Նոյեմբերի 11-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պարտականությունները պատշաճ չկատարելու համար աշխատանքից հեռացրել էր Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանին: Նախօրեին էլ տեղեկություն տարածվեց, որ քոլեջի տնօրենը ծեծել է ուսանողներից մեկին: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ա. Գրիգորյանն ասաց, որ պարզապես շատերին ձեռնտու չէ՝ ինքն աշխատի տնօրենի պաշտոնում: Ավելին, նրան սպառնացել են պայթեցնել մեքենան:
Նշենք, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը panorama.am-ի հետ զրույցում նշել էր, թե քոլեջի տնօրենն աշխատանքից ազատվել է վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Իսկ թե ինչ պարտականությունների մասին է խոսքը, չէր հստակեցրել:
«Ժողովուրդ»-ը կատարվածի մանրամասները պարզելու նպատակով զրուցեց Արմեն Գրիգորյանի հետ: «Ո՛չ ստով, ո՛չ էլ շանտաժով ինձ չեն վախեցնի, եթե իրենց քոլեջի տնօրենի տեղն էր պետք, որ ազատեին, ապա թող ասեին այդ մասին, բայց ոչ թե… Եթե իմ պարտականությունները ոչ պատշաճ եմ կատարել, թող հիմք ունենան ու ցույց տան ինձ, եթե նման բան լինի, ես կողջունեմ: Բայց իմ գլխին սարքեցին»,-ասաց քոլեջի տնօրենը:
Մեր զրուցակիցը մի քանի անգամ շեշտեց, որ իրեն սպառնացել են ինչ-որ մարդիկ՝ առայժմ ձեռնպահ մնալով անուններ հրապարակելուց. «Ում էլ զանգեն, ասեն՝ մեքենադ կտրաքացնեմ՝ հիշեցնելով, որ երեխա ունես, մարդ չի կարող չզգուշանալ: Ուղղակի չեմ կարող ասել, թե ով է զանգահարել: Պետք չէ, մի՛ սրեք, ինձ վնաս կտաք դրանով»:
Լավ, իսկ ո՞ւմ է ծեծել տնօրենը, ի վերջո, մշակույթի նախարարի տեղակալը հո չէ՞ր կարող ստել: «Ժողովուրդ»-ի այս հարցին Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Ընդամենը մեկ հարված եմ հասցրել լկտի արարքի համար: Կինս` Մարինան, եւս մեկ ուսուցչուհի ու երրորդ կուրսից մեկ աղջիկ անցնում էին, եւ այդ տղան, որն առաջին կուրսի ուսանող է, նրանց հետեւից վազքով գնաց ու օդում՝ նրանց գլխավերեւում, շարժում կատարեց: Հետո շրջվեց ընկերներին՝ հա՛, հա՛, հա՛, ու էլի նույն բանը կրկնեց: Ես մոտեցա, բռնեցի, ասացի՝ ի՞նչ ես անում, հիմա՛ր, ու վզակոթին հարվածեցի: Այդ է եղել ողջ պատմությունը: Դրանից հետո մտա իրենց հանդերձարան, էլի նույն տղան, բերանը մինչեւ ականջները բացած, ընկերներին պատմում էր իր հերոսությունների մասին: Եվ այսպես, այդ վատ արարքն արդարացնելով, ինձ դարձրին ազգի դավաճան»:
Հիմա արդեն նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանը սպասում է, որ մշակույթի նախարարությունում ծեծի գործով սկսված ծառայողական քննությունն ավարտվի, այնուհետեւ նա կհեռանա Հայաստանից. «Ինձ պետք է, որ իմ երեխաների առաջ արդար լինեմ, մնամ այստեղ, ի՞նչ անեմ: Ես իմ երեխաների համար վախենալու բան ունեմ: Ես 4 տարի առաջ եմ տնօրեն նշանակվել, ու երբ նոր էի նշանակվել, քոլեջի արտաբյուջետային միջոցները 26 միլիոն էին, ու այն դարձրել եմ 62 միլիոն: Անցած տարի ԱՊՀ երկրների մասշտաբով ոսկե մեդալակիր միայն Հայաստանն է եղել, իսկ այդ աղջկա հետ ես եմ աշխատել: Դրանից այն կողմ էլ ի՞նչ էին ուզում: Իմ աշխատանքը բոլորը գիտեն, ու այն, ինչ ասում են, աբսուրդ է»:
Զրուցեցինք նաեւ նախկին տնօրենի կնոջ՝ Մարինա Գրիգորյանի հետ, որը նույն քոլեջի ուսուցչուհի է: Նա հայտարարեց, որ իր ամուսնու աշխատելը ձեռնտու չէր միայն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Մեր այն հարցին, թե ինչու, տիկին Մարինան մանրամասնեց. «Ամուսինս կուլ տվող մարդ չէր, չէր կարող ենթարկվել, նա իր կարծիքը բարձրաձայնում է միշտ: Նրան ասում էին՝ այսպե՛ս եղիր, նա ասում էր՝ սխալ է, ու նման շատ հարցեր կան: Մեկ, երկու, հասկացան, որ չեն հանդուրժի: Շատ-շատ այլ հարցեր կան, ամուսինս ասել է, որ քոլեջի հաշվին ոչ ոք չի հարստանալու, ու ինքն աթոռի համար չէ քոլեջում»:
Ըստ տիկին Մարինայի` Պարարվեստի պետական քոլեջն այս 4 տարիների ընթացքում բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել, ու հատուկ հրավիրատոմս են ուղարկել Հասմիկ Պողոսյանին, սակայն նախարարը երբեւէ չի գնացել. «4 տարի շարունակ ներկա չլինել, չիմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ, ու հետո էլ ասել, թե լավ չես աշխատում, աբսուրդ է»:
Իսկ թե ով է սպառնացել նախկին տնօրենին եւ ինչու, ամուսիններն այդպես էլ չգաղտնազերծեցին:
ՆԱԽԱՐԱՐԻՆ ՁԵՌՆՏՈՒ ՉԷՐ ՏՆՕՐԵՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ