Այս օրերին ՀՀ իշխանությունները լրջորեն պատրաստվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցին: Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստան են ժամանել նրա անվտանգության աշխատակիցները: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունները մտավախություն ունեն, որ հնարավոր է՝ ինչ-ինչ պատճառներով վերջին պահին Վլ. Պուտինը հրաժարվի այցից, քանի որ նախկինում էլ եղել է, երբ նրա անվտանգության աշխատակիցները եկել են Հայաստան, աշխատանքներ կատարել, բայց ՌԴ նախագահն այդպես էլ չի եկել: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին:
-Պարո՛ն Սահակյան, իշխանությունները պատրաստվո՞ւմ են Վլ. Պուտինի հայաստանյան այցին:
-Տրամաբանական է, որ պետությունը պետք է պատրաստվի այդ այցին, քանի որ դա պաշտոնական այցելություն է ՀՀ` ՌԴ նախագահի կողմից: Ու ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում էլ կարծում եմ՝ սա մեր երկրի պատիվն է, որպեսզի հավուր պատշաճի պատրաստվի, ընդունի եւ ճանապարհի:
-Այժմ ՌԴ նախագահի անվտանգության աշխատակիցները ՀՀ-ում աշխատանքներ են իրականացնում, սակայն անցած տարի եւս նման աշխատանքներ կատարվեցին, իսկ վերջում ՌԴ նախագահը ՀՀ չեկավ: Հնարավո՞ր է՝ այս անգամ էլ նման իրավիճակ ստեղծվի:
-Նախ ասեմ, որ կարող է հետաձգվել կամ այնպիսի պատճառ լինել, որ, ասենք, որոշակի խնդիրներ առաջանան, ասենք, անվտանգության հետ կամ ժամկետը փոխվի: Կարծում եմ՝ դա անվտանգության խնդիրն է, ու այդ ամենի պատասխանատուն այլ մարդիկ են: Այստեղ քաղաքական ինչ-որ աստառ կամ գնահատականներ տալը, մեկնաբանելը տեղին չէ: Ես հակված եմ մտածելու, որ ՌԴ նախագահը կայցելի մեր երկիր, ու կարծում եմ, որ այն կարող է որոշակի շրջադարձային այցելություն լինել քաղաքական առումով:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ այցելությունից:
-Նախ` ակնկալիքները կապված են Մաքսային միությանն անդամակցելու հարցի հետ, ինչը ենթադրում է տնտեսության զարգացման լուրջ ծրագրերի մշակում եւ իրագործում: Բացի այդ՝ գիտենք, որ հանդիպել են Ադրբեջանի եւ ՀՀ նախագահները, եւ կարծում եմ, որ ԼՂՀ հարցում կարելի է ինչ-որ ակնկալիքներ ունենալ նաեւ այս այցից:
-Իսկ այս այցը ՀՀ քաղաքացու կյանքի վրա ինչ-որ ազդեցություն ունենալո՞ւ է, ինչ-որ բան փոխվելո՞ւ է ՀՀ քաղաքացու կյանքում:
-Գիտեք ի՞նչ, եթե մեր կյանքում տնտեսական առումով որոշակի առաջընթաց ունենանք, ես կարծում եմ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ ես եւ Դուք դա կզգանք մեր մաշկի վրա:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ