Լոռու մարզի Բազում գյուղում բնակչությունը տարիներ շարունակ օգտվում է խմելու համար ոչ պիտանի ջրից: Գյուղում խմելու ջրի խնդիրը չնայած բարձրաձայնվել է բոլոր պատկան կառույցներում, սակայն խնդրի գոնե մասնակի լուծում որեւէ մեկը չի ձեռնարկում:
Բազումի գյուղապետ Սրբուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղում միայն մի ծորակ կա, որից ջուր է գալիս, այն էլ առողջապահության կողմից իրականացված նմուշառումների արդյունքներով ճանաչվել է խմելու համար ոչ պիտանի. «Միայն մի ծորակ կա գյուղում, էդ էլ վատ ջուր է գալիս, մեր գյուղի միակ խնդիրը դա է, բնակչության մի մասը ստիպված այդ ծորակից է օգտվում, մի մասն էլ ջուրը գնում է: Շաբաթական մեկ անգամ ջրով լի մեքենա է գյուղ գալիս, գումարները համայնքն է վճարում բյուջեից, սակայն բնակչությունը ինչպես կարող է ամառ օրով մի շաբաթ ջուր պահել»,-ասաց համայնքի ղեկավարը:
Բազում գյուղն ունի 1500 բնակիչ: Համայնքը մարզկենտրոն Վանաձորից գտնվում է 3 կմ հեռավորության վրա ու չնայած քաղաքին կից համայնք է, սակայն ջրի բացակայությունը շարունակում է օրակարգում մնալ՝ բնակչությանը ստիպելով արտագաղթել գյուղից, ինչը վստահեցնում է համայնքի ղեկավարը: Գյուղի՝ ջուր չունենալու պատճառը համայնքի բարձր դիրքն է:
Բնակիչներն ասացին, որ հոգնել են ամեն օր մի քանի հարյուր մետր դույլերով ջուր կրելուց: Հույսները դնում են եղանակի վրա՝ սպասելով անձրեւներին. անձրեւաջրերով էլ կարողանում են տան գործերը հոգալ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը եւս փաստեց՝ համայնքում առկա ծորակից եկող ջուրը կոշտ ջուր է՝ խմելու համար ոչ պիտանի. «Պարբերաբար մեր կողմից նմուշառումներ են իրականացվում, որի ընթացքում շեղումներ են հայտնաբերվել ջրում: Բնակչությանը զգուշացրել ենք, որ ծորակի հոսող ջուրը խորհուրդ չի տրվում օգտագործել»:
Թե երբ կլուծվի համայնքում խմելու ջրի խնդիրը, որեւէ մեկը չգիտի: Փաստն այն է, որ խմելու ջրի բացակայությունը նպաստում է ոչ միայն արտագաղթին, այլ նաեւ խանգարում է բնակչությանը զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով ու ապրել բարեկեցիկ կյանքով:
Լիլիթ Ավետիսյան