ՔԱՆԻ ԿԱՆ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները, Ադրբեջանի կառավարությունը դադարեցրել է Մեքսիկայում շուրջ 3,8 միլիարդ դոլարի ներդրումային նախագծերի քննարկումը։
Իսկ դրա պատճառն այն է, որ Մեխիկոյի իշխանությունները հանրության ճնշման ներքո հանել են Ադրբեջանի հանգուցյալ առաջնորդ Հեյդար Ալիեւի արձանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր այդ թեմային, մասնավորապես այն փաստին, որ Ադրբեջանը 5 միլիոն դոլար էր տրամադրել Մեխիկոյի այգին բարեկարգելու համար, որտեղ տեղադրված էր Ալիեւի արձանը: Սակայն քաղաքի շատ բնակիչներ ընդդիմացել էին, քանի որ, ըստ նրանց, տխրահռչակ Ալիեւ ավագը, մեղմ ասած, վատ համբավ ունի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում։ Եվ քաղաքի պաշտոնյաները ստիպված էին եղել տարեսկզբին՝ հունվարին, Ալիեւին «ուղեկցել» պահեստ։
Ըստ նույն միջազգային լրատվամիջոցների՝ Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ներդրումային նախագծերը սառեցնելու վերաբերյալ վերոնշյալ տեղեկատվությունը։ Մասնավորապես դեսպան Իլհար Մուխթարեւն ասել է, որ տարբեր բնագավառներում ներդրումային նախագծերը սառեցվել են արձանի պատճառով: Այդ ծրագրերով ներդրումներ էին նախատեսված Մեքսիկայի էներգետիկ համակարգում:
Սա, համոզված ենք, Ադրբեջանի իշխանությունների ո՛չ առաջին եւ ո՛չ էլ վերջին նման փորձն է։ Քանի դեռ նավթադոլարները չեն վերջացել, Ալիեւ կրտսերը շարունակելու է հորը սրբացնելու, այդ կերպ նաեւ իր երկրի անունը տարբեր առիթներով հնչեցնելու քաղաքականությունը։ Բայց, ինչպես տեսանք այս եւ մի քանի այլ օրինակներով, այդ քաղաքականությունը միշտ չէ, որ հաջողվում է:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս