբվածություն, որովհետեւ այսօր բոլորը կամա թե ակամա նպաստում են արտագաղթին՝ սկսած քաղաքական գործիչներից, ավարտած լրագրողներով: Հիմա գոնե այդ տեսակետից կունենանք ընդհանուր գործողություն` կասեցնելու այս տեմպը:
-Որտեղի՞ց եք հայթայթելու ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները:
-Այս պահին ծրագրի կետերի իրականացման համար պահանջվում է տարեկան 120 միլիարդ դրամ, որից 30-40 միլիարդի ֆինանսավորումը, ըստ նախնական հաշվարկների, կարող է իրականացնել սփյուռքը, շուրջ 30-40 միլիարդը պետական բյուջե չմտնող եկամուտների հնարավոր հետեւանքներն են: Այսինքն՝ եթե մենք առաջարկում ենք փոքր եւ միջին բիզնեսի արտոնություններ, ապա դա նշանակում է, որ այդ գումարի չափով չեն մտնելու պետական բյուջե, իսկ մնացածն արդեն բյուջետային ծախսերի մասն է…
-Ծրագրի իրագործման ընթացքում իշխանությունների հետ համագործակցելո՞ւ եք:
-Մենք պատրաստ ենք համագործակցել իշխանությունների հետ, եթե իշխանությունն ընդունի այդ ծրագիրը եւ կոնկրետ քայլեր գործադրի:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 659 համար